Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

Զարմանալի ուշացումով Հայաստանում վերջապես  որոշեցին՝ պետք է  պարտադիր դիմակ կրել։ Չեխիայում մարտի 12-ից հայտարարված արտակարգ դրության ողջ շրջանում դիմակ կրելը եղել է պարտադիր։ Մարդիկ կրել են առանց տրտնջալու եւ լիովին աջակցել են կառավարության որոշումներին։ Արդյունքում գրեթե երեք ամիս անց Չեխիան անցնում է կատարում ազատականացման նոր փուլին։

Բայց մինչ այդ ցանկանում եմ անդրադառնալ հայաստանյան մամուլում ու սոցիալական էջերում բարձրացված հակադիմակային հիստերիային, որը մեկ անգամ եւս ցույց է տալիս մեր հասարակության գրագիտության ցածր աստիճանը։

Երբ Չեխիայում հայտարարվեց դիմակների պարտադիր օգտագործման անհրաժեշտությունը, այստեղ էլ դեղատներում ու խանութներում դիմակ չկար։ Բայց մարդիկ իրենց տներում եւ կարի արտադրամասերում սկսեցին դիմակներ կարել ու հարեւաններին ու սոցիալական անապահով խավերին բաժանել։ Հայտնի դեմքերը սկսեցին գովազդային հոլովակներ թողարկել՝ ՚՚Իմ դիմակը պաշտպանում է քեզ, քո դիմակը՝ ինձ՚՚ կարգախոսով։

Ընդ որում, տանը կարված դիմակներն ավելի պրակտիկ են եւ նրանք կրելով՝ ավելի հեշտ կարող ես շնչել, քան բժշկական այն դիմակները, որոնք օգտագործելուց հետո, պետք է մի կողմ նետես։

Որտե՞ղ է անհրաժեշտ դիմակներ կրել։

Նախ, հանրային բոլոր վայրերում՝ խանութներ, դեղատներ, տրանսպորտային միջոցներ, այլ փակ տարածքներ։ Փողոցում կամ այգիներում, եթե մարդ չկա, իհարկե, կարող ես դիմակը իջեցնել բերանի մոտ եւ նորմալ շնչել, սակայն երբ տեսնում ես, որ մարդ է գալիս, պետք է բարձրացնես։ Այլապես եթե անցորդը հանկարծ քո կողքով անցնելիս հազաց կամ փռշտաց, ապա կարող է վարակը փոխանցել։ Ռեստորաններում, սրճարաններում,  որոնք այսօրվանից բացվել են, պետք է 1.5 մետր հեռավորության վրա լինեն սեղանները, հաց ուտելիս դիմակ չպետք է դնել, բայց  արտաքնոց գնալիս, պետք է դնել, որպեսզի կողքի սեղանների մոտով անցնելիս ոչ մեկին հնարավոր վարակը չփոխանցես։ 

Իհարկե, մարդիկ պահպանում են նաեւ 1.5-2 մետր սոցիալական տարածությունը եւ իրար գլխի չեն հավաքվում։ Հիշում եմ, առաջին օրերին, նույնիսկ մայթն էին փոխում, որ քո կողքով չանցնեն։ Ձեռնոցներ հագնում են միայն մթերային խանութներ մտնելիս, մյուս դեպքերում ախտահանում են ձեռքերը խանութների մոտ դրված հատուկ ախտահանիչներով։ Շենքի դուռը կամ այլ դռներ բացում ենք կամ մեկանգամյա ձեռնոցով կամ թղթե թաշկինակով, որը հետո նետում ենք աղբի մեջ։ 

Ինչի՞ց է պաշտպանում դիմակը։  

Նախ, եթե որեւէ մեկը վիրուսակիր է, եւ ինքը դեռ չգիտի այդ մասին, կանխարգելում է, որպեսզի այն փոխանցի մյուսին, որը նույնպես ունի դիմակ։ Եթե դիմացինը չունի դիմակ, ապա վարակելու հավանականությունն ավելի մեծ է, քան դիմակ կրելու պարագայում։ Չեխական հեռուստատեսությամբ նույնիսկ ասացին, որ դիմակների կրումը 90 տոկոսով կասեցնում է վարակի տարածումը։  Բացառիկ դեպքերում, եթե վարակակրի հետ նույն սենյակում եք մնում մի քանի ժամ, նման դեպքերում հնարավոր է նաեւ փոխանցվի։

Հաջորդ պայմանը՝ երբեք չբարեւել ձեռքով, իսկ ձեռքերով որեւէ դռան կամ  առարկայի հպվելու դեպքում, լվացվել կամ հատուկ լուծույթով ախտահանել ձեռքերը։ Մինչ այդ երեսին կամ աչքերին ձեռքով չկպչել։ 

Շատերի համար խնդիր է դիմակի պատրաստումը։

Չեխիայում առաջին իսկ օրերին շատ հետաքրքիր տարբերակներ էին առաջարկում։ Կարող ես դեմքը ծածկել շարֆով, վզկապով, նույնիսկ թաշկինակով։ Օրինակ տղամարդկանց մեծ թաշկինակի երկու ծայրերը կապում ես ռեզինով եւ անցկացնում ականջներին։ Շատ պրակտիկ տարբերակ է։ Կամ խոհանոցային մեծ անձեռոցիկները ծալում են եւ պատրաստում մեկանգամյա օգտագործման դիմակներ։

Հաջորդը՝ ինչպե՞ս խնամել դիմակները։

Կտորից դիմակները պետք է օճառով լվանալ եւ չորանալուց հետո, արդուկել։ Չեխիայում առաջարկում էին նաեւ, որպեսզի հաճախ չլվանաք կտորից պատրաստված դիմակները, այլ ներսից թղթե անձեռոցիկ դնել, եւ տուն վերադառնալուց հետո, այն նետել։ Սակայն կան մարդիկ, որոնց համար դժվար է թղթե անձեռոցիկի պայմաններում շնչելը, ուստի նրանք գերադասում են ամեն օր լվանալ, քան օգտագործել անձեռոցիկներ։ 

Չեխայում մարդիկ կարեցին ամենատարբեր գույների ու չափերի դիմակներ, նույնիսկ երբեմն դրանք համապատասխանեցնելով իրենց զգեստի կամ կոստյումի գույներին։ Մի աներեւակայելի մրցույթ էր սկսվել, թե ում դիմակն է ավելի գեղեցիկ։ 

 

Ազգաբնակչության արձագանքը

Մարդիկ հասկացան եւ կատարեցին այն, ինչ պահանջում էր կառավարությունը, միեւնույն ժամանակ քննադատելով կառավարության այն քայլերը, որոնք համարել են թերացումներ։ Ի դեպ, ավելացնեմ, որ դեռեւս մարտ ամսին, երբ մտցվեց դիմակ կրելու պահանջը, լրագրողները նկատել էին, որ ճգնաժամային շտաբի պետ, փոխվարչապետ, ներքին գործերի նախարար Համաչեկը մամուլի ասուլիսի ընթացքում  հանել է դիմակը, եւ նա ստիպված եղավ 10 հազար կրոն նախատեսվող տուգանքը, ինչը 500 դոլլար է, վճարել  վարակակիրներին բուժող հիվանդանոցին։ 

Շատ կարեւոր էին նաեւ երկրի գլխավոր համաճարակաբանի եւ գլխավոր հիգիենիկի ելույթները։ Դրանք մեծ ազդեցություն ունեցան բնակչության վրա։ 

Արդյունքում այսօր Չեխիան արդեն անցել է լայն ազատականցման՝ միայն հանրային փակ վայրերում թողնելով դիմակների կրումը, որն ըստ առողջապահության նախարարի կշարունակվի մինչեւ հունիսի վերջ։ 

Միայն մեկ օրինակ բերեմ։ Այս 2.5 ամսում Չեխիայում անցկացվեց 403 358 մարդկանց թեստավորում, որից վարակակիր է եղել   8957 –ը, արդեն բուժվել են    6083-ը, եւ մահացել  315-ը։  Սակայն նույն Բելգիայում , որն ունի 11 միլիոնանոց բնակչություն, ինչպես Չեխիայում, դիմակների կրումը պարտադիր չի եղել, եւ արդյունքում 56 810 հիվանդացել է, որից 9237-ը մահացել են։ Եվրոպական մյուս երկրներն էլ հետեւելով Չեխիայի օրինակին,արդեն իսկ հանրային վայրերում  դիմակներ կրելու որոշում են կայացրել։

Չեխիայում արտակարգ դրության առաջին իսկ օրվանից թե՛ կառավարության անդամներն ու վարչապետը, թե՛ պատգամավորները, թե՛ հեռուստահաղորդավորներն ու մոդերատորները կրել են դիմակներ։ Դա մեծ ազդեցություն է ունեցել, որպեսզի բնակչությունը հետեւի նրանց։ Հայաստանյան հեռուստաընկերությունները թերացան այս հարցում։ 

Մի հավատացեք այլեւայլ տեսությունների եւ մտացածին ցնդաբանությունների, կրե՛ք դիմակներ, չվտանգելով ձեր հարազատների ու բարեկամների, ձեր հայրենակիցների կյանքը։ Իհարկե, մեքենաների մեջ, որտեղ միայն դուք եք կամ ձեր հարազատները, կարող եք իջեցնել, սակայն մեքենայից իջնելիս պետք է բարձրացնեք, եթե օտար մարդկանց հետ հանդիպում ունեք։

Հարգեք միմյանց, մտածեք նաեւ դիմացինի  առողջության մասին եւ միայն այդ դեպքում հնարավոր կլինի հաղթահարել այս ճգնաժամը։

Առողջություն բոլորին։

Հակոբ Ասատրյան

ՕՐԵՐ եվրոպական ամսագրի գլխավոր խմբագիր

Պրահա

Հ.Գ.

Սա էլ չեխերի կողմից շրջանառության մեջ դրված  ուսուցողական հոլովակն է անգլերեն լեզվով. 

 

https://www.youtube.com/watch?v=HhNo_IOPOtU&feature=youtu.be&fbclid=IwAR1vm1Ku_XOT20Q5P2BMVof8Vvca3O54JWLb9pYd4goBSzeI9YnfVx3aKF8