Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Մասնակցել են Հայաստանի դեսպանը, Ռումինահայոց թեմի առաջնորդն ու Ռումինահայոց միության նախագահը

Մայիսի 28-ին Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանը ու Ռումինահայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը Բուխարեստի հայկական գերեզմանատանը մասնակցեցին Հայոց պետականության վերականգնման ու Առաջին Հանրապետության հիմնադրման առթիվ Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ ու Բուլղարիայի հայոց թեմի Առաջնորդական Տեղապահ գերշ. Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի հանդիսապետությամբ՝ Առաջին համաշխարհային պատերազմի և Մայիսյան հերոսամարտերի ժամանակ նահատակված քաջարի զինվորների ու քաղաքական-հասարակական գործիչների հոգիների հանգստության համար կատարված ծեսին:

Ներկաներն իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Հայաստանի անկախության, ինչպես նաև այդ ժամանակ Հայաստանի փաստացի դաշնակից հանդիսացող Ռումինիայի անկախության և միավորման համար հերոսաբար կռված ու պայքարած բոլոր հայորդիների հիշատակին: Արարողության ընթացքում գոհաբանական աղոթք բարձրացվեց առ Աստված՝ Հայաստանի Հանրապետության անսասանության, խաղաղության ու բարօրության համար:

Արարողության ավարտին մասնակիցները ծաղկեպսակ զետեղեցին ու ծաղիկներ խոնարհեցին Հայաստանի Առաջին հանրապետության կայացման գործում զգալի ավանդ ունեցած և Բուխարեստի հայկական գերեզմանատանը թաղված նշանավոր անհատների, այդ թվում Սարգիս Արարատյանի (1919թ. օգոստոսի 5-ից մինչև 1920թ. մայիսի 5-ը եղել է Հայաստանի Առաջին Հանրապետության ֆինանսների նախարար, 1920թ. մայիսի 5-ից նոյեմբերի 23-24-ը՝ պարենավորման, հասարակական օգնության նախարար, իսկ 1920թ. սեպտեմբերից մինչև նոյեմբերը զբաղեցրել է ներքին գործերի նախարարի պաշտոնը), Արսեն Տեր-Պողոսյանի (ազգային, ռազմական գործիչ, Բաշ-Ապարանի հերոսամարտի կազմակերպիչ - աշխարհազորի հրամանատար), Կուռ (Սուրեն) Թարխանյանի (ազգային ազատագրական շարժման գործիչ, Բաղեշի, Խնուսի, Ալաշկերտի, Սուրմալուի և Բաշ-Ապարանի ճակատամարտերի մասնակից, Դրաստամատ Կանայանի օգնական) և Հարություն Խնդիրյանի (գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ, Ռումինիայում առաջին ՀՀ Գլխավոր հյուպատոս, Ռումինահայոց միության հիմնադիրներից) գերեզմաններին:

 

 

Այս առիթով հրապարակվեց Սրբազան Հոր շնորհավորական ուղերձը, ուր թեմակալ առաջնորդն անդրադառնում է մայիսյան հերոսամարտերի հսկայական նշանակությանը՝ մասնավորապես նշելով. ,,Այսօր աշխարհասփյուռ հայությունը նշում է 1918թ. մայիսի 28-ին կատարված մեծագույն իրադարձության պանծալի հիշատակը: Այդ օրը կերտվեց, ստեղծվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը: Ընդհանրապես 20-րդ դարը հայ ժողովրդի համար նշանավորվեց երեք հանրապետություններով, որոնց սկիզբը դարձավ 1918թ մայիսի 28-ի հաղթանակն ու Անկախ Հանրապետության ամրագրումը: 1918 մայիսի 21-28-ը տեղի ունեցած հերոսական ճակատամարտերում հայկական կամավորական ուժերին հաջողվեց միասնական ջանքերով ջախջախիչ հարված հասցնել թուրքական կանոնավոր բանակին: Հայ ժողովուրդն իր մեջ ուժ գտավ իր միասնությամբ և մարտնչող զավակների արյան գնով կերտելու Սարդարապատի, Բաշ-Ապարանի ու Ղարաքիլիսիայի հերոսամարտերը, որոնք որոշիչ դարձան երկրի ու պետության համար և ազադարարեցին Հայոց պետականության վերականգնման մասին: Այդ հենքի վրա է, որ հետագային կայացավ մեր երրորդ հանրապետությունը` այսօրվա Հայաստանը, անկախ Արցախը: Հարյուրամյակների ընդմիջումից հետո, կոտորածներ ու ցեղասպանություն կրած հայ ժողովուրդը հերոսական մաքառումով, իր հարուցյալ կյանքի հավատով 1918 թվականին վերստին կերտեց հայոց պետականությունը: Մեր ժողովրդի հանդեպ գործված Մեծ Եղեռնն ի զորու չեղավ անգամ սասանելու հարության մեր հավատը, որի շնորհիվ եղեռնից մազապուրծ եղած հայությունը մոխիրներից ծնունդ տվեց Հայաստանի Առաջին Հանրապետությանը: Այսօր մենք խոնարհումով ու աղոթքով ենք հիշում հայրենյաց պաշտպան բոլոր քաջորդիներին, ովքեր իրենց կյանքը նվիրեցին, որպեսզի օր առաջ ծնունդ առնի ազատ և անկախ հայ պետականությունը:

Շնորհավորում եմ բոլորիս և համայն հայ ժողովրդին: Մաղթում եմ միասնություն, քանզի մեր բոլոր նվաճումները մեր միասնության ու կայունության արդյունք են: Միասնությամբ տեր կանգնենք մեր ժողովրդի պատմությանն ու նվաճումներին, ապրենք եղածը պահպանելու և եկող սերունդներին փոխանցելու վճռականությամբ:  Փառք տանք հերոս զավակներ ծնած մեր հերոս մայրերին, գլուխ խոնարհենք բոլոր ժամանակներում անկախությանն ու ազատությանն իրենց կյանքը նվիրած մեր բազում նահատակների հիշատակի առաջ:

Աղոթում ենք առ Աստված Հայաստանի Հանրապետության և Արցախի հանրապետության բարգավաճման համար՝ մաղթելով,  որ մեր ժողովուրդը խաղաղության մեջ կերտի իր լուսավոր ու հայրենանվեր ապագան,,: