Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
 
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Հանրապետության պատվիրակության անդմաները կանխել են ԽՎ Բյուրոյի հայտարարության մեջ հակահայ ձևակերպումների ներառումը:Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի պատգամավոր Գայանե Աբրահամյանը:
 
«Բարդ ու լարված բանակցությունների արդյունքում ունեցանք հավասարակշռված փաստաթուղթ՝ «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի Բյուրոյի հայտարարությունը։ Մեզ հաջողվել է բյուրոյի նիստին ներկայացված հայտարարության նախնական տեքստից դուրս բերել ոչ միայն Հայաստանի և Արցախի շահերին մեծապես վնասող ձևակերպումները, այլև կանխել ադրբեջանական պատվիրակության՝ ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ միակողմանի ձևակերպումներ ներառելու փորձերը»,- գրել է Աբրահամյանը:
 
Պատգամավորը նշել է, որ այդ կարևոր և հիմնարար փաստաթղթի առաջին իսկ դրույթում, վերահաստատելով Արևելյան գործընկերության պետությունների հանձնառությունը՝ նախաձեռնության հիմքում ընկած արժեքներին, ի թիվս այլոց ընդգծում է ինքնորոշման իրավունքը։
 
«Նման ձևաչափում սա աննախադեպ հանձնառություն է՝ հաշվի առնելով, որ այն ստանձնել են ոչ միայն եվրոպական, այլև Արևելյան գործընկերության երկրները, այդ թվում՝ Ադրբեջանը»,- նշել է պատգամավորը:
Գայանե Աբրահամյանը հավելել է, որ հայտարարության մեջ առանձին կետով նշվում է նաև ՀՀ-ԵՄ համաձայնագրի կարևորության մասին:
 
«Հայտարարության մեջ առանձին կետով ընդգծվում է նաև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) կարևորությունը, որը սահմանում է շրջանակ Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման, ԵՄ-ի կողմից Հայաստանում ընթացող քաղաքական և տնտեսական բարեփոխումներին աջակցության, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության պահպանման գործում Հայաստանի դերի ամրապնդման համար»,- գրել է նա:
 
«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի Բյուրոյի (բյուրոյի անդամ են ԱԼԳ երկրների պատվիրակությունների ղեկավարները և Եվրախորհրդարանի խմբակցություններից ներկայացուցիչներ) պաշտոնական հայտարարությունը տարածվել է հունիսի 18-ին կայացած ԵՄ-ի ղեկավարների, ԵՄ անդամ երկրների և Արևելյան Գործընկերության (ԱլԳ) երկրների առաջնորդների հեռավար հանդիպմանն ընդառաջ։