Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

 Նախագահ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչի հետ

Չեռնոգորիան եվրոպական առաջին երկիրն է, որը հաղթահարել է կորոնավիրուսի համավարակը։  Կորոնավիրուսով վարակվել էր 324 մարդ, մահացել էր՝ 9ը։

Մայիսի 25-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչի հետ:

Նախագահ Սարգսյանն իր ողջույններն է փոխանցել Միլո Ջուկանովիչին, որի ծրագրված պաշտոնական այցը Հայաստան հետաձգվել է կորոնավիրուսի համավարակի պատճառով:

Հայաստանի և Չեռնոգորիայի նախագահները տեղեկություններ են փոխանակել երկու երկրներում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակի մասին, անդրադարձել դրա հետևանքով առաջացած մարտահրավերներին ու դրանց հաղթահարմանն ուղղված երկու երկրների ու միջազգային հանրության ջանքերին:

Նախագահները մտքեր են փոխանակել նաև միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ: Մասնավորապես անդրադարձ է եղել Եվրամիության հետ համագործակցության Հայաստանի և Չեռնոգորիայի փորձին:

Նախագահ Սարգսյանն ու նախագահ Ջուկանովիչը կարևորել են նաև երկու բարեկամ երկրների միջև փոխհարաբերությունների խորացումը: Նշվել է, որ զարգացման մեծ ներուժ է առկա հատկապես ծառայությունների, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության ոլորտներում: Այս համատեքստում անդրադարձ է եղել նաև Հայաստանի քաղաքացիների համար առանց մուտքի արտոնագրի ռեժիմ սահմանելու հարցին:

 

Սերբիան պատրաստակամ է կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցել Հայաստանին.

նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել նախագահ Ալեքսանդար Վուչիչի հետ

 

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդար Վուչիչի հետ:

Նախագահներն անդրադարձել են կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրավիճակին, տեղեկություններ փոխանակել համավարակի կանխարգելման և դրա հետևանքների հաղթահարմանն ուղղված միջոցառումների մասին, խոսել իրավիճակից դուրս գալու լուծումների մասին:

Սերբիայի նախագահն ընդգծել է, որ իր երկիրը պատրաստակամ է անհրաժեշտության դեպքում աջակցել Հայաստանին՝ նշելով, որ իրենք շահագրգռված են, որ բարեկամ Հայաստանի ժողովուրդը կարողանա արագ հաղթահարել համավարակն ու դրա հետևանքները: Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել սերբ գործընկերոջը՝ նշելով, որ առողջապահության նախարարության հետ ճշգրտումներից հետո համապատասխան տեղեկություն կփոխանցվի սերբական կողմին:

Նախագահներ Արմեն Սարգսյանն ու Ալեքսանդար Վուչիչն անդրադարձել են նաև երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված քայլերին և անցած տարի նախագահ Սարգսյանի՝ Սերբիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին, այդ թվում՝ Հայաստանում Սերբիայի դեսպանատան բացմանը, որը նախատեսված էր այս տարի գարնանը և հետաձգվել էր համավարակի պատճառով:

Նախագահները վերահաստատել են, որ երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների զարգացմանն ուղղված բոլոր պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն: Նրանք ևս մեկ անգամ ընդգծել են համագործակցության մեծ ներուժը մասնավորապես տեղեկատվական տեխնոլոգիաների, սննդի անվտանգության, գյուղատնտեսության ոլորտներում, վստահություն են հայտնել, որ մուտքի արտոնագրերի երկուստեք վերացումը կնպաստի գործարար կապերի ակտիվացմանն ու զբոսաշրջության զարգացմանը: