Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

Շիաուլյայի օդանավակայանում տեղի է ունեցել Լիտվայի կառավարության կողմից Հայաստան ուղարկվող բուժանձնակազմի և բժշկական օգնության ճանապարհման արարողությունը, հայտնում է Լիտվայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում:

«Հունիսի 19-ին Լիտվայի Շիաուլյայ քաղաքի օդանավակայանում տեղի ունեցավ Լիտվայի կառավարության կողմից Հայաստան ուղարկվող բուժանձնակազմի և բժշկական օգնության ճանապարհման արարողությունը։

8 բուժաշխատողից ու 3 մասնագետից բացի Հայաստան է ուղարկվելու նաև կորոնավիրուսի 30 000 հատ թեստ և 60 000 օրինակ փորձանմուշի տարա, ինչպես նաև լիտվական արտադրության 20 000 հատ օդափոխիչի զտիչ (ֆիլտր)։

Կայացած մամուլի ասուլիսի ընթացքում մեկնաբանություններով հանդես եկան Լիտվայի առողջապահության նախարար Աուրելիուս Վերիգան, Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը, Լիտվայի ԱԳՆ Միջազգային համագործակցության վարչության պետ Ռասա Կաիրիենեն, Լիտվայի խոշորագույն Սանտարիշկես և Պանիվեժեսի հիվանդանոցների տնօրենները։

Լիտվայի առողջապահության նախարարը նշեց, որ Լիտվան շատ հպարտ է, որ կարողանում է օգնել Հայաստանին այս դժվարին ժամանակահատվածում։ Նախարար Վերիգան նաև ընդգծեց, որ բուժանձնակազմի հետ մեկտեղ Հայաստան են մեկնում երեք մասնագետներ, որոնք կորոնավիրուսի ճգնաժամի հենց առաջին օրերից աշխատել են համակարգող շտաբում և իրենց մեծ ավանդը բերել Լիտվայում համավարակի զսպման գործում։ Եզրափակելով խոսքը` նախարար Վերիգան հույս հայտնեց, որ իրենց հայ բարեկամներին ուղարկվող այս օժանդակությունը կօգնի հաղթահարել համավարակը։

Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանն իր խոսքում, երախտագիտություն հայտնելով Լիտվայի կառավարությանը և բոլոր ներգրավված գերատեսչություններին, նշեց, որ Լիտվան առաջինն էր, որ արձագանքեց Հայաստան բուժանձնակազմ ուղարկելու կոչին և միակ երկիրն է, որը երկրորդ անգամ պետական մակարդակով օժանդակություն ցուցաբերեց։

Դեսպանը նաև նշեց, որ Լիտվան ուղարկում է ոչ միայն մեծ արժեք ունեցող բժշկական պարագաներ, այլ նաև իր ունեցած ամենաթանկ կապիտալը` մարդկային ռեսուրսը»,- ասվում է հաղորդագրությունում։

 Հունիսի 19-ին նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարում միջազգային համագործակցության և փոխօգնության շրջանակներում Լիտվայից Հայաստան ժամանեց լիտվացի բուժաշխատողների և փորձագետների առաքելությունը, որի աշխատանքները տևելու են 14 օր: Նույն ինքնաթիռով Հայաստան են տեղափոխվել նաև բժշկական պաշտպանիչ պարագաներ և սարքավորումներ։

Բժշկական անձնակազմին ու «Team Europe» ծրագրի շրջանակներում Լիտվային կողմից տրամադրված բուժսարքավորումները և բժշկական պարագաներն օդանավակայանում դիմավորեցին ՀՀ Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը, Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, Հայաստանում Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը և Հայաստանում Շվեդիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Բիրյեր Կարլսոնը:

Այս առաքելության իրականացմանը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Շվեդիայի Թագավորությունը և Եվրամիությունը։

Ավելի վաղ Լիտվան Հայաստանին աջակցություն էր տրամադրել բժշկական պարագաների տեսքով՝ Արևելյան գործընկերության չորս երկրներին հատկացված օժանդակության շրջանակներում: