Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Նախագծի նպատակն է խթանել, աջակցել եւ ցույց տալ ուսանողական այն ծրագրերը, որոնք նորարարական եւ կայուն լուծումներ են առաջարկում մարդասիրական խնդիրների համար: 

Ուրախ ենք հայտարարել, որ չնայած ներկա իրավիճակով պայմանավորված բոլոր դժվարություններին՝ UWC դպրոցների եւ Աֆրիկյան առաջնորդության ակադեմիայի 13 թիմերն իրենց նախագծերով կմասնակցեն 2020 թ. «Երիտասարդական Ավրորային»: Նախագիծն իրականացվում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության, «Միացյալ աշխարհի քոլեջների», Scholae Mundi կրթական հարթակի եւ Teach For All համաշխարհային ցանցի համագործակցությամբ: Յուրաքանչյուր մասնակից դպրոցի թիմ կներկայացնի մեկ նախագիծ, իսկ եզրափակիչ անցած թիմերն այս տարվա հոկտեմբերին իրենց նախագծերն առցանց կներկայացնեն ժյուրիին, որի կազմում են ակնառու մարդասերներ, ձեռներեցներ եւ համաշխարհային առաջնորդներ: Նախագծերը գնահատվում են ըստ առաջարկված կայուն լուծումների, ստեղծարարության, հետազոտության որակի եւ հնարավոր ազդեցության, ինչպես նաեւ նվիրվածության եւ ինքնահայեցողության համար: Հաղթող թիմը կստանա 4.000 ԱՄՆ դոլար դրամաշնորհ՝ նախագծի հետագա զարգացման համար: 

 

«Երբ աշխարհը պայքարում է կորոնավիրուսի համավարակի դեմ, կարիք կա ոգեշնչող անհատների, որոնք կարող են լուծումներ առաջարկել հրատապ խնդիրներին եւ հույս տալ մարդկանց: Հիմա առավել, քան երբեւէ մենք կարիք ունենք երիտասարդ առաջնորդների, որոնց շարժիչ ուժը համամարդկային արժեքներն են. ճիշտ այդպիսին է մեր նախագիծը: «Երիտասարդական Ավրորան» միավորում է ուսանողների, որոնք խորապես մտահոգ են այլ մարդկանց խնդիրներով եւ ձգտում են օգնել նրանց: Տեսնել, թե ինչպես են երիտասարդներն այսպիսի գերազանց գաղափարներ առաջարկում, միշտ էլ ոգեւորիչ է: Բայց այս տարի այն առանձնահատուկ նշանակություն ունի, եւ ես անհամբեր սպասում եմ նոր նախագծերի, որոնք լուծումներ կառաջարկեն արդի մարտահրավերներին»,- ասաց UWC Դիլիջան միջազգային դպրոցի կառավարիչների խորհրդի նախագահ եւ Scholae Mundi կրթական հարթակի համահիմնադիր Վերոնիկա Զոնաբենդը:

 

Իր գոյության չորս տարվա ընթացքում «Երիտասարդական Ավրորան» 44 նախագիծ է ներկայացրել UWC դպրոցների ցանցից, իսկ 2018 թվականից սկսած՝ նաեւ Աֆրիկյան առաջնորդության ակադեմիայից: Այս նախագծերն առաջարկել են տարաբնույթ խնդիրների լուծումներ՝ Գերմանիայի Ֆրայբուրգ քաղաքում փախստականներին բարեգործական առցանց խանութի միջոցով աջակցելուց (2017 թ. «Երիտասարդական Ավրորայի» հաղթողներ), Չինաստանի Չանշու քաղաքում երեխաների սեռական շահագործումը կանխելուց (2018 թ. «Երիտասարդական Ավրորայի» հաղթողներ) մինչեւ շնչառական հիվանդությունների դեպքերի նվազեցում Տանզանիայի Մոշի քաղաքում բնակվող ընտանիքների շրջանում (2019 թ. «Երիտասարդական Ավրորայի» հաղթողներ):

 

«Երիտասարդական Ավրորան» հնարավորություն է ընձեռում երիտասարդներին զարգացնելու իրենց հմտություններն ու դառնալու իրական փոփոխություն իրականացնողներ: 2019 թ. «Երիտասարդական Ավրորայի» հաղթող UWC Արեւելյան Աֆրիկայի «Անծուխ խոհանոցներ» թիմի անդամ Յահայա Նդուտուն ամենաշատը հենց դա է գնահատում նախաձեռնությանը մասնակցելու ընթացքում ձեռք բերած փորձից. «Սա փորձառություն էր եւ ապացույց, որ նույնիսկ պատանիները  ճիշտ շարժառիթի եւ կազմակերպվածության դեպքում կարող են իրականացնել նախագծեր, որոնք փոխում են կյանքի որակը»: Հաշվի առնելով ներկա դժվարությունները, որոնք մեծապես ազդել են նաեւ երիտասարդների ուսումնառության վրա, «Երիտասարդական Ավրորան» նրանց համար մասնավորապես ինքնադրսեւորման ոգեշնչող հնարավորություն է՝ շարունակելու զարգացնել իրենց համայնքային նախագծերը եւ հղկելու իրենց մարդասիրական հմտությունները, որպեսզի գործի դնեն, երբ աշխարհն ամենաշատը կունենա դրա կարիքը:

 

«Մենք ուրախ ենք, որ չորրորդ տարին անընդմեջ ուսանողները հնարավորություն ունեն մասնակցելու այս միջազգային մրցանակին, որը ճանաչման է արժանացնում երիտասարդ առաջամարտիկներին: «Երիտասարդական Ավրորան» մարտահրավեր է նետում մեր ուսանողներին՝ օգտագործելու եւ իրագործելու աշխարհի տարբեր անկյուններում գործող UWC դպրոցներում ստացած իրենց հմտությունները եւ գաղափարները, որոնք կօգնեն իրական խնդիրների լուծմանն իրենց համայնքներում: Անհամբեր սպասում ենք, թե նրանք ինչ նախագծեր կմշակեն ու կներկայացնեն այս տարի»,- ասաց UWC International-ի գործադիր տնօրեն Յենս Ուոլթերմանը:

 

2020 թ. «Երիտասարդական Ավրորայի» մասին մանրամասները՝ այստեղ:

 

***

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մասին

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, ձգտում է հնարավորություն տալ մերօրյա հերոսներին՝ կյանք եւ հույս պարգեւել նրանց, ովքեր մարդասիրական աջակցության խիստ կարիք ունեն ողջ աշխարհում, այսպիսով՝ շարունակել մարդասիրության շղթան աշխարհով մեկ: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը գործով արտահայտված երախտագիտություն է: Այն նպատակ ունի ութ տարի շարունակ (2015-2023թթ.՝ ի հիշատակ ութ տարի տեւած Հայոց ցեղասպանության՝1915-1923թթ.) աջակցել մարդկանց, ովքեր վտանգելով իրենց կյանքը` կնպաստեն այնպիսի համաշխարհային նախագծերի իրագործմանը, որոնք կբարելավեն առավել կարիքավոր եւ աղքատ մարդկանց կյանքը: Սա իրագործվում է նախաձեռնության տարբեր ծրագրերի օգնությամբ՝ «Ավրորա» մրցանակ, Aurora Dialogues քննարկումների շարք, «Ավրորա» մարդասիրության ցուցիչ, Երախտագիտության նախագծեր եւ 100 LIVES ծրագիր: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի եւ Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկումն է, որոնց արդեն միացել են հազարավոր աջակիցներ եւ գործընկերներ: Նախաձեռնության նախագահ բժիշկ Թոմ Քաթինան, իր մարդասիրական գործունեության փորձառությամբ, սփռելու է «Ավրորայի»՝ «Երախտագիտությունն` ի գործ» ուղերձն աշխարհով մեկ եւ համախմբելու բոլորին համընդհանուր մարդկայնության շուրջ:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ներկայացված է երեք կազմակերպությունների կողմից՝ Aurora Humanitarian Initiative հիմնադրամ (Նյու Յորք, ԱՄՆ), 100 Lives հիմնադրամ (Ժնեւ, Շվեյցարիա) եւ IDeA հիմնադրամ (Երեւան Հայաստան):

Ավելին՝ www.auroraprize.com