Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

Իսպանիայի դիրքորոշումը եվրոպական կառույցներում Հայաստանին և հայությանը վերաբերող հարցերում

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողում Իսպանիան ներկայացնող պատվիրակության 5 անդամներ 2001-ին ստորագրել են Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 320 հայտարարությունը, իսկ 2015-ին նույն կառույցի Հայոց ցեղասպանությունը ոգեկոչող թիվ 591 բանաձևին միացել են 6 իսպանացիներ։ Եվրոպական կառույցներում Իսպանիայի ներկայացուցիչները կողմ են քվեարկել Հայոց ցեղասպանության մասին ընդունված բանաձևերին, ինչպես նաև ստորագրել են «Պատմական հակասություններ՝ թուրքերի և հայերի միջև» խորագիր ունեցող հայտարարությունը։

Տարիների ընթացքում, Եվրոպական կառույցներում Իսպանիայի ներկայացուցիչներն ընդհանրապես ստորագրել են այն հայտարարությունները և միջնորդությունները կամ կողմ են եղել այն բանաձևերին, որոնք առաջ են քաշվել Ադրբեջանի ներկայացուցիչերի կողմից՝ հատկապես տարածքային ամբողջականության վերաբերյալ, որտեղ անդրադարձ է եղել Հայաստանի և Արցախին․ ինչպես նաև հայ ժողովրդին։ Այստեղ Իսպանիան առաջնորդվում է իր խնդիրներով՝ կողմ լինելով տարածքային ամբողջականությանը, փորձում է լուծում գտնել ու իր ներքին խնդիրներից խուսափել և ոչ թե Հայաստանին, Արցախին կամ հայ ժողովրդին ոչ նպաստավոր փաստաթղթեր ստորագրել։ 

Հակառակ այս իրականության՝ Իսպանիան ներկայացնող այլ ներկայացուցիչներ ու քաղաքական գործիչներ նույն կարծիքին չեն եղել ու հայանպաստ և ինքնորոշման իրավունքը պաշտպանող հայտարարություններ են տարածել, ընդունել են ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա Արցախի անկախությունը։ Նրանցից շատերն այցելել են Հայաստան և Արցախ, իրենց զորակցությունն են հայտնել ու արձագանքել Արցախի շուրջ ծավալվող իրադարձություններին։

Իսպանայի ներկայացուցիչներից Պեդրո Ագրամունտի, Ջորդի Չուկլայի և Աուգուստին Կոնդեյի անուններին շատ հաճախ հանդիպում ենք ոչ հայանպաստ միջնորդություններում՝ որպես ստորագրող պատգամավորներ։

2017-ի հունիսի 30-ին, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողի 158 պատգամավորներ միջնորդություն ներկայացրին, որտեղ պահանջում էին նախագահ Պեդրո Ագրամունտի պաշտոնանկությունը․ այս միջնորդությանը չէին միացել Ադրբեջանի ներկայացուցիչերը։ 

2018-ի մայիսին, վերոհիշյալ կառույցում Իսպանիան ներկայացնող արդեն նախկին նախագահ՝ Պեդրո Ագրամունտը և պատգամավոր Ջորդի Չուկլան, մեղավոր ճանաչվեցին կառույցի վարքագծի կանոնները լրջագույնս խախտելու մեջ՝ Ադրբեջանի հետ կապված կոռուպցիոն սկանդալի առնչությամբ։ Այս պատժամիջոցները սահմանվեցին, երբ ԵԽԽՎ հերթական զեկույցներից մեկը փաստեց, որ Ալիևի վարչակազմը տարիներ շարունակ ԵԽԽՎ-ում լոբբիստական աշխատանքներ է իրականացրել, կանխիկ գումարով կաշառել մի խումբ պատգամավորների, այդ թվում՝ Պեդրո Ագրամունտին՝ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի նկատմամբ քննադատությունը մեղմելու կամ հօգուտ Ադրբեջանի գործունեությունը խթանելու համար: Այդ պատժամիջոցները Ագրամունտի դեմ գործելու են 10, իսկ Չուկլայի դեմ՝ 2 տարի:

Իսպանա-թուրքական հարաբերությունները, սակայն, այլ հարթություն ունեն։ Տարբեր բնագավառներում համագործակցությունը խորն է, ու թուրքական ներկայությունը իսպանական շրջանակներում զգալի է։ Այս տեսանկյունից Իսպանիան ու Թուրքիան նույնպիսի հարաբերություններ ունեն նաև եվրոպական և միջազգային կառույցներում։

Պատմական ակնարկ

Իսպանիան մաս է կազմում Եվրոպայի խորհրդին (ԵԽ) 1977-ի նոյեմբերի 24-ից, իսկ Եվրոպական միության (ԵՄ) մաս կազմելու դիմում է ներկայացրել 1977-ին, և 1985-ի հունիսի 12-ին ստորագրել է Եվրոպական տնտեսական համայնքին միանալու պայմանագիրը։ 1986-ի հունվարի 1-ին՝ ԵՄ երրորդ ընդլայնման շրջանակներում, պաշտոնապես լիիրավ անդամ է դարձել այս կառույցին:

1986-ից սկսյալ Իսպանիան մասնակցել է Եվրախորհրդարանի՝ ԵՄ օրենսդիր մարմնի, ութ ընտրությունների։ Աշխարհագրական տարածքի առումով Իսպանիան Եվրախորհրդարանի երկրորդ մեծ ընտրատարածքն է՝ Ֆրանսիայից հետո, իսկ բնակչության թվաքանակի առումով Գերմանիայից, Ֆրանսիայից և Իտալիայից հետո չորրորդն է։ Իսպանիային բաժին է ընկնում ԵՄ ընդհանուր բնակչության 9,1%-ը: 2019-ի մայիսի 26-ին Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքներով Իսպանիան ներկայացնում է 58 պատգամավոր։ Եվրախորհրդարանը Եվրոպական խորհրդի հետ կազմավորում են ԵՄ իշխանության երկպալատ օրենսդրական ճյուղը։ 

Հայաստանը Եվրոպայի խորհրդին մաս կազմելու հրավեր է ստացել 2000-ին, իսկ 2001-ի հունվարի 25-ին դարձել է այդ կառույցի անդամ:

Հայաստանի Հանրապետության և Եվրամիության միջև պայմանագիր է ստորագրվել 1996-ի ապրիլի 22-ին, որը վերաբերում է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական համայնքների ու դրանց անդամ պետությունների միջև գործընկերության և համագործակցությանը։ Իսկ ԵՄ-ի հետ Հայաստանի Հանրապետության համագործակցությունը կարգավորող հիմնական փաստաթուղթը` Գործընկերության և համագործակցության համաձայնագիրը, ուժի մեջ է մտել 1999-ի հուլիսին` 10 տարի ժամկետով: Ըստ համաձայնագրի համապատասխան դրույթի` ժամկետը լրանալուց հետո այն տարեկան ինքնաբերաբար երկարաձգվում է: 

Տաթեւ Սուլյան
21 Մայիս 2020
Բարսելոնա
Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։  

https://www.civilnet.am