Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Հունաստանում,  համատեղության կարգով նաև Կիպրոսի Հանրապետությունում  Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը պատասխանում է ՕՐԵՐ եվրոպական ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանի հարցերին

 

ՕՐԵՐ-  Հունաստանը Եվրոպայի այն երկրներից էր, որտեղ  կորոնավիրուսը լայն տարածում չստացավ, ինչպես ասենք Իտալիայում կամ Իսպանիայում։ Ինչպե՞ս հաջողվեց Հունաստանի կառավարությանը,  կանխարգելել վարակի տարածումը, ի՞նչ քայլեր ձեռնարկվեցին։

Ֆադեյ Չարչօղլյան- Այո, համամիտ եմ, իսկապես կորոնավիրուսով վարկավածների և մահացածների միջազգային վարկանիշում Հունաստանը գնալով բարելավում է իր դիրքերը ԵՄ-ում և աշխարհում, ինչը նախ և առաջ պայմանավորված է Հունաստանի իշխանությունների կողմից ձեռնարկած օպերատիվ, արդյունավետ, խոհեմ քայլերով, ինչպես նաև քաղաքացիների դրսևորած կարգապահությամբ և հետևողականությամբ: Կարելի է արձանագրել, որ այսօր          կորոնավիրուսի դեմ կանխարգելիչ քայլերի շրջանակում Հունաստանի Կառավարության վարած քաղաքականությունը հաջողվածներից է և գովեստի արժանի:

Հունաստանի Կառավարության որոշման համաձայն, համաճարակի ողջ ընթացքը և աշխատանքները համակարգվում են  Քաղաքացու պաշտպանության հարցերով նախարարության (Civil Protection) և Առողջապահության նախարարության հանրային առողջության ազգային կազմակերպության կողմից՝ համաճարակաբանական  գիտական կենտրոնների և մասնագետների հետ համագործակցությամբ:

Համաճարակի դեմ պայքարում՝ ընդգծված դրական  դերակատարություն ունի բժիշկ-վարակաբան Սոտիրիս Ցիոդրասը /Sotiris Tsiodras/: Վերջինս Հունաստանի կառավարության կողմից նշանակվել է COVID-19-ի համակարգող խմբի ղեկավար:  

Մեր դիտարկմամբ, համաճարակի դեմ պայքարում Հունաստանի հաջողության գրավականը պայմանավորված էր մի քանի գործոններով.

-           Հունաստանի Հանրապետության կառավարությունը՝ վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի գլխավորությամբ, ի սկզբանե հաշվի առան մասնագետների և փորձագետների կարծիքները /փետրվարի 27-ին հրավիրում է նախարարական խորհրդի հատուկ նիստ` մասնագետների և փորձագետների մասնակցությամբ/,

-           Հունաստանում  Համաճարակի դեմ պայքարում առաջին կանխարգելիչ միջոցառումները սկսվել էին 2020թ. հունվար ամսից` առաջին արձանագրված դեպքից մեկ ամիս առաջ /առաջին պաշտոնական վարակակիրը գրանցվել էր  ս.թ. փետրվարի 26-ին/: Արտահերթ, առողջապահական համակարգը համալրվեց 4150 մասնագետով: Կանխարգելիչ միջոցառումները ներառում էին հիվանդանոցներում  համաճարակային վարժանքներ և անձնակազմի վերապատրաստում:

-           Հունաստանում՝ ի տարբերություն արևմտյան աշխարհի այլ երկրների, այսպես կոչեցյալ lockdown-ը կիրառվեց շատ ավելի շուտ,

-           Մարտի 11-ից փակվեցին դպրոցները, մանկապարտեզները: Մի քանի օր հետո արգելվեց անհրաժեշտություն չունեցող տեղաշարժը: Փակվեցին սրճարանները, ռեստորանները, բառերը, առևտրային մանրածախ և մեծածախ կենտրոնները, կինոթատրոնները և թանգարանները /ս.թ. մարտի 12-ին գրանցվեց կորոնավիրուսով հիվանդի առաջին մահը/,

-           Հույների գրեթե 80 %-ը ենթարկվեց ինքնամեկուսացման խիստ կանոններին և հաջողվեց համեմատաբար վերահսկողության տակ պահել կորոնավիրուսի տարածումը,

-           Հունաստանի կառավարության որոշման համաձայն թվայնացվեցին քաղաքացի–պետական, մասնավոր ոլորտ մի շարք գործառույթներ: Պետական համակարգում ըստ աշխատանքի բնույթի հաստատվեց հեռակապով աշխատանքի հնարավորությունը: Հեռակապը հաստատվեց Հունաստանի կյանքում.

-           Պետություն և Եկեղեցի համագործակցության շրջանակներում սահմանափակվեց մարդկանց զանգվածային մուտքը եկեղեցի, իսկ ավելի ուշ արգելվեց: Սուրբ Զատիկի ս.թ. ապրիլի 19-ի արարողությունը կատարվեց առանց քաղաքացիների մասնակցության` փակ ռեժիմով,

-           Հունաստանի ԱԳՆ-ի և օտար պետություններում Հունաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից կազմակերպվեց, արտերկրներում գտնվող Հունաստանում մշտական բնակություն ունեցող հույների  վերադարձը։

 

ՕՐԵՐ- Ինչպիսի՞ն էր ազգաբնակչության  եւ կառավարության համագործակցությունը։  Այժմ ապագայի ի՞նչ կանխատեսումներ են արվում։ 

Ֆադեյ Չարչօղլյան-Կարծում ենք, որ այս ծանր շրջանում ազգաբնակչության  և  կառավարության համագործակցության արդյունավետության հաջողության գրավականը կառավարության և հասարակության միասնությունն ու միմյանց նկատմամբ փոխվստահությունն է:

Չնայած հասարակության ներսում առկա բազմաթիվ խնդիրների և տարաձայնությունների, ընդհանուր առմամբ, փոխվստահության և համերաշխության մթնոլորտ է տիրում:

Հունաստանում կորոնավիրուսի դեմ կանխարգելիչ քայլերի շրջանակում Հունաստանի Կառավարույթյունը Հանրային Ծախսերի Անկախ Մարմնի` Հարկային մարմնի օգնությամբ, Հունաստանի քաղաքացիներին պարբերաբար կորոնավիրուսի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն է  ուղարկում էլեկտրոնային փոստով:

Բացի այդ, կառավարության կողմից ձեռնարկվելիք քայլերի մասին  քաղաքացիներին հասանելի համապարփակ տեղեկատվությունը /այդ թվում  գործողությունների հերթականությունն ու ժամանակացույցը/ ևս վստահություն և հավատ էր ներշնչում  /մի գուցե մասամբ/՝ ցրելով քաոսային իրավիճակը և խուճապային տրամադրությունները: Հասարակությանը  մանրամասն ներկայացվում է տնտեսական աջակցության կառավարության մոտեցումները, նկատառումները և որոշումները: 

          Մայիսի 20-ին Հունաստանցի Հանրապետության վարչապետ` Կիրիակոս Միցոտակիսը հանրությանը ներկայացրեց «Համագործակցություն» աջակցության ծրագիրը՝ տնտեսության, զբաղվածության և զբոսաշրջության ոլորտներին աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ: Աջակցության ծրագրի ընդհանուր գումարը կկազմի  24 միլիարդ եվրո: Բիզնեսը երաշխավորող հիմնադրամի գործունեության շրջանակներում` 2020թ. համար մոբիլիզացվում է 7 միլիարդ եվրո:   Այսպիսով, բիզնեսն ունենալու է արագ և հեշտ ֆինանսավորման հնարավորություն, ընդ որում պետությունը երաշխավորում է վարկերի մինչև 80% -ը: Հունիսի 15-ից սկսում է գործել զբոսաշրջության ոլորտը:

ՕՐԵՐ- Դուք Հայաստանը ներկայացնում եք նաեւ Կիպրոսում, ուր շատ քիչ մարդիկ են հիվանդացել Քովիդ19-ով։ Ինչպե՞ս է այնտեղ ընթացել պայքարը եւ ի՞նչ արդյունքներ են գրանցել։

Ֆադեյ Չարչօղլյան-Կիպրոսի կառավարության կողմից ձեռնարկված  կորոնավիրուսի դեմ կանխարգելիչ քայլերի տրամաբանությունը, ընդհանուր առմամբ նման էր  հունական տարբերակին, սակայն ավելի կոշտ էր, ինչի արդյունքում էլ ավելի քիչ վարակակիրներ  ունեցան:

Կիպրոսը   ս.թ. մարտի 09-ին պաշտոնապես հրապարակեց  կորոնավիրուսի առաջին երկու հաստատված դեպքերի մասին և արդեն երկու օր անց Կիպրոսի տուրիզմի փոխնախարար Սավվա Պերդիուին հայտարարեց, որ  ս․թ․ մարտի 21-ից մինչև ս․թ․ ապրիլի 30-ը  չեն գործելու Կիպրոսի Հանրապետության տարածքում հյուրանոցները և զբոսաշրջային ենթակառուցվածքները։ Երկրում մտցվեց պարետային ժամ /մարտի 30-ից/:

Գիշերային պարետային ժամին, ոստիկանությունը օգտագործում էր ազգային պահակախմբին պատկանող մի շարք ջերմային տեսախցիկներ և անօդաչու սարքեր: Ազգային գվարդիայի համակարգ ներառվեց մի շարք հեռահար տեսախցիկներ՝ մինչև 20 կիլոմետր հեռավորության վրա, որոնք տեղադրվեցին հաստատուն կետերում, օդային դիտարկման համար օգտագործեցին անօդաչու սարքեր, նաև 4×4 անիվի սկավառակներում տեղակայված շարժական տեսախցիկները: Ճանապարհային երթևեկությունը վերահսկելու համար նոր խստագույն միջոցներով, արգելվում էր  երթևեկությունը 9-ից երեկոյան 6-ը: Ըստ Կիպրոսի առողջապահության նախարարության, ապրիլի  սկզբին նկատվեց անկման միտում։ Ս․թ․մայիսի 4-ից Կիպրոսը նույնպես սկսում է թուլացնել սահմանափակումները: Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսը հայտարարությամբ հանդես եկավ և նշեց, որ ս.թ. մայիսի 21-ին տեղաշարժի սահմանափակման արգելքները թուլացվելու են։

Տեղին է նաև հիշատակել, որ  COVID-19-ի համաճարակի դէմ տարվող աշխատանքների շրջանակներում կիպրահայ համայնքը ևս իր  աջակցություն է ցուցաբերել:

Կիպոսի Հայ Համայնքի Պետական Ներկայացուցիչ Վարդգէս Մահտեսյանի գործուն  մասնակցությամբ և  օժանդակությամբ իրականացվել է չինական կառավարության կողմից տրամադրած բժշկական օգնության /պաշտպանիչ  սարքեր, արտահագուստ, դիմակներ և այլ պարագաներ/ անվճար բեռնափոխադրումը և դրա փոխանցումը Կիպրոսի առողջապահության համակարգին:

ՕՐԵՐ-Ի՞նչ օգնություն է ցույց տվել Հայաստանի դեսպանությունը Հունաստանում եւ Կիպրոսում բնակվող ՀՀ քաղաքացիներին։  Համագործակցել ե՞ք  համայնքային կառույցների հետ։ Վարակակիրների թվում  հայեր կա՞ն։

Ֆադեյ Չարչօղլյան-Հունաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է Հունաստանում և Կիպրոսում բնակվող ՀՀ քաղաքացիների հետ, ինչպես նաև սերտ համագործակցություն է հաստատվել համայնքային կառույցների հետ: Մարտի 10-ից դեսպանությունում գործարկվել է <<թեժ գիծ>>, ինչպես նաև իրականացվել է Հունաստանում և Կիպրոսում գտնվող ՀՀ քաղաքացիների հաշվառում: Ամենօրյա ռեժիմով քաղաքացիներին թեժ գծի միջոցով տրամադրվում է անհրաժեշտ տեղեկատվություն, ինչպես նաև իրականացվում է հաշվառում (հաշվառվել է մոտ 50 քաղաքացի): Մարտի 18-ից Աթենք-Երևան չվերթների դադարեցման հետևանքով, քաղաքացիները տեղեկացվել են Աթենք-Մոսկվա-Երևան չվերթով վերադառնալու հնարավորության մասին, ինչից օգտվելով տասնյակ քաղաքացիներ վերադարձել են Հայաստան:

Մայիսի 7-ից դեսպանությունը վերսկսել է քաղաքացիների հյուպատոսական ընդունելությունը և ամբողջ ծավալով իրականացնում է հյուպատոսական ծառայությունների մատուցումը քաղաքացիներին:

Հունիսի 5-ին հյուպատոսն այցելելու է հայաշատ Սալոնիկ քաղաք և իրականացվելու է հյուպատոսական արտագնա ընդունելություն:

Ներկայումս ծայրահեղ վիճակում գտնվող ՀՀ քաղաքացիներ Հունաստանում և Կիպրոսում չկան:

 

ՕՐԵՐ- Հունաստանի համար կարեւոր խնդիր է նաեւ փախստականների ճամբարները եւ այնտեղ վարակի տարածման կանխարգելումը։ Ի՞նչ վիճակ է այնտեղ եւ ինչպիսի՞ հանգուցալուծում է  սպասվում։ 

           Ֆադեյ Չարչօղլյան-  Երբ Հունաստանի կառավարությունը որոշում կայացրեց փակել երկրի արտաքին սահմանները երրորդ երկրների քաղաքացիների համար ս․թ․ մարտի 18-ից՝ երեսուն օրով, միաժամանակ սահմանափակվեց  Հունաստանի տարածքում գտնվող փախստականների և միգրանտների տեղաշարժը։ Վերահսկողության տակ վերցվեցին Հունաստանում փախստականների և միգրանտների ճամբարները: Ցամաքային կամ ծովային սահմաններով երկիր մուտք գործող փախստականներին և միգրանտներին թեստավորում էին և ենթարկում 14 օրվա պարտադիր կարանտինի:

Առավոտյան ժամը 7-ից մինչև երեկոյան ժամը 7-ը՝ յուրաքանչյուր մեկ ժամ, հնարավորություն էր կտրվում փախստականների և միգրանտների մի սահմանափակ խմբին տեղաշարժվել դեպի քաղաքային կենտրոններ՝ իրենց պահանջները բավարարելու համար։ Ճամբարներում ձևավորվեցին հատուկ կենտրոններ՝ բուժօգնության կետերով և մեկուսացման վայրերով։

Փախստականներով և միգրանտներով գերծանարաբեռնված ճամբարները / կենտրոնները` հատկապես Էգեյան ծովի կղզիներում հնարավորինս մարդաթափվեցին: Նավերով փախստականների և միգրանտների մի զանգված տեղափոխվեց մայր ցամաք:

Միգրացիոն պայմանագրերի շրջանակներում, անչափահասները հատուկ չվերթներով տեղափոխվում են եվրոպական այլ երկրներ: Այս գործընթացը կրում է շարունակական բնույթ:

 

ՕՐԵՐ- Ամառային հանգստի հետ կապված, այս երկրները նախատեսու՞մ են զբոսաշրջիկների համար բացել ծովափնյա հանգստավայրերը։

Ֆադեյ Չարչօղլյան-Այո, թե´ Հունաստանը և թե´ Կիպրոսն արդեն հայտարարել են այդ մասին և այն մեկնարկելու է  ս.թ. հունիսի 15-ից: Երկու երկրներն էլ կանոնակարգեր են մշակել օտարերկրյա քաղաքացիների և զբոսաշրջիկների համար:  

Ս.թ. հուլիսի 1-ից թույլատրվելու են թռիչքներ և վայրէջքներ Հունաստանի բոլոր օդանավակայաններից: Հունասատանը կընդունի համաճարակաբանական լավ տվյալներ ունեցող երկրների քաղաքացիներին: Բոլոր այցելուները կենթարկվեն հատուկ նմուշագրման թեստի:

Պաշտոնական տեղեկատվության համաձայն / ԱԳՆ կայք/, դեպի Հունաստան միջազգային թռիչքները վերսկսվելու և իրականացվելու են երեք փուլով.

Առաջին փուլ` մինչև ս.թ. հունիսի 15-ը /թույլատրվում են միջազգային թռիչքներ միայն Աթենքի օդանավակայան, բոլոր այցելուները  ենթարկվում են թեստավորման և պարտավոր են մեկ գիշեր անցկացնել սահմանված հյուրանոցում/:

Երկրորդ փուլ` ս.թ. հունիսի 15-ից մինչև ս.թ.հունիսի 30-ը /թույլատրվում են միջազգային թռիչքներ Աթենքի և Սալոնիկի օդանավակայաններ, և եթե ուղևորը ժամանել է օդանավակայանից որը նշված չէ EASA- ի affected area /ցավոք Հայաստանը այդ ցանկում ներառված չէ/ ցանկում, ապա ուղևորը ժամանելուն պես ենթարկվում է random test-ի: Ուղևորը/ զբոսաշրջիկը պարտավոր է մեկ գիշեր անցկացնել սահմանված հյուրանոցում և եթե թեստի պատասխանը բացասական է, ապա նա ինքնամեկուսանում է 7 օրով, իսկ եթե թեստի պատասխանը դրական է, ապա ուղևորը ենթարկվում է 14 օրյա կարանտինի ` գտնվելով վերահսկողության տակ:

Երրորդ փուլ ս.թ. հուլիսի մեկից /թույլատրվում են միջազգային թռիչքներ Հունաստանի բոլոր օդանավակայաններ: Ժամանելուն պես ուղևորը ենթարկվում է random test-ի/: Որոշ երկրների վերաբերյալ լրացուցիչ սահմանափակումները կհայտարարվեն ավելի ուշ:

Կիպրոսը ակնկալում է ընդունել մոտ 600,000 ուղևոր, այդ մասին հայտարարեց տրանսպորտի նախարար Յաննիս Կարուսոսը նշելով, որ Կիպրոսի իշխանությունները ջանքեր են գործադրում երկրի օդային կապը հնարավորինս լավ վերականգնելու ուղղությամբ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հունգարական /ցածր գներով/ WIZZ AIR ավիաընկերության հետ : Սկզբում կլինի երկու ինքնաթիռ, որոնց թիվը հետագայում կավելանա, մինչդեռ ևս 11 չվերթ դեպի 11 օդանավակայաններ և յոթ երկիր կխթանեն ընթացիկ երթուղին:

 

ՕՐԵՐ- Եթե ամփոփելու լինենք վերջին երեք ամիսների համավարակի դեմ հունական եւ կիպրական պայքարի փորձառությունը, ի՞նչը հատկապես օրինակելի կհամարեիք։ 

Ֆադեյ Չարչօղլյան-Ամփոփելով վերջին  ամիսների համավարակի դեմ հունական և կիպրական պայքարի գործելաոճի տրամաբանությունը և գրանցված դրական ցուցանիշները, օրինակելի կարելի է համարել.

Առաջինը՝ կառավարություն-հասարակություն փոխվստահությունը, կարգապահությունը և աշխատանքների հետևողականությունը:

Երկրորդը՝ ազգաբնակչության կողմից իշխանությունների քայլերի կանխատեսելությունը և  թափանցիկությունը:

Ծանոթություն. Հունաստան- Ս.թ. հունիսի 2-ի պաշտոնական տվյալների համաձայն Հունաստանում կորոնավիրուսով վարակակիրների  ընդհանուր թիվը կազմում է 2.937: Մահացածների ընդհանուր թիվը` 179: Ապաքինվել է 1374 մարդ:  Մինչ օրս 185 520 լաբորատոր թեստ է արվել։

Կիպրոս- Հունիսի 2-ի պաշտոնական տվյալների համաձայն Կիպրոսում կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմում է 952 մարդ։ Մահացածների ընդհանուր թիվը 17։ Ապաքինվել է 790 մարդ: Մինչ օրս 123 316 լաբորատոր թեստ է արվել։

 

ՕՐԵՐ