Պրահա. Չնայած այն հանգամանքին, որ հուլիսի 1-ից երկրում դադարեցվելու էր դրսում դիմակ կրելու սահմանափակումը, սակայն նկատի ունենալով, որ շաբաթ եւ կիրակի օրերին հանրապետությունում կրկին գրանցվել է վարակվածության բարձր ցուցանիշ՝ համապատասխանաբար 260 եւ 305։
Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում Չեխիայի առողջապահության նախարար Ադամ Վոյտեխը հայտարարեց, որ ամենավատ վիճակում հայտնված Կարվին եւ Ֆրիդեկ Միստեկ քաղաքներում կշարունակեն կրել դիմակներ, իսկ Պրահայում, թեեւ իրավիճակը կայուն է, օրական ընդամենը 10-20 նոր հիվանդ է գրանցվում, սակայն վարակի տարածման վտանգ կա, եւ պետք է շարունակել կրել մետրոյում եւ այնպիսի հանրային վայրերում, որտեղ փակ տարածքում անցկացվող միջոցառումներին մասնակցում են 100 -ից ավելի մարդ։ Առողջապահության նախարարը խորհուրդ տվեց պահպանել բոլոր կանոնները եւ ցուցաբերել զգուշություն։
Մինչ օրս Չեխիայում թեստավորում է անցել 545 973 մարդ, որից Քովիդ 19-ով վարակված են եղել 11604-ը, ապաքինվել են՝ 7710-ը։ Մահացել է 348 մարդ։
Նախարարության համաճարակաբաններն էլ նշեցին, որ մյուս կողմից այս ցուցանիշները դրական կարելի գնահատել, քանի որ դրանք արդյունք են Կարվինում անցկացված համատարած թեստավորման, որտեղ հանքափորում տարածվել էր վարակը եւ ինքնամեկուսացման էին ենթարկել 3000 աշխատակիցները։ Երեկ հանրապետությունում կատարվել է ամենաշատ թեստավորումը, որը 16.5 տոկոսով ավելին է մինչ այդ կատարվածներից։
Իր հերթին, Չեխիայի արտգործնախարար Տոմաշ Պետրիչեկը անդրադարձել է տուրիստական ճամփորդություններին եւ նշել, որ հայրենակիցների պահանջները բավարարելու համար հուլիսի 1-ից խորվաթական Սպլիտում եւ բուլղարական Բուրգասում կբացվեն հյուպատոսական ներկայացուցչություններ, որոնք կօգնեն այնտեղ հանգստացող հազարավոր չեխերի։ Ինչ վերաբերում է Եվրամիությունից դուրս գտնվող անվտանգ երկրների ցանկին, ապա արտգործնախարարը նշեց, որ չնայած ԵՄ-ն տալու է 15 երկրներից բաղկացած ցանկ, բայց իրենք կորոշեն, թե իրենց քաղաքացիների համար, որ երկրներն են առավել անվտանգ եւ կհրապարակեն չորեքշաբթի օրը։ Հիմնականում դրանք կլինեն բալկանյան երկրները։ Չեխիայի արտգործնախարարությունը խորհուրդ է տալիս Եվրամիության տարածքից դուրս ճամփորդել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։
Արտգործնախարարությունը գործարկել է նաեւ https://drozd.mzv.cz/ կայքէջը, որտեղ Չեխիայից ճամփորդող զբոսաշրջիկները կարող են կամավոր արձանագրվել, որպեսզի տեղերում դիվանագիտական ներկայացուցչությունները կարողանան ժամանակին անհատապես տեղեկացնել կարեւոր փոփոխությունների մասին, ինչպես նաեւ անհրաժեշտության դեպքում օգնություն ցույց տան։