Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

Ալավերդու արտանետումները

Շրջակա միջավայրի աղտոտվածության հարցը վաղուց մտահոգության առարկա է եղել Հայաստանում, և տասնամյակներ շարունակ այս մասին եղել են զանազան հրապարակումներ: Օրինակ, Սևանա լճի ցավալի դրությունը բազմիցս բարձրաձայնված հարց էր 1960-ականների վերջին՝ ջրի մակարդակի կտրուկ անկման և լիճը թափվող աղտոտիչների պատճառով:

Խորհրդային Հայաստանի բնապահպանական շարժումը նշանակալի ուժ էր 1980-ականների վերջին գլասնոստի (խոսքի ազատության) և պերեստրոյկայի (վերակառուցման) ժամանակաշրջանում քաղաքական փոփոխություններ իրականացնելու համար: Անկախացումից ի վեր, շատ բնապահպանական խմբեր կորցրեցին իրենց ազդեցությունը:

Հայաստանը նախկին ԽՍՀՄ-ում առաջատար էր շրջակա միջավայրի հիմնախնդիրների վերաբերյալ հասարակության իրազեկվածության բարձրացման հարցում: 1987-ին Օպերայի հրապարակում աննախադեպ ցույցը ներառեց մոտ 3000 մարդու, որոնք պահանջում էին փակել որոշ քիմիական գործարաններ և «Մեծամորի» ատոմակայանը: Հաջորդ տարի Սպիտակի երկրաշարժը բնակիչներին ստիպեց հավելյալ ուշադրություն դարձնել շրջակա միջավայրին և շինարարական տեխնոլոգիաների հարակից խնդիրներին:

Չնայած շրջակա միջավայրի մասին իրազեկվածության կարեւորությանը՝ տվյալ ժամանակաշրջանում Հայաստանում հավաքական գիտակցության ձեւավորման գործում, Խորհրդային Միության կտրուկ փլուզումը Հայաստանին թողեց պայքարելու մի քանի ճակատներում: Հայաստանի մի շարք բնապահպանական խնդիրներ ավելի սրվեցին անկախության առաջին տարիներին, երբ առկա էր էներգիայի կտրուկ նվազումը, անորակ բենզինը, զանգվածային անտառահատումները և կեղտաջրերի ոչ պատշաճ մաքրումը:

Անկախացումից հետո՝ Հայաստանը ունեցավ հսկայական տնտեսական անկում, այնուհետեւ, շուկայական տնտեսությանն անցնելիս կրեց մեծ փոփոխություններ ու հետևաբար դրանց ուղեկցող անհապաղ ուշադրություն պահանջող բնապահպանական խնդիրներ: Անկախացման պահին ի հայտ եկած ազգային անվտանգության խնդիրները պատճառ դարձան, որ բնապահպանական մտահոգությունները առաջնահերթություն չդիտվեն հանրության համար: Բացի այդ, արագ տնտեսական զարգացման ընթացքում բնապահպանական խնդիրները հետ էին մղվել շինարարության, քիմիական արդյունաբերության մասնակի վերականգնման և հանքարդյունաբերական գործունեության ընդլայնման համեմատ: Պահի կողմնորոշմամբ մտածողությունը, կարողությունների անբավարարությունը և կոռուպցիան խոչընդոտել էին պատասխանատու քաղաքական գործողություններին, որոնց իրականացմամբ երկարաժամկետ հեռանկարում կշահեին երկիրը և նրա բնակչությունը:

Վերջերս Հայաստանում բնապահպանական շարժումը որոշակի թափ է առել, բայց այդ շարժումը դեռևս բնակչության մեծամասնության համար էական խնդիր չի դիտվում և այդ շարժումը այնքան ուժեղ չէ, որ մեծ ազդեցություն ունենա քաղաքականության և զարգացման ընթացքի վրա: Շարժումը միավորում է մի շարք հասարակական կազմակերպություններ (ՀԿ), բայց դրանք ունեն սահմանափակ կարողությններ և ազդեցություն: Վերջին տարիներին, այդ կազմակերպություններից մի քանիսը հաջողությամբ համատեղել են իրենց ջանքերը բնապահպանական հստակ խնդիրները լուծելու համար, ինչը հանգեցրել է որոշակի նախագծերի բարելավմանը, որոնք կարող էին վնաս հասցնել շրջակա միջավայրին:

Հայաստանը վավերացրել է բազմաթիվ միջազգային կոնվենցիաներ, որոնք վերաբերում են այնպիսի հարցերի, ինչպիսիք են կենսաբազմազանությունը, կլիմայի փոփոխությունը, անապատացումը և մշակութային ու բնական ժառանգության պահպանումը: Բացի այդ, Հայաստանի Սահմանադրությունը հստակորեն անդրադառնում է բնության պահպանությանը, շրջակա միջավայրին հասցված վնասներին և մարդկանց առողջ կյանք վարելու իրավունքներին:

Բազմաթիվ բնապահպանական խնդիրներ կապված ջրային պաշարների, հանքարդյունաբերության, անտառների և պահպանվող տարածքների հետ, սերտորեն առնչվում են կոռուպցիայի երեւույթին: Հաճախ բնական պաշարների շահագործումը տեղի է ունենում առանց որոշումների պատշաճ հիմնավորման: Ավելին, որոշումները, որպես կանոն, վերաբերում են հատուկ հետաքրքրություն ներկայացնող խմբերի և կայացվում են առանց պատշաճ ուշադրության կառավարության հայտարարած երկարաժամկետ կայուն զարգացման նպատակների վրա:

Հայաստանի համար, որը նախատեսում է իր զարգացումը հիմնել կայունության սկզբունքների վրա, շրջակա միջավայրի պաշտպանությունը պետք է կազմի զարգացման գործընթացի բաղկացուցիչ մասը: Այսպիսով, Հայաստանի անկախացումից գրեթե երեք տասնամյակ անց, երկրի բնապահպանական իրավիճակը շարունակում է մտահոգիչ մնալ:

Ստորեւ ներկայացվող բաժինները վերաբերում են առանձնահատուկ եւ զգայուն բնապահպանական խնդիրների:

Ջուր

Սուր և բարդ սոցիալ-տնտեսական բազմաթիվ խնդիրների պարագայում, ինչպես նաև ստուգումների և որոշումների կիրարկման անբավարարության արդյունքում քաղցրահամ ջրերի էկոհամակարգերը՝ լճերը, գետերը և ջրամբարները, խիստ տուժել են: Էներգետիկ և տնտեսական արտադրության զարգացման ընթացքում հիդրոէկոհամակարգերի անկայուն օգտագործման պատճառով տեղի են ունեցել խորքային ջրերի մակարդակների կտրուկ նվազում և գետերի հիդրոֆիզիկական ու հիդրոկենսաբանական փոփոխություններ: Այս ոլորտում կարևոր դերակատարներն են ձկնաբուծությունը Արարատյան դաշտում և փոքր հիդրոէլեկտրական կայանները՝ տարբեր գետերի վրա։

Ձկնաբուծականի ջրի օգտագործում

Ձկնաբուծական տնտեսությունները օգտագործում են հսկայական քանակի ջուր՝ չունենալով որևէ վերամշակման համակարգ։ Այս պատճառով Արարատյան դաշտի ստորեկրա ջրերի մակարդակը իջել է մոտ 15 մետրով ու դրա հետևանքով մեծ թվով գյուղական հորեր ցամաքել են։ 2017 թվականին Բնապահպանության նախարարությունը մեկ ձկնաբուծականի հորի վրա տեղադրեց Սկադա սարքավորումը, որը նախարարությանը ուղարկում էր էլեկտրոնային տվյալներ օգտագործվող ջրի քանակի վերաբերյալ։ Նպատակն էր հսկելը որպեսզ հորից ստացվեր միայն թույլատրվելի քանակով ջուր։ Իսկ գլխավոր նպատակն էր Սկադա սարքի տեղաղադրումը բոլոր ձկնաբուծարանների հորերի վրա, բայց այդ նախագիծը չգործադրվեց։ Այդ տարվա ընթացքում նաև փակվեցին մեծ թվով արտեզյան հորեր որոնց ջուրը այլևս չէր օգտագործվում։

Հայաստանում մաքուր ջրի պահպանման խնդիրը շարունակում է մնալ մտահոգիչ: Ջրամատակարարման համակարգերը անհապաղ ուշադրության կարիք ունեն: Ջրօգտագործման համակարգը պարբերաբար աղտոտվում է՝ ջրամատակարարման քայքայվող ենթակառուցվածքի պատճառով, ինչը պատճառ է դառնում կոյուղաջրերի և խմելու ջրի խառնվելուն ու հսկայական կորուստների։ Ջրամատակարարման բաշխիչ ցանցի կորուստները Երևանում մինչև 60 տոկոս են, Գյումրիում՝ 70 տոկոս, իսկ Վանաձորում՝ 75 տոկոս:

Երևանի ջրի քայքայված խողողվակները

Երևանը լինելով ավելի քան մեկ միլիոն բնակչությամբ քաղաք, դեռևս չունի կեղտաջրերի մաքրման լիովին գործունակ կայան: Մասնակիորեն մշակված թափոններն ուղղակիորեն թափվում են Հրազդան գետը, որը տասնյակ բնակավայրերի ջրամատակարարման հիմնական աղբյուրն է:

Արարատյան դաշտում ջրի աղտոտումը հիմնականում տեղի է ունենում գյուղատնտեսական աշխատանքներում թունաքիմիկատների օգտագործման պատճառով: Այս թունաքիմիկատները ոռոգման ընթացքում թափվում են ջրահեռացման ջրանցքների մեջ, հոսում են դեպի գետերը կամ հողի միջով ներծծվում են ստորերկրա ջրերի ավազան:

Սևանա լիճ

Սևանա լիճը Անդրկովկասի խոշորագույն խմելու ջրամբարներից մեկն է և աշխարհի ամենամեծ լեռնային քաղցրահամ լճերից մեկը: Նրա խոնավ էկոհամակարգը զգալի դեր է խաղում չվող թռչունների համար: Սևանա լիճը բացի մշակութային, հանգստի և հոգևոր արժեքից, ունի նաև ռազմավարական, տնտեսական, սոցիալական և պատմական նշանակություն: Իրապես, այն գնահատվում է որպես ազգային հարստություն՝ գանձ:

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ Հրազդան գետի երկայնքով կառուցվեցին յոթ հիդրոէլեկտրակայաններ, իսկ Սևանա լճի ջուրն օգտագործվեց էլեկտրաէներգիա արտադրելու համար: Այս նպատակով ջրային պաշարների լայնածավալ օգտագործման և վատ կառավարման պատճառով (և ավելի քիչ գյուղատնտեսական արտադրության համար) լճի ջրի մակարդակը 20 տարվա ընթացքում իջեց ավելի քան 19 մետրով։

 

Լճի մակարդակի նվազման պայմաններում հարաբերականորեն մեծացավ ազոտի պարունակությունը, ակտիվացավ ջրիմուռների աճը, ապակայունացավ լճի բնապահպանական հավասարակշռությունը: Իրավիճակը հավելյալ բարդացավ մոտակա քաղաքների մաքրման կայաններից կոյուղաջրերի և գյուղացիական տնտեսություններից թունաքիմիկատների դեպի լիճ արտահոսքի պատճառով:

Անկախացումից հետո, Սևանա լճի երկայնքով մեծաքանակ նոր հանգստյան տների ապօրինի կառուցումը, ընդհանուր բնակչության կողմից, զբոսաշրջության տեսանկյունից, Սևանի շահագործումը և լճի շրջակայքում տեղի ունեցած ծառահատումները (անտառահատումը) դարձել են կարևոր գործոն լճի մակարդակի կարգավորման հարցում:

Էկոհամակարգի վրա անբարենպաստ ազդեցությունները, ջրի մակարդակի իջեցման հետևանքով, ներառում են իշխան ձկնատեսակի չորս ենթատեսակներից երկուսի անհետացումը, մյուս երկու ենթատեսակների համար՝ վերարտադրողական ունակության խիստ նվազումը։ Այս ազդեցությունների ներքո չորացան իշխան ձկնատեսակի բազմացման բնավայրերը և ավելացավ որսագողությունը: Բացի այդ, ջրի ֆիզիկա-քիմիական բնութագրերի փոփոխությունները խիստ ազդել են ոչ միայն ձկնաբուծական աշխարհի, այլև ընդհանրապես ջրաշխարհի վրա:

Ժամանակին կառավարությունը ձեռնարկեց քայլեր վերականգնելու նպատակով լճի ջրի հավասարակշռությունը: Արփա-Սևան թունելը, յուրահատուկ ճարտարագիտական և հիդրոլոգիական նախագիծ է, որը կենսագործվել է 1961 թ.՝ Արփա գետի ջրի մի մասը Սևանա լիճ փոխադրելու նպատակով։ Թունելը տարեկան 250 միլիոն խմ. ջուր էր տրամադրում Սևանին: Տարիների ընթացում կառավարությունը որոշումներ է կայացրել նվազագույնի հասցնել լճի ջրի օգտագործումը էլեկտրաէներգիայի արտադրության համար՝ այն հիմնականում բաց թողնելով ոռոգման նպատակներով: Բայց հաճախ այս որոշումները չեն գործադրվել կամ գործադրվել են խախտումներով։

Չնայած Սևանա լճի ափերը ներառված են Սևան ազգային պարկի մեջ որտեղ կան տնտեսական գործունեության սահմանափակումներ, դրանով հանդերձ ապօրինաբար տրվել են հարյուրավոր շինարարական թույլտվություններ: Կառավառության որոշումն է, որ լճի մակարդակը պետք է բարձրանա 6 մետրով՝ (հիմք ընդունելով 1996 թ. մակարդակը), որի արդյունքում լճի բնապահպանական համակարգը կկայունանա։ Լճի մակարդակը բարձրացել է 3 մետրով, բայց կառավարությունը հետաքրքրություն չի դրսևորում ջրի մակարդակի հետագա բարձրացման հարցում։ Պատճառներից մեկն էլ, միգուցե, այդ ապօրինի շինարարությունների տերերի շահերն են։

Օդ

Հայաստանի ստանդարտները շրջակա միջավայրի օդի որակի վերաբերյալ հիմնականում համապատասխանում են զարգացած երկրների ստանդարտներին: Օդի աղտոտվածության դեմ պայքարի մասին օրենքները պահանջում են, որ յուրաքանչյուր արդյունաբերական աղբյուր համապատասխանի աղտոտման համակենտրոնացման ստանդարտին: Այնուամենայնիվ, այդ ստանդարտները հաճախ չեն կիրառվում:

Խորհրդային շրջանում, քիմիական արտադրությունը Հայաստանում խոշոր արդյունաբերությունն էր, որը հայտնի էր թունավոր գազերի արտանետումների բարձր մակարդակով: Գրեթե բոլոր այդ գործարանները այլես չեն աշխատում, ուստի օդի աղտոտման այդ աղբյունները այլևս գոյություն չունեն։

Օդի աղտոտումը բնապահպանական խնդիր է Հայաստանի մի քանի շրջաններում: Օրինակ՝ Երևանում, Նուբարաշեն աղբավայրի հիմնական մասը այրվում է անընդհատ, առաջացնելով ծուխ և մթնոլորտ արտանետվող այլ տոքսիններ՝ այրված պլաստմասայից, ներկերից, և ծանր մետաղներից: Չնայած նրան, որ արտադրվում են միայն փոքր քանակությամբ թունավոր արտանետումներ, բայց նրանք կուտակվում են Երևանում, որովհետև Երևանը տեղակայված է երկրաբանական փոսի մեջ:

Ալավերդի

Ալավեդու արտանետումների ծխնելույզը

 արդյունաբերական քաղաքի օդը շարունակում է մնալ աղտոտված: Ալավերդու օդում ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցում է թույլատրելի մակարդակը: Հայկական պղնձի ծրագիրը (ACP), որը համարվում է հիմնական աղտոտող աղբյուրը, արտանետումների գլխավոր ծխնելույզը փոխադրել է մոտակա լեռան բարձրունքի վրա, իբր արտանետումների մեղմացման միջոց։ Սա անընդունելի քայլ է իբր հարցի լուծում:

Պինդ թափոններ

Թափոնների կառավարումը բնապահպանական մտահոգությունների առաջին տեղում է՝ ինչպես Հայաստանի քաղաքներում, այնպես էլ գյուղական բնակավայրերում: Միայն մեկ խոշոր աղբավայր՝ Նուբարաշենը, ծառայում է Երևանին և հարակից համայնքներին: Այս աղբավայրը գտնվում է Երևանից մոտ 7 կիլոմետր հեռավորության վրա, շուրջ 40 հեկտար հողային մակերեսով: Աղբահանության աշխատանքները սկսվել են 1968-ին և այստեղ շուտով տեղ չի լինելու: Մի շարք բնակարաններ տեղակայված են աղբավայրից մի քանի կիլոմետր հեռավորության վրա, իսկ մեկ գերեզմանոց գտնվում է աղբավայրից 1 կմ հեռավորության վրա:

Նուբարաշենի աղբավայրերի տակ գտնվում է բնական ամուր ժայռից կազմած շերտ, որը ծածկված է կավե 1.5 մետր շերտով: Աղբավայրի տարածքի ստորերկրյա ջրերի խորությունը 50 մետրից ցածր է, հետևաբար, քիչ հավանական է, որ աղբավայրից աղտոտող նյութերը հասնեն ստորերկրյա ջրերի ավազանին: Նուբարաշենում կան խորհրդային ժամանակից մնացած մի քանի տասնյակ տակառներ, որոնց պարունակությունը թունավոր նյութեր են։ Այդ տակառների տարիքը մտահոգիչ է ու կարող է թունավոր նյութերի արտահոսքի պատճառ լինել։ Անհրաժեշտ է, որ այս թունավոր նյութերը անմիջապես չեզոքացվեն։

Շինարարական աղբը Հրազդանի կիրճում

Կոշտ թափոնների կառավարումը խնդրահարույց ծառայություններից մեկն՝ է, որը մշտապես տառապում է ֆինանսավորման պակասից և դեռևս իրականացվում է ցածր որակով: Շատ տարածված է աղբը՝ մանավանդ շինարարական աղբը թափելը չթույլատրված վայրերում կամ աղբի այրելը, որը արտանետում է թունավոր քիմիական նյութեր, որոնք էլ առաջացնում են առողջության համար անբարենպաստ հետևանքներ: Առանձնահատուկ մտահոգություն է առաջացնում վտանգավոր բժշկական թափոնների չեզոքացումը:

Թեև վերջերս Երևանում թափոնների հավաքման գործընթացը բարելավվել է, բայց 2019-ի ամռանը աղբահավաքության վիճակը սարսափելի էր, երբ քաղաքապետը ուզում էր ձերբազատվել աղբահանումն իրականացնող Սանիտեք ընկերությունից ու կազմակերպել այդ աշխատանքը քաղաքապետարանի միջոցով։ Երևանի քաղաքապետարանը 2019-ին հայտարարեց մեկ տենդեր նոր աղբավայր կառուցելու համար։ Զարմանալիորեն այդ տենդերի պայմանների մեջ չկար որևէ ակնարկ աղբի վերամշակման մասին, որն անչափ անհրաժեշտ է։

Քիմիական արդյունաբերություն

Հայաստանի քիմիական արդյունաբերության ավելի քան 70 տոկոսը գտնվում էր Երևանում, իսկ արտադրական գործարանները ծառայում էին որպես աղտոտման հիմնական աղբյուրներ: Մոտ 200 հեկտար տարածք զբաղեցնող «Նաիրիտ» քիմիական գործարանը առաջին անգամ սկսեց ռետինե և այլ պոլիմերների արտադրություն 1936 թվականին և ուներ տարեկան 58,000 տոննա հզորություն: Մինչև 1989 թվականը, երբ «Նաիրիտը» գործում էր ամբողջ հզորությամբ, այն տարեկան գոյացնում էր 15 միլիոն մ3 հեղուկ թափոնների արտահոսք դեպի Հրազդան գետը:

Քիմիական ռեագենտների գործարանը ևս մեկ հիմնական քիմիական գործարան էր, որը սկսեց գործել 1959 թ.-ին և արտադրեց 916 տարբեր տեսակի ռեակտիվներ: Այս գործարանը թափոնների մեծ քանակություն է առաջացրել` դրա շահագործման ընթացքում օգտագործված հնացած և վտանգավոր արտադրական տեխնիկայի օգտագործման հետեւանքով: Այժմ այս հսկայական քիմիական գործարանները այլևս չեն աշխատում։

Բնապահպանական ուսումնասիրություններ

ՀՀ բնապահպանության նախարարությունը ունի մեկ փորձաքննության բաժին, որը պատասխանատու է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) քննարկման ու դրական կամ բացասական եզրակացություն տալու հարցերում: Այս բաժինը չունի համապատասխան կարողություններ՝ լիովին քննարկելու բարդ նախագծերի ՇՄԱԳ-ները։ Արդյունքում, տարբեր նախագծերի համար պատրաստված ՇՄԱԳ-ները չեն ընդգրկում քննարկվող նախագծերի բոլոր բացասական ազդեցությունները կամ նախագծերի ամբողջական ազդեցությունը: Այս թերությունները գործնականում անբարենպաստ մթնոլորտ են ստեղծում շրջակա միջավայրի կառավարման հարցում:

Խոշոր նախագծերի համար նախապատրաստված ՇՄԱԳ-ները հաճախ պարզապես ձևական բնույթ են կրում, նվազագույն տեղեկություններով, փաստելու համար, որ քննարկվող նախագիծը համապատասխանում է գործող օրենքին: Լավ օրինակ է Թեղուտի հանքավայրի նախագծի համար պատրաստված 100 էջանոց ՇՄԱԳ-ը: Նմանատիպ ուսումնասիրությունները զարգացած երկրներում կկազմեին մի քանի հարյուր էջ:

Պետք է նշել որ Ամուլսար ոսկու հանքավայրի համար պատրաստված ՇՄԱԳ-ը կարելի է համարել ամենա ընդարձակ ու բազմակողմանի ուսունասիրությունը, որը մինչ օրս կատարվել է Հայաստանում։ Բայց այս հանքի շահագործումը կունենա մեծ բացասական ազդեցություն, մանավանդ Սևանա լճի վրա, որն անտեսված է ՇՄԱԳ-ում կամ այդ բացասական ազեցությունները ներկայացված են իբր կառավարելի ռիսկեր։

Լավ պատրաստված ՇՄԱԳ-ը պետք է դիտվի էկոլոգիապես անվտանգ նախագծի համար որոշումներ կայացնելու հիմք: Մոնիտորինգի ծրագրերը և կանոնակարգերի կիրարկումը անհրաժեշտ են Հայաստանում ՇՄԱԳ գործընթացը բարելավելու համար: Մինչ այժմ պատրաստված ՇՄԱԳ-ները համապարփակ չեն եղել և չեն արտացոլում ծրագրերի հետ կապված բնապահպանական բոլոր մտահոգությունները: Հասարակության մասնակցությունը և գործընթացի թափանցիկությունը կարևոր են նաև շրջակա առողջ միջավայրը պաշտպանելու համար:

ՇՄԱԳ-ի գործընթացի կատարելագործումը անպայման պահանջում է բնապահպանության իրավասու մասնագետներ: Հայաստանում բնապահպանական ճարտարագետների և գիտնականների համար պակասում է այնպիսի կրթության և վերապատրաստման հնարավորությունները որոնք անհրաժեշտ են բնապահպանական խնդիրներին անմիջապես ուշադրություն դարձնելու համար: Երևանի պետական համալսարանում, Հայաստանի ամերիկյան համալսարանում և Պետական ճարտարագիտական համալսարանում ընձեռված բնապահպանական ճարտարագիտության և կառավարման հետ կապված ուսումնասիրությունները ավելի շատ գիտական են, քան ներկայումս ավելի մեծ պահանջարկ ունեցող կիրառական բնույթի: Չնայած վերջին տարիներին Հայաստանում նկատվել է բնապահպանական կրթության որակի որոշակի բարելավում, այնուամենայնիվ, դեռ շատ ավելին պետք է արվի:

Կարգավորող կառուցվածքը ևս մեկ լուրջ խնդիր է շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցությունների գնահատման և մեղմացման միջոցառումների իրականացման գործում: Ներկայումս չկան հստակ ուղեցույցներ՝ առկա հիմնահարցերի անհրաժեշտ մեղմացման միջոցառումների գնահատման և կիրառման գործընթացի վերաբերյալ: Անհրաժեշտ է ուժեղ և լիովին անկախ պետական գործակալություն՝ ապահովելու համար առաջարկվող մեղմացման բոլոր առաջարկված միջոցառումները։

Կառավարության և խոշոր ներդրողների միջև աղմկահարույց կապերը ևս մեկ ընդհանուր պատճառ են՝ գործող օրենսդրությունը չկիրառելու համար:

Անտառահատում

Անտառահատումը շարունակում է մնալ կարևոր բնապահպանական խնդիր, չնայած 90-ականների էներգետիկ ճգնաժամը վաղուց ավարտվել է: Հատկապես Հայաստանի համար սա լուրջ մտահոգություն է, քանի որ երկրի միայն 7-8 տոկոսն է ծածկված անտառով (թեև պաշտոնապես ներկայացվում է նախորդ դարավերջին արձանագրված 11 տոկոսանոց ցուցանիշը) ընդ որում այս անտառների մեծ մասը քայքայված են:

Հայաստանը ճանաչված է որպես կենսաբազմազանության համաշխարհային թեժ կետերից մեկը: Երկրի գտնվելու եզակի վայրի և հրաբխային ծագման պատճառով, այն, ի տարբերություն մոլորակի այլ վայրերի, պարունակում է միկրոկլիմայի և բնակավայրերի նախընտրելի պայմաններ մի շարք վտանգված բույսերի և կենդանիների տեսակների համար: Հաշվի առնելով բնապահպանական այս ժառանգությունը, Հայաստանը հատուկ պատասխանատվության առջև է համաշխարհային մասշտաբով բարձր արհեստավարժությամբ զինված ղեկավարություն ապահովելու կենսաբազմազանության պահպանման և էկոտուրիզմի ոլորտի զարգացման համար:

Անտառահատման հետևանքները ներառում են էրոզիայի և սողանքների ավելացում, հողերի և վարելահողերի կորուստ, տեղական եղանակային և կլիմայի պայմանների փոփոխություն և օդի անբավարար որակ, ինչպես նաև բույսերի և կենդանիների բնակավայրերի կորուստ:

Թեղուտում հատված ծառերի մեկ մասը

Կառավարության կողմից Թեղուտի պես էկոլոգիապես զգայուն տարածքներում հանքարդյունաբերության ծրագրերի մշակմանն ուղղված գործողությունները ցույց են տալիս բնական անտառների՝ որպես կենսաբազմազանության պաշարների կարևորության պաշտոնական գիտակցման բացակայություն:

Որոշ դրական քայլեր էին ձեռնարկվել Հայաստանում 2017-2018-թ. անօրինական անտառահատումների երևույթը կանխելու ուղղությամբ, բայց այդ ձեռնակները այլևս չեն շարունակվում ու ներկայիս քայլերը միանգամայն բավարար չեն: Ծրագրվում էր օգտագոևծելով բարձր տեխնելոգիաներ՝ կամխարկել ապորինի ծառահատումները։ Այդ ծրագիրը պատրաստ էր իրագործելու, բայց ցավոք ւրտի այն չիրագործվեց։ Անտառահատումների կանխման և անտառների պահպանման աշխատանքների փոխարեն, ծրագրվում է մի առասպելական նպատակ՝ Հայաստանում մեկ օրում տնկել 10 միլիոն ծառ։

Ընդհանուր առմամբ, Հայաստանում անտառահատման հիմնական պատճառն է վառելափայտի պահանջարկը՝ այլընտրանքային վառելիքի պաշարների բացակայության պատճառով: Առկա խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է մեղմացնել ճնշումը անտառների վրա՝ մերձակա գյուղերում տեղադրելով վերականգնվող էներգիայի աղբյուրներ, ինչիսիք են արևային էներգիայի օգտագործման միջոցները։ Կարևոր է նաև անտառամերձ տների օգտագործած ջերմային էներգիայի արդյունավետության բարձրացումը։

Հայաստանում ապօրինի ծառահատումը շահութաբեր գործ է։ Տիրապետող մտայնբությունն այն է, որ անտառային ոլորտում կոռուպցիան կապված է բիզնեսի հետ, որը հովանավորվում է բարձր մակարդակի պետական պաշտոնյաների կողմից: Կառավարության գործողությունները անբավարար են ապօրինի ծառահատումների հետեւանքով անտառների ոչնչացումը դադարեցնելու ուղղությամբ:

Հանքարդյունաբերություն

Հանքարդյունաբերությունը համարվում է Հայաստանի համար շահավետ ոլորտ: Դժբախտաբար, բնապահպանական սահմանափակումները չեն կիրառվում հանքարդյունաբերության ոլորտում հիմնական գործառնությունների մեծ մասի դեպքում, ինչը հանգեցնում է շրջակա տարածքների էկոհամակարգի վնասման: Հաճախ կոռուպցիան ծագում է արտոնության տրամադրման և թույլտվությունների ձեռքբերման փուլում:

Հայաստանում գոյություն ունեն 500-ից ավելի աշխատող հանքավայրեր, բայց դրանց մեծ մասը ոչ մետաղական՝ քարի ու ավազի, հանքեր են, որոնք իրենցից չեն ներկայացնում մեծ վտանգներ կամ բնապահպանական բացասական հետևանքներ։ Սակայն պղինձի, մոլիբդենի, ոսկու, կապարի և ցինկի հանքերը հղի են լուջ խնդրիներով, այս հանքերի դեպքում բնապահպանական բացասական հետևանքների հավանականությունը շատ մեծ է։ Այս հանքավայրերը ունեն պոչամբարներ, որտեղ կուտակվում են թունավոր նյութերը, որոնք առաջանում են հանքերի շահագործման հետևանքով։ Հաճախ այս թունավոր նյութերը պոչամբարներից դուրս են հոսում կամ ներծծվում են հողի մեջ, ստեղծելով լուրջ վտանգներ։

Մետաղական հանքերը հիմնականում վաճառված են օտարերկրյա մեծ մասնաբաժնով ընկերությունների և դրանցից Հայաստանի պետությունը ստանում է չնչին տոկոս շահույթ՝ որպես ընդհանուր շահույթի ռոյալթի։

 

ՀՅԴ-ի մոտեցումները շրջակա միջավայրի և բնական պաշարների վերաբելյալ

Կուսակցությունն այն եզակի քաղաքական ուժն է, որն ունի շրջակա միջավայրի պահպանության քաղաքականության հստակ մոտեցումներ, որոնք վերաբերում են՝

  • Շրջակա միջավայրի պահպանությանը և բնական պաշարների շահագործմանը՝ տվյալ գործընթացները վերակառուցելով ողջամիտ օգտագործման քաղաքականության սկզբունքով (կայուն զարգացում),
  • ջրային պաշարների հաշվառմանը, ամբարմանը և բաշխման քաղաքականությանը,
  • հողն աղտոտումից պահպանելու ընդհանուր և հատուկ պահանջներին, հողի օգտագործման՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության սահմանափակումներին և վերականգնման միջոցների մշակմանը,
  • մթնոլորտ, ներառյալ՝ շարժական և անշարժ աղբյուրներից արտանետումների կառավարմանը,
  • ընդերքի պաշարների հաշվառմանը,
  • անտառների կայուն կառավարմանը,
  • թափոնների պահմանը, տեղադրմանը, վերամշակմանը, օգտահանմանը, երկրորդային օգտագործմանը,
  • կլիմայի փոփոխության հիմնախնդիրների լուծման համակարգերին, ներառյալ` հարմարվողականությունն ու մեղմումը,
  • Հայաստանում արտադրվող և օգտագործվող վտանգավոր քիմիական նյութերի ու դրանց թափոնների էկոլոգիապես անվտանգ կառավարմանը,
  • կենդանական աշխարհի պահպանմանն ու ողջամիտ օգտագործմանը,
  • բուսական աշխարհի պահպանմանն ու հավասարակշռված օգտագործմանը,
  • շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննության համակարգի բարելավմանը,
  • էկոլոգիական գիտության, կրթության և իրազեկման միասնական քաղաքականության ապահովմանը:

Ընդհանուր առմամբ շրջակա միջավայրի քաղաքականության վերաբերյալ Դաշնակցության առաջարկությունները բխում են ներառական զարգացման հրամայականից և կառուցված են տեխնածին տնտեսական մոդելից կայուն զարգացման անցման տնտեսական մոդելի գործադրման սկզբունքով։ Վերջինիս պայմաններում կտրուկ կնվազեցվի չվերականգնվող բնական պաշարների շահագործումը, կսահմանափակվեն առաջացող թափոնների ծավալները։

 

Արեգ Ղարաբեգյան – ՀՅ Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի շրջակա միջավայրի պահպանության և բնական ռեսուրսների մասնագիտական ոլորտային հանձնախմբի նախագահ։

Ապրիլ 2020

Դրոշակ