Մայիսի 20-ին Չեխիայի Հանրապետության Խորհրդարանի վերին պալատը՝ Սենատն իր լիագումար նիստում միաձայն ընդունել է Սենատի փոխնախագահ սոցիալ-դեմոկրատ Միլան Շտյեխի կողմից ներկայացված բանաձևը, որը նվիրված էր Երկրորդ Համաշխարհային պատերազմի ավարտի 75-ամյակին և երկու աշխարհամարտերի ընթացքում մարդկության դեմ գործած ոճրագործությունների, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության դատապարտմանը։
Միլան Շտյեխը ներկայացնելով բանաձեւը, նշել է, որ սենատոր Միլուշե Հորսկայի հետ պատրաստել են եւ ներկայացրել մի փաստաթուղթ, որի նպատակն է ոչ միայն 2-րդ համաշխարհային պատերազմի, այլեւ առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մարդկության դեմ տեղի ունեցած ոճրագործությունների դատապարտմանը, այդ թվում՝ Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության դատապարտումը։
Բանաձեւի ընդունման համար անհրաժեշտ էր, որպեսզի 62 սենատորներից 31-ը կողմ քվեարկեն։ Արդյունքում նիստին ներկա 48 սենատորները միաձայն կողմ են քվեարկել։
2017 թվականի ապրիլի 25-ին Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատը արդեն նման մի բանաձեւ ընդունել էր, դատապարտելով Հայոց ցեղասպանությունը։ Իհարկե, այս բանաձեւերն իրավական ուժ չունեն, սակայն կարող ենք փաստել, որ այսպիսով Չեխիայի խորհրդարանն ամբողջությամբ՝ իր երկու պալատներով դատապարտել է Հայոց ցեղասպանությունը։
Նշենք, որ դեռեւս Սենատի նախագահի պաշտոնում Միլան Շտեյխը այցելել էր, Հայաստան, ինչպես նա, այնպես էլ Սենատի նախագահի տեղակալ Միլուշե Հորսկան նշել էին, որ Պատգամավորների պալատի ընդունումից հետո, Սենատն էլ պետք է դատապարտի Հայոց ցեղասպանության պատմական փաստը։
Հ.Ա.
orer.eu
Չեխիայում Հայաստանի դեսպանությունը հրապարակել է Սենատի որոշման ոչ պաշտոնական թարգմանությունը
ոչ-պաշտոնական թարգմանություն
ՉԵԽԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՍԵՆԱՏ
12-ՐԴ ԳՈՒՄԱՐՈՒՄ
ՍԵՆԱՏԻ ԹԻՎ 412 ԲԱՆԱՁԵՎ
23-րդ նստաշրջան,
մայիսի 20, 2020
Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 75-ամյակի և մարդկության դեմ, հատկապես՝ երկու աշխարհամարտերի ընթացքում գործած, ոճրագործությունների դատապարտման վերաբերյալ
Սենատը
I.
1) Մարդկության պատմության մեջ ամենախոշոր ռազմական հակամարտության ավարտի 75-ամյակի կապակցությամբ, որը հանգեցրեց մարդկության դեմ ոճրագործությունների և հոլոքոստի ցեղասպան հանցագործությունների,
2) Հաշվի առնելով նաև անցած դարի պատերազմական մեծ հակամարտությունները և, հատկապես՝ Առաջին համաշխարհային պատերազմն ու վերջինիս հետ կապված հանցագործությունները,
3) Գիտակցելով պատմական հիշողության և ժողովրդավարության ու մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների հանդեպ հարգանքի պահպանման Սենատի պատասխանատվությունը,
4) Դատապարտում է՝ Երկրորդ աշխարհամարտի ընթացքում Երրորդ Ռեյխի տիրապետության տակ գտնվող տարածքներում հրեա, գնչու և սլավոն բնակչության դեմ նացիստների կողմից մարդկության դեմ գործած հանցագործությունները, Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան Կայսրությունում հայերի և այլ կրոնական ու էթնիկ խմբերի ցեղասպանությունը, ինչպես նաև աշխարհի որևէ վայրում իրագործված ցեղասպան բռնությունը,
5) Կոչ է անում միջազգային հանրությանը արդյունավետորեն համագործակցել աշխարհում մարդու իրավունքների խախտումների կանխարգելման և բանակցությունների ու խաղաղ միջոցների կիրառմամբ հակամարտությունների կարգավորման ուղղությամբ։
II.
Կարգադրում է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահին՝ ընդունված բանաձևի մասին տեղեկացնել հանրապետության նախագահին, Չեխիայի Հանրապետության կառավարության նախագահին [վարչապետին] և Արտաքին գործերի նախարարին։
Միլոշ Վստրչիլ
Սենատի նախագահ
Միրոսլավ Բալատկա
(վավերացում)