Հունիսի 19-ին Լոնդոնի Հայկական հիմնարկը /The Armenian Institute/ հայտարարել է Տաթևիկ Այվազյանին նոր տնօրեն նշանակելու մասին։ Նա կփոխարինի հիմնարկի հիմնադիր անդամ և նախկին տնօրեն դոկտոր Սյուզան Փաթիին: Տաթեւիկի պաշտոնավրումը կսկսվի 2020 թվականի հուլիսի 1-ից, իսկ դոկտոր Սյուզան Փաթիին կզբաղեցնի միջանկյալ ծրագրերի ղեկավարի պաշտոնը:
Տաթևիկ Այվազյանը Հայկական Հիմնարկին քաջածանոթ անհատ է, քանի որ նա 2019-ից ի վեր ինստիտուտի ծրագրերի համակարգողն է և սոցիալական մեդիայի մենեջերը:
Նա ծնվել է Երևանում, ավելի քան 20 տարի ապրել է Մեծ Բրիտանիայում ՝ աշխատելով կինոյի, կայքերի մշակման, ծրագրերի կառավարման և թվային շուկայավարման ոլորտում: Նա ավարտել է Քենթի համալսարանի եւ Լեվենի կաթոլիկ համալսարանի ասպիրանտուրաները։ Տ. Այվազյանն ունի ոչ միայն գործնական փորձառություն, այլև հայագիտական կրթություն՝ հայ գրականության, պատմության և արվեստի բնագավառներում ընդգրկուն հենքով:
Նրա հետաքրքրությունների շրջանակը ներառում է հայկական պոեզիան,ինչը նա ցանկանում է հասանելի դարձնել լայն հանրությանը, ինչպես նաև շարունակել արևելահայ եւ արևմտահայ բանաստեղծությունների թարգմանությունները:
Հայկական Հիմնարկը ողջունել է Տաթեւիկ Այվազյանի նշանակումը եւ հույս հայտնել բեղմնավոր գործունեության առնչությամբ։
Հիշեցնենք, որ Տաթեւիկ Այվազյանը լայն ճանաչում ստացած «Դանիել» ֆիլմի պրոդյուսերն է, որի ռեժիսորը լոնդոնաբնակ Կարո Բերբերյանն է։
Շնորհավորում ենք Տաթեւիկին եւ մաղթում արգասաբեր գործունեություն
Հ.Ասատրյան
Պրահա
orer.eu