Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը պատասխանում է ՕՐԵՐ եվրոպական ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանի հարցերին
- Համավարակի տարածման արդյունքում Ֆրանսիան նույնպես հայտնվել է շատ բարդ իրավիճակում ։ Ի՞նչպես է տարվում Քովիդ 19 համավարակի դեմ պայքարը։ Որքանո՞վ է հաջողվում կառավարությանը կասեցնել համավարակի տարածումը եւ ի՞նչ արդյունքներ կան արտակարգ իրավիճակի սահմանափակումներից 2 ամիս անց։
- Ֆրանսիայի կառավարությունը երկրում առաջին իսկ վարակակիրների ի հայտ գալուն պես ձեռնարկեց համապատասխան միջոցառումներ՝ համավարակի տարածումը կասեցնելու ուղղությամբ՝ մշակվելով համաճարակի դեմ պայքարի քառափուլ ծրագիր:
Մարտի 17-ից Ֆրանսիայում հայտարարվեց զանգվածային մեկուսացում, որն ամբողջական ծավալով տևեց մինչև մայիսի 10-ը ներառյալ: Երկրի ողջ տարածքում փակվեցին կրթական հաստատությունները, հետաձգվեցին բոլոր մարզական և մշակութային միջոցառումները, միջազգային համաժողովներն ու փառատոները, այդ թվում՝ Կաննի միջազգային կինոփառատոնը, նոր տեխնոլոգիաների՝ միջազգային մեծ հեղինակություն վայելող Փարիզի Վիվատեք ցուցահանդեսը: Հետաձգվեց նաև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների՝ մարտի 22-ին նախատեսված երկրորդ փուլը. առաջին փուլն անցկացվել էր մարտի 15-ին՝ նախքան արտակարգ դրության սահմանումը:
Կառավարության կողմից ձեռնարկված միջոցների արդյունքները սկսեցին տեսանելի լինել ապրիլի կեսից՝ նպաստելով արձանագրված դեպքերի աճի նշանակալի կրճատմանը, և մայիսի 11-ից Ֆրանսիան սկսեց աստիճանական դուրս գալ մեկուսացումից: Երկրում դեռևս փակ են մնում ավագ դպրոցներն ու համալսարանները, մշակութային հաստատությունները, խոշոր առևտրային կենտրոնները, ռեստորաններն ու սրճարանները, դեռևս գործում է բնակության վայրից 100 կիլոմետր շառավղից ավելի տեղաշարժի, ինչպես նաև զանգվածային միջոցառումների սահմանափակում: Այնուամենայնիվ, ֆրանսիական հասարակությունը փորձում է աստիճանաբար վերադառնալ իր առօրյա կյանքին՝ գիտակցելով, որ դեռևս միառժամանակ հարկադրված է լինելու գոյակցել վիրուսի հետ՝ շարունակելով հետևել համավարակի դեմ պայքարի հիմնական կանոններին:
Ինչպես այլ երկրների պարագայում, Ֆրանսիայի կառավարությունն անում է առավելագույնը՝ առողջապահական ճգնաժամը հաղթահարելու համար՝ միևնույն ժամանակ փորձելով կանխել, որ համավարակի դեմ պայքարով թելադրված միջոցները չհանգեցնեն տնտեսական ծանր ճգնաժամի: Արդեն իսկ ուրվագծվող սոցիալ-տնտեսական խնդիրները մեղմելու համար նախատեսվում են բացառիկ միջոցներ, իսկ առավել տուժած ոլորտներին տրամադրվելու է լայնածավալ օժանդակություն: Համավարակի դեմ արդյունավետ կերպով պայքարելու համար կարևորվում է նաև քաղաքացիների բարձր գիտակցությունը և անհատական պատասխանատվությունը:
Ֆրանսիական գիտահետազոտական կենտրոններն ու լաբորատորանիները (մասնավորապես՝ համաշխարհային դեղագործական առաջատարներից Սանոֆին, Պաստորի ինստիտուտը) ակտիվորեն ներգրավված են ինչպես հիվանդության դեմ պայքարող դեղամիջոցների, այնպես էլ վիրուսի դեմ պատվաստանյութ մշակելու աշխատանքներին։
- Ֆրանսահայությունն այս ամիսներին նույնպես զգալի կորուստներ ունեցավ։ Հայտնի է՞ Քովիդ 19-ով վարակված հայերի թիվը, ինչպիսի՞ն է նրանց առողջական վիճակը։
- Ֆրանսահայ համայնքը, որն արևմտաեվրոպական երկրներում ամենախոշոր հայ համայնքն է և գերազանց ինտեգրված է ֆրանսիական հասարակության մեջ, ցավոք, զերծ չի մնացել համաճարակի ավերածությունից և կան տասնյակի չափ զոհեր: Չափազանց մեծ կորուստ էր մարտի 29-ին ֆրանսահայ հայտնի պետական և քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյանի մահը, որը մեծ հուզմունք առաջացրեց ինչպես ֆրանսահայ համայնքում, այնպես էլ Ֆրանսիայի պետական, քաղաքական ողջ դասում, մտավորականության, մշակութային, հասարակական գործիչների լայն շրջանում:
- Ստեղծված արտակարգ իրավիճակը բնականաբար իր ազդեցությունը թողեց նաև Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումների կազմակերպման վրա… Այս պայմաններում ինչպե՞ս է կազմակերպվում հայ համայնքը:
-Ինչպես հայտնի է, Ֆրանսիայում, որտեղ Հայոց ցեղասպանությունը ճանաչված է օրենքի ուժով, իսկ 2019թ.-ից ապրիլի 24-ը նախագահ Մակրոնի հրամանագրով սահմանված է որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր, ավանդաբար անցկացվում են հիշատակի բազմամարդ արարողություններ հարյուրավոր քաղաքներում, իսկ Փարիզում՝ Կոմիտասի հուշարձանի մոտ, գլխավոր պաշտոնական արարողությանը վերջին տարիներին մասնակցել և ելույթ են ունեցել նաև Ֆրանսիայի նախագահները կամ վարչապետները:
Այս տարի, Հայոց ցեղասպանության ոգեկոչման միջոցառումները, բնականաբար, անցկացվեցին ներկա պայմաններով թելադրած սանիտարական կանոնների պահպանմամբ: Բազմաթիվ քաղաքներում տեղի ունեցան Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողների մոտ ծաղկեպսակների զետեղման ոչ զանգվածային արարողություններ՝ քաղաքապետերի, խորհրդարանականների և քաղաքային խորհրդի անդամների մասնակցությամբ: Փարիզում՝ Կոմիտասի հուշարձանի մոտ կազմակերպված հիշատակի արարողությանը մասնակցում էին Ֆրանսիայի կառավարության ներկայացուցիչը՝ արդարադատության նախարարը, Փարիզի քաղաքապետը և ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի երկու համանախագահները: Ապրիլ 24-ի կապակցությամբ ուղերձներ հղեցին Ֆրանսիայի նախագահը, վարչապետը, Սենատի նախագահը, ինչպես նաև բազմաթիվ պետական և քաղաքական գործիչներ: Ընդ որում, այն առաջին պաշտոնական հրապարակային արարողությունն էր, որ կազմակերպվում էր բացառիկ պայմաններում՝ արտակարգ դրության հայտարարումից ի վեր: Խորհրդանշական էր նաև Պատրիկ Դևեջյանի հարազատ Անտոնի քաղաքում հիշատակի միջոցառումը և ծաղկեպսակների զետեղումը՝ վերջինիս այրու՝ Սոֆի Դևեջյանի մասնակցությամբ՝ ֆրանսահայ հայտնի քանդակագործ Թորոսի հեղինակած «Հայաստանի արծիվ» հուշարձանի մոտ:
Ապրիլի 24-ին նախատեսվում էր նաև Մեծ եղեռնի նահատակների հիշատակին նվիրված բացառիկ համերգ՝ Վերսալյան պալատի արքայական մատուռում, որը թեև, չկայացավ՝ համավարակով պայմանավորված իրավիճակում, սակայն տնօրինության հետ պայմանավորվածության համաձայն, արդեն իսկ ընդգրկվել է հաջորդ տարվա երաժշտական ծրագրում:
Ինչ վերաբերում է հայ համայնքին՝ դեսպանությունը մշտական կապի մեջ է Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահների, եկեղեցական առաջնորդների, համայնքային կազմակերպությունների, մշակութային գործիչների և տարբեր անհատների հետ: Հրապարակային միջոցառումների արգելման և մեկուսացման պայմաններում, որոշ աշխատանքեր կայանում են հեռավար ձևաչափով։ Ընդամենը մի քանի օր առաջ կայացավ տեսակոնֆերանս ՀՀ Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի և ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի բյուրոյի անդամների մասնակցությամբ, որի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև կորոնավիրուսային համաճարակի հետևանքով ինչպես Հայաստանում, այնպես էլ ֆրանսահայ համայնքում ստեղծված իրավիճակին։
- Ի՞նչ օգնություն է ցույց տվել Հայաստանի դեսպանությունը Ֆրանսիայում բնակվող Հայաստանի քաղաքացիներին։ Կա՞ն հայեր, որ ցանկանում են մեկնել Երեւան եւ արդյո՞ք արդեն նրանց ցուցաբերվել է անհրաժեշտ օգնություն։
-Դեռևս մարտի 10-ից սկսած՝ Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունում, Լիոնում և Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսություններում, ինչպես նաև ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունում (Ստրասբուրգ) գործում են շուրջօրյա թեժ գծեր:
Թեժ գծերով դիմած քաղաքացիները ստանում են ամբողջական տեղեկատվություն Հայաստան վերադառնալու հնարավորություների, Ֆրանսիայի տարբեր հատվածներից Փարիզի Շառլ-դը-Գոլ օդանավակայան հասնելու եղանակների վերաբերյալ: Առանձին դեպքերում դեսպանությունը աջակցել է ՀՀ քաղաքացիներին ավիաուղիների հետ ունեցած խնդիրների լուծման հարցում:
- Ի՞նչ վիճակում են հայտնվել տեղացի հայերը եւ ի՞նչ ռեժիմով է աշխատում նրանց հետ դեսպանությունը:
- Արտակարգ իրավիճակի պայմաններում՝ դեսպանությունն աշխատել է ամբողջական ռեժիմով՝ շարունակելով քաղաքացիներին տրամադրել հյուպատոսական աջակցություն՝ օրենքի շրջանակներում թույլատրվող առավելագույնս արագացված և պարզեցված կարգով: Խիստ անհրաժեշտության պարագայում կազմակերպվել են նաև քաղաքացիների հյուպատոսական ընդունելություններ՝ ապահովելով սանիտարական կանոնները: Դեսպանությունը սոցիալական ցանցերի միջոցով մշտապես թարմ տեղեկատվություն է տարածել արտակարգ դրությամբ պայմանավորված սահմանափակումների և Ֆրանսիայից Հայաստան վերադառնալու ճանապարհների վերաբերյալ։ Մեր որոշ քաղաքացիների՝ հայրենիք վերադարձը դյուրացնելու համար, ինչպես Փարիզում դեսպանությունը, այնպես էլ Լիոնում և Մարսելում մեր հյուպատոսական ծառայությունները ամենօրյա կապի մեջ են և սերտորեն համագործակցում են ֆրանսիական միգրացիոն ծառայությունների հետ։
- Տիկին դեսպան, շնորհակալ ենք հարցազրույցի համար եւ մաղթում ենք շուտափույթ կարգավորում։
-Ես ևս շնորհակալ եմ «Օրեր» եվրոպական ամսագրին այս հնարավորության համար: Հույս ունեմ, որ մեր հետագա զրույցները կլինեն առավել լավատեսական պայմաններում՝ ինչպես մեր հայրենիքի, այնպես էլ մեր բարեկամ երկրների համար: Իսկ մինչ այդ՝ կցանկանայի «Օրեր» ամսագրին մաղթել հաջողություն, իսկ խմբագրական կազմին և ընթերցողներին՝ առողջություն և տոկունություն:
ՕՐԵՐ եվրոպական ամսագիր
Պրահա