Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 Արայիկ Հարությունյանը ստանձնել է ԱՀ չորրորդ նախագահի պաշտոնը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտոնի ստանձնմանը նվիրված՝ Շուշի քաղաքի մշակույթի և երիտասարդության կենտրոնում այսօր կայացել է Ազգային ժողովի հատուկ նիստ: 

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ նիստին մասնակցում էին նորընտիր յոթերորդ գումարման Խորհրդարանի 33 պատգամավորները:

Իր խոսքում ԱՀ Ազգային ժողովի նորընտիր նախագահ Արթուր Թովմասյանն ասել է, որ մարտի 31-ին առաջին անգամ Արցախում անց են կացվել հանրապետության նախագահի և Ազգային ժողովի միաժամանակյա ընտրություններ: Ապրիլի 14-ին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկության արդյունքներով նախագահ է ընտրվել Արայիկ Հարությունյանը:

Խորհրդարանի ղեկավարը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին և մաղթել հաջողություններ՝ ի փառս մեր երկրի և մեր ժողովրդի:

«Խորապես համոզված եմ, որ Ձեր առաջնորդությամբ գալիք տարիները Արցախի համար դառնալու են համախմբման, ժողովրդավարական գործընթացների խորացման, երկրի սոցիալ-տնտեսական աննախադեպ զարգացման, անվտանգության տարիներ և ունենալու ենք բարեկեցիկ ապագա»,- ավելացրել է Ա. Թովմասյանը:

Նախագահի երդման համար դահլիճ է բերվել Արցախի Հանրապետության պետական դրոշը, Սահմանադրությունը և 17-րդ դարի Ավետարանը: Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելիս Արայիկ Հարությունյանը երդվել է անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները` հարգել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել Հանրապետության ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը՝ ի փառս Արցախի Հանրապետության և ի բարօրություն Արցախի ժողովրդի:

Այնուհետև օրհնանքի խոսքով հանդես է եկել Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: Նա շնորհակալություն է հայտնել Արցախի բոլոր իշխանավորներին, որոնք իրենց ուրույն լուման են ներդրել Արցախի հայրենաշինության ասպարեզում:

Արցախի թեմի առաջնորդը վստահ է, որ նորընտիր նախագահն էլ ավելի կավելացնի գանձարանի այդ շարքը, որով Արցախը կդառնա ամուր և զորեղ:

Պաշտոնի ստանձնման և երդման արարողությանը ներկա են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, Արցախի երրորդ նախագահ Բակո Սահակյանը, երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք Հայաստանից և Արցախից, հյուրեր:

 

Խորհրդանշական է, որ Արցախի Հանրապետության նախագահի բարձրագույն պաշտոնը ստանձնում եմ պատմական Շուշիում, այն էլ՝ հաղթական մայիս ամսին: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին ԱՀ Նախագահի պաշտոնի ստանձնմանը նվիրված Ազգային ժողովի հատուկ նիստին ասել է նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը: Նրա խոսքով՝ երբ 28 տարի առաջ Արցախի ինքնապաշտպանական ջոկատների կազմում գրոհում էին Շուշիի բաղձալի բարձունքը, ինքը և իր բոլոր մարտիկները մեծ երազանք ունեինք տեսնել Արցախը միացած Մայր Հայաստանին, ինչպես նաև ազատ օտար լծից, մահաբեր պատերազմից ու զրկանքներից:

«Ինքներս մեզ վստահելու և մեր սեփական ներուժին ապավինելու շնորհիվ, նվիրյալների կյանքի ու ջանքի գնով, համայն հայության միակուռ սատարումով մեզ հաջողվել է հասնել միացյալ ու ազատ հայրենիք ունենալու մեծ երազանքին և 28 տարի շարունակ պահպանել ու զարգացնել այն: Այժմ նորանոր երազանքներ դնելու և հասնելու ժամանակն է՝ մեկը մյուսից մեծ ու անհավանական... Այժմ ժամանակն է երազելու և գործելու ռազմական, տնտեսական ու քաղաքակրթական առումներով զորեղ հայրենիքի կերտման ուղղությամբ: Այժմ ժամանակն է երազելու և գործելու ժողովրդի համար բարեկեցիկ ու արժանապատիվ կենսապայմաններ ապահովելու ուղղությամբ: Ժամանակն է երազելու և գործելու մեծ հայրենադարձության իրականացման ուղղությամբ: Այժմ ժամանակն է երազելու և գործելու Հայոց միացյալ հայրենիքի համամարդկային ու միջազգային դերակատարության ու պատասխանատվության շեշտակի բարձրացման ուղղությամբ: Ժամանակն է անհավանական թվացող համազգային երազանքներ ունենալու և ինչ-որ պահի գիտակցելու, որ մեր իրական հնարավորություններից անհամեմատ ավելի քիչ բան ենք երազել»-մասնավորապես նշել է Ա. Հարությունյանը:

Նորընտիր նախագահը երդվել է երազելու և գործելու հնարավորություն պարգևած հայորդիների հիշատակով, որ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում անելու է առավելագույնը իր գործառույթների պատշաճ իրականացման և այս ու մի շարք այլ համազգային երազանքների կյանքի կոչմանը նպաստելու ուղղությամբ:

«Վստահ եմ, որ Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը պետական այրի իր գիտելիքները և փորձը ամբողջովին կներդնի հայրենիքը անսասան պահելու համար»: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին ԱՀ Նախագահի պաշտոնի ստանձնմանը նվիրված Ազգային ժողովի հատուկ նիստին ասել է Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

«Վստահ եմ, որ անմնացորդ կնվիրվեք: Ինչպես 17 տարեկանում զենքը ուսին Դուք պաշտպանել եք մեր հայրենիքը, այսօր ևս Դուք շարունակելու եք նույն նվիրական վսեմ առաքելությունը ամենաբարձր դիրքից: Մեր աղոթքն ու մաղթանքն է՝ քաջաբարո ծառայեք, ուրախությամբ ծառայեք, արդարություն տարածեք, ազնվություն սերմանեք, ամրապնդեք բարությունը, անվախորեն տարեք առաջ մեր ժողովրդին՝ արդարացնելով այս հերոսական մեր ժողովրդի բոլոր-բոլոր իղձերն ու երազանքները: Միշտ Ձեր կողքին ենք լինելու: Մեր ազգը 5 տարով տվեց իր վստահությունը Ձեզ, և Ձեր նոր թիմի հետ յուրահատուկ հույսեր է կապում: Մաղթում եմ Ձեզ կատարյալ հաջողություն՝ հայրենաշինության ասպարեզում և ի վայելումն ազգիս Հայոց: Մաղթում եմ բարի երթ՝ դեպի նորանոր բարի պտուղներ՝ հանուն խաղաղության, անվտանգության և ժողովրդի բարգավաճման»,-մասնավորապես նշել է Արցախի թեմակալ առաջնորդը:

Նա վստահ է, որ Արայիկ Հարությունյանը ունենալու է երկնային աջակցություն, և սրբությամբ պահելու է Հայոց նվիրական եռամիությունը՝ Մայր Հայաստան, Սփյուռք և Արցախ: Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի խոսքով՝ կա ոսկե օրենք. եթե ժողովուրդը մեղքի մեջ ընկավ, նախագահը կամ թագավորը, որ ծնկի իջավ, աղոթեց ազգի համար, անպայման Աստված լսում է դա:

«Բայց, եթե առաջին դեմքը սխալվեց, ամբողջ ազգը ծնկի գա, մեղքը, չգիտենք, Աստված կների, թե ոչ: Ահա, թե ինչու առաջին դեմքի պատիվը մեծ է, պարտականությունը՝ առավել ևս»,-ընդգծել է Արցախի թեմի առաջնորդը: