Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

Հունիսի 1, 2020, Երևան. Բարեկարգված և արդիականացված քաղաքային այգին կդառնա գեղեցիկ հանրային ժամանցի վայր Դիլիջանում՝ նպաստելով քաղաքի զբոսաշրջային գրավչությանը, ստեղծելով սոցիալական ձեռներեցության նոր ձևաչափ, ներգրավելով բազմաթիվ շահագրգիռ կողմերի և զարգացնելով համայնքի ենթակառուցվածքները: 

Այգու պաշտոնական բացումը կկայանա առաջիկայում, երբ Հայաստանում կորոնավիրուսային (COVID-19) վարակի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակը բարելավվի և կայունանա:

Այգու բարեկարգման աշխատանքներն ընթացել են մի քանի փուլով «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի «Զբոսաշրջության և քաղաքային զարգացման» (ТURBO) հարթակի կողմից «Դիլիջանի զարգացում» ծրագրի շրջանակում՝ Դիլիջանի քաղաքապետարանի և Տավուշի մարզպետարանի հետ համագործակցությամբ: Նախագծի երկրորդ փուլն իրականցվել է 2020 թ.-ին:

Դիլիջանի քաղաքապետարանի թույլտվությամբ և աջակցությամբ այգու տարածքից ապամոնտաժվել են հին և շահագործման համար ոչ պիտանի կառուսելները:

Բարեկարգված այգին կընդունի իր այցելուներին IDeA հիմնադրամի կողմից տեղադրված նոր ատրակցիոններով, ինչպես նաև գործընկերների և շահագրգիռ կողմերի ներգրավվածությամբ պահպանված և արդիականացված հին կառուսելներով:

«Դիլիջանի քաղաքային այգու վերածնունդը շատ կարևոր քայլ է Դիլիջան քաղաքի համար՝ ոչ միայն որպես փոքրիկ, գեղատեսիլ քաղաք, այլ նաև որպես զբոսաշրջային կենտրոն: Քաղաքային բնակավայրերի զարգացման ծրագրերը մեր ժամանակներում առաջնահերթ նշանակություն ունեն: Այս առումով քաղաքային զբոսայգին Դիլիջանի կարևորագույն և հիմնական բաղադրիչներից է: Շատ ուրախ եմ, որ Դիլիջանում, որը լուրջ զարգացման հեռանկարներ ունի, մենք ունենք ժամանակակից հաճելի զբոսայգի: Շնորհակալություն եմ հայտնում IDeA հիմնադրամին՝ Տավուշի և տավուշցիների կյանքում իր շարունակական աջակցության համար»,- ասում է ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:

Զբոսայգու տարածքում բացվել է նաև VereV պարանայգին, որը կդառնա սոցիալական ձեռներեցության նոր մոդել Դիլիջանում՝ պահպանելով հանրային կանաչ տարածքները և ստեղծելով նոր միջավայր ակտիվ սպորտաձևերի և էկոտուրիզմի սիրահարների համար: Այն կխթանի նաև առողջ ապրելակերպն ու տարբեր սպորտաձևերի նկատմամբ հետաքրքրությունը:

Այգու տարածքում ամբողջությամբ պահպանվել են և վերամշակվել կանաչ տարածքները, կառուցվել է բասկետբոլի համար նախատեսված խաղադաշտ և  համայնքային տարբեր միջոցառումների համար բացօթյա թատրոն, հատկացվել է նաև սեղանի թենիսի համար տարածք:

Այգու բարեկարգման նախագծում իրենց աջակցությունն ու ներդրումն են ունեցել IDeA հիմնադրամի գործընկերներն ու բարերարները, ինչպես նաև հայաստանյան տարբեր կազմակերպություններ, անհատ բարերարներ, մշակույթի և արվեստի կենտրոններ, Դիլիջան համայնքի ներկայացուցիչներ:

Բարեկարգման աշխատանքների շնորհիվ Դիլիջանում ստեղծվել է ավելի քան 10 աշխատատեղ, որում ներգրավվել են տեղի բնակիչները: Քաղաքային այգու հասույթն ամբողջությամբ կուղղվի այգու պահպանմանն ու արդիականացման հաջորդ փուլերին, ինչպես նաև համայնքային զարգացման ծրագրերին:

«IDeA հիմնադրամը շարունակական եւ մեծածավալ նախագծեր է իրականացնում Դիլիջանում: Բարեկարգված քաղաքային այգին մաս է կազմում IDeA հիմնադրամի ավելի լայն տեսլականի, այն է՝ Դիլիջանը դարձնելու մշակութային, կրթական, առողջապահական և զբոսաշրջային առաջատար կենտրոն։ Վստահ ենք՝ այգին կդառնա դիլիջանցիների և զբոսաշրջիկների սիրելի վայրը»,-ասում է IDeA հիմնադրամի «Դիլիջանի զարգացում» ծրագրի ղեկավար Նունե Հարոյանը:

Զբոսայգու բարեկարգման առաջին փուլն իրականացվել էր դեռ 2018 թ.-ին, որի ընթացքում վերականգնվել էին երկար տարիներ չխնամված և լքված վիճակում գտնվող այգու ճեմուղիներն ու խաղահրապարակը, տեղադրվել էին նստարաններ ու աղբամաններ, արդիականացվել էր այգու լուսավորությունը։  

Քաղաքային զբոսայգին կհամալրի Դիլիջանում IDeA հիմնադրամի կողմից արդեն կյանքի կոչված մի շարք հաջողակ ծրագրեր, որոնցից են UWC Դիլիջանի դպրոցը, Համայնքային կենտրոնը, Արվեստների և արհեստների կենտրոնը (MADE), Զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնը: