«Դժվարին ժամանակներում օգնությունը Հայաստանի ժողովրդին լավ ապագայի երաշխիքն է». Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հղած այս ուղերձի հետ միասին հունիսի 19-ին Սերբիայից Հայաստան է հասել մարդասիրական օգնությամբ՝ բժշկական սարքավորումներով ու պարագաներով բեռնված երկրորդ ինքնաթիռը: Որպես Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի և Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչի պայմանավորվածությունների գործնական շարունակություն՝ հուլիսի 18-ին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք էր կատարել սերբական օգնությամբ առաջին ինքնաթիռը՝ Հայաստան բերելով բժշկական անհրաժեշտ սարքավորումներ և մեծաքանակ պարագաներ:
Սերբական ավիաընկերության երկու ինքնաթիռներով Հայաստան են տեղափոխվել 10 արհեստական շնչառության սարքեր, հիվանդի վիճակը վերահսկող 10 մոնիտոր, 500 հազար վիրահատական և 100 հազար շնչառական դիմակներ, 25 հազար պաշտպանիչ ակնոցներ, 25 հազար բժշկական պաշտպանիչ հանդերձանք և այլ անհրաժեշտ պարագաներ:
Կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում Հայաստանին որպես աջակցություն տրամադրված այս թանկարժեք օգնության ակունքներում Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի ու Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչի ջերմ հարաբերություններն են:
Մարդասիրական օգնության այս ակցիային նախորդել էին նախագահներ Սարգսյանի և Վուչիչի հեռախոսազրույցները:
Լուսանկարում՝ Օգնությունը ընդունում են Երեւանում
Հունիսի 18-ին ուղեբեռի ճանապարհմանը մասնակցեցին Սերբիայի ԱԳ նախարարի օգնականի պաշտոնակատար, Եվրոպայի գլխավոր վարչության պետ, դեսպան Բոյանա Ադամովիչ Դրագովիչը և Սերբիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը:
Հունիսի 19-ին Սերբիայի նախագահի աշխատակազմի Գլխավոր քարտուղար Նիկոլա Սելակովիչի և ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանի մասնակցությամբ կայացավ հումանիտար օգնությամբ երկրորդ ինքնաթիռի ճանապարհման հանդիսավոր արարողությունը։ Արկղերից մեկի վրա փակցված է Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչի գրառումը, որում ասվում է․ «Օգնություն հայ ժողովրդին այս դժվար պահերին` որպես լավ ապագայի գրավական»։
Հայաստանի Հանրապետությունում Սերբիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Տատյանա Ցվետկովիչը Սերբիայի կողմից Հայաստանին մարդասիրական օգնության տրամադրումը համարել է երկու երկրների միջև գերազանց հարաբերությունների վառ ապացույց: «Մեր նախագահների, կառավարությունների, ինչպես նաև ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների ամենակարևոր դրսևորումներից մեկը բժշկական սարքավորումներով բեռնված այս ինքնաթիռի ժամանումն է այն ժամանակ, երբ Հայաստանը դրա կարիքն ամենաշատն ունի։ Սերբիայում ևս մինչև վերջերս կորոնավիրուսի համավարակի խնդիրը կիզակետում էր, և մենք ամբողջովին հասկանում ենք, թե ինչ է նշանակում պայքարել COVID-19-ի դեմ,-ասել է Տատյանա Ցվետկովիչը: -Վերջերս, երբ երկու երկրների նախագահները հեռախոսազրույց ունեցան, Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչը Հայաստանին աջակցություն և օգնություն առաջարկեց։ Ուրախ եմ, որ այդ հեռախոսազրույցից ընդամենը մի քանի շաբաթ անց կարող ենք արդյունքը տեսնել՝ մարդասիրական աջակցություն, որը ժամանում է Հայաստան։ Սա իսկապես խոսում է նրանց պաշտոնական, ինչպես նաև անձնական հարաբերությունների բնույթի մասին»։
Հանրապետության նախագահի օգնական Գևորգ Մելիքյանը նույնպես ընդգծել է, որ Սերբիայի կողմից նման մեծածավալ օժանդակության ցուցաբերումը երկու երկրների բարեկամության վկայությունն է: «Սա խոսում է Հայաստանի և Սերբիայի միջև խորացող հարաբերությունների մասին, որում իր անձնական ներդրումն ունի նախագահ Արմեն Սարգսյանը», -նշել է նա՝ ավելացնելով, որ ստացված մարդասիրական օգնությունը փոխանցվելու է առողջապահության նախարարությանը և կուղղվի համավարակի դեմ պայքարին:
Մինչ այդ, հունիսի 16-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Սերբիայի Հանրապետության առաջին փոխվարչապետ, ԱԳ նախարար Իվիցա Դաչիչի հետ։
Հայաստանի և Սերբիայի Հանրապետության արտաքին գերատեսչության ղեկավարները մտքեր փոխանակեցին նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված մարտահրավերների հասցեագրման և սոցիալ-տնտեսական խնդիրների հաղթահարման ուղղությամբ ազգային մակարդակներում ձեռնարկվող քայլերի շուրջ:
Արտգործնախարարները գոհունակություն հայտնեցին երկու երկրների միջև բարձր մակարդակով հաստատված քաղաքական երկխոսության դրական դինամիկայի կապակցությամբ և վերահաստատեցին փոխադարձ պատրաստակամությունը՝ համատեղ ջանքեր գործադրել համագործակցությունն առավել ընդլայնելու ուղղությամբ, այդ թվում բարձրաստիճան փոխայցերի և հանդիպումների միջոցով։
ՀՀ ԱԳ նախարարը բարձր գնահատեց նախարար Դաչիչի ներդումը հայ-սերբական համագործակցության ընդլայնման ուղղությամբ և այս համատեքստում առանձնապես կարևորեց Հայաստանում Սերբիայի դիվանագիտական ներկայացուցչություն հիմնումը:
Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչություն, ՀՀ ԱԳՆ-ի եւ Պրահայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջ