Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
Մայիսի 28-ին Հանրապետության օրվա առիթով Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի և Տ․ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի ուղեկցությամբ այցելեց Սարդարապատի հուշահամալիր։
Վեհափառ Հայրապետը Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի և Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ միասին հարգանքի տուրք է մատուցել մայիսյան հերոսամարտերում զոհվածների անմար հիշատակին, աղոթք արել նրանց հոգիների հանգստության համար։

Ն.Ս.Օ.Տ.Տ.  ԳԱՐԵԳԻՆ ԵՐԿՐՈՐԴ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ

ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ

 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հանրապետության օրվա առիթով ողջույն ենք հղում համայն մեր ժողովրդին ի հայրենիս և ի սփյուռս և բերում Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքները:

Այսօր ոգեկոչում ենք Առաջին Հանրապետության հաստատման հիշատակները, որոնք մատուցում են մեզ հայրենասիրության, հավատքի, միասնականության ոգով հաղթանակելու օրինակը: Նվիրական այս օրը մեր հայացքն ուղղում ենք դեպի Սարդարապատի հուշահամալիր, որը պանծացումն է մեր ժողովրդի ազատատենչ ու հերոսական մաքառումի, մայիսյան հերոսամարտերում հայոց բանակի, աշխարհազորի և զինվորյալ հոգևորականների անձնուրաց պայքարի գնով ձեռք բերված փառավոր հաղթանակի։ Այսօր նաև մեր խոնարհումն ենք բերում երջանկահիշատակ Գևորգ Ե Հայոց Հայրապետին, ով իր աննկուն կեցվածքով, խրոխտ խոսքով զորացրեց ոգին հայոց քաջերի և անուրանալի վաստակ ունեցավ հաղթանակների կերտման լուսավոր գործում։ Մայիսյան հերոսամարտերում գերագույն ջանքերով պաշտպանելով հայրենիքը՝ մեր ժողովուրդը երկարատև դադարից հետո վերականգնեց ազգային պետականությունը, որին նվիրեց իր բոլոր ուժերը, իր զավակների կյանքը՝ իրագործելու վաղնջական իր բնօրրանում ազատ ապրելու իրավունքը և խաղաղ զարգանալու տեսլականը:

Սիրելիներ, մեր պարտքն է այդ վառ տեսլականով ջանքեր ներդնել՝ հանուն հզոր հայրենիքի, մեր ժողովրդի բարօր ու ապահով կյանքի և ազգային մեր նվիրական իղձերի իրականացման։ Վստահ ենք, որ բազում դժնդակ օրեր հաղթահարած մեր ժողովուրդը հայրենասեր ոգով, միաբան ջանքերով կհաղթահարի նաև մեր ազգի ու երկրի առջև ծառացած ներկա մարտահրավերները՝ բարձր պահած անկախ պետականության դրոշը, հավատարիմ` քրիստոնեական արժեքներին, մեր հայրերի առ Աստված սրբազան հավատքին:

Աղոթում ենք և հայցում, որ Ամենակալ Տերը Իր Սուրբ Աջի ամենախնամ հովանու ներքո խաղաղության մեջ պահի ու պահպանի աշխարհը համայն, հայրենի մեր երկիրը և զորակից լինի մեր ժողովրդին՝ նորանոր հաջողություններ արձանագրելու ազգային ու հայրենական մեր անդաստանում։

Աստծո ողորմությունն ու շնորհները թող մեզ հետ լինեն և բոլորի` այսօր և միշտ. ամեն: