Ոսկրածուծի դոնորների հայկական ռեստրում այսօր առանձնահատուկ պատասխանատու և կարևոր օր է: Գերմանիայում բուժվող հայ հիվանդի համար ցողունային բջիջներ է նվիրաբերում իր հարազատ քույրը։
Ոսկրածուծի դոնորների ռեստրում այսօր իրականացվող ցողունային բջիջների անջատումը տեղի էր ունենում արտակարգ պայմաններում: Ամբողջ աշխարհում մոլեգնող համավարակը փոխել է բոլորիս կյանքը: Տարբեր երկրներում կիրառվող սահմանափակումները էլ ավելի բարդացրեցին առանց այն էլ խիստ պատասխանատու և բազմափուլ գործընթացը: Հայաստանի և Գերմանիայի մասնագետներից մեծ ջանքեր պահանջվեցին գործողությունների ամբողջ շղթան անխափան և սահուն իրականացնելու համար: Ամեն ինչ պետք է կատարվեր ժամացույցի ճշտությամբ, ոչ ոք չէր կարող հապաղել: Դոնորական ցողունային բջիջները նույն օրը պետք է տեղափոխվեն Գերմանիա փոխպատվաստման նպատակով:
Հայաստանի Հանրապետության պետական կառույցները, լինելով գերծանրաբեռնված երկրում տիրող արտակարգ իրավիճակի պատճառով, ըմբռնումով և պատրաստակամությամբ մոտեցան այս հարցին: Առանձնակի շնորհակալություն ենք ուզում հայտնել Հայաստանի Առողջապահության նախարարությանը, ՀՀ Պետ. եկամուտների կոմիտեին, ՀՀ Պարետատանը, ՀՀ Քաղավիացիայի կոմիտեին և Բելավիա ավիաընկերությանը ցողունային բջիջների տեղափոխումը անխափան և առանց արգելքների կազմակերպելու համար:
Այսօրվա իրադարձությունը վառ ապացույցն է այն բանի, թե ինչքան է համավարակը բարդացրել այն հիվանդների բուժման գործընթացը, որոնց համար պահանջվում է միջազգային համագործակցություն և բաց սահմաններ: Սա ևս միջազգային և պետական համագործակցության մարդասիրական գեղեցիկ քայլի օրինակ էր:
Մեր կազմակերպության անունից հորդորում ենք բոլորին կրել դիմակներ և օգնել հաղթահարելու համաճարակը մեր երկրում:
Մանրամասները ՝ https://www.facebook.com/abmdr.am/