Մայիսի 17-ից 18-ի գիշերը ավարտվում է մարտի 12-ից հայտարարված արտակարգ դրությունը, սակայն ուժի մեջ է մնում դիմակների պարտադիր օգտագործումը հասարակական վայրերում, խանութներում, բացառությամբ բացօթյա ռեստորանների եւ սրճարանների, մարզական ակումբների։ Ուժի մեջ է մնում նաեւ հանրային առողջության մասին օրենքը, ըստ որի հիգենիկ բոլոր կանոնները պետք է պահպանվեն, հատկապես 2 մետր հեռավորության պահպանումը հանրային վայրերում։
Բնականաբար մամուլն ու հեռուստատեսությունն ակտիվորեն քննարկում են, թե ինչ տվեցին արտակարգ դրության 66 օրերը, որքանով կանխվեց վարակի տարածումը, ինչպիսի վնաս կրեց երկրի տնտեսությունը, եւ որոնք են լինելու կառավարության առաջիկա ծրագրերը, այդ թվում շարունակվող փոխհատուցումների քաղաքականությունը։
Վերջին տվյաների համաձայն վարակակիրների թիվն ավելացել է 21-ով եւ կազմել է 8457, որից 5000-ից ավելին ապաքինվել են։ Հիվանդների թիվը հասնում է 2738-ի, որից 175 են գտնվում հիվանդանոցներում։ Մահացել են 297-ը։
Ու թեեւ Ավստրիան նախորդ գիշեր արդեն բացել է Չեխիայի հետ սահմանները, սակայն չեխական կողմից ուժի մեջ են մնում սահմանափակումները, որոնք վերաբերում են կորոնավիրուսային բացասական թեստի առկայությանը կամ 14-օրյա պարտադիր մեկուսացմանը՝ սահմանը հատելու դեպքում։ Չեխիայի վարչապետի կարծիքով, չեխական կողմից սահմաններն ամբողջությամբ կբացվեն հունիսի 15-ից հետո։
Խնդիրն այն է, որ թեեւ առղջպահության նախարար Վոյտեխը հայտարարել է, որ թեստավորման համար չպետք է գանձել 1756 կրոնից ավելի գումար, սակայն շատ հիվանդանոցներ հայտարարել են, որ շարունակելու են գանձել 2500-3000 կրոն, քանի որ իրենց ծախսերը պետք է փակեն։ Թեստավորման համար գանձվող մեծ գումարը խանգարելու է նաեւ ամառային արձակուրդներին այլ երկրներ մեկնողներին, քանի որ 4 հոգանոց ընտանիքի գնալու եւ վերադարձի համար կպահանջվի 20000 կրոն վճարել միայն թեստերին, ինչը 1000 դոլարին համարժեք գումար է եւ չի նպաստի ճամփորդությունների թվաքանակին։
Ամեն դեպքում Չեխիայի արտգործնախարարը զգուշացնում է, որ պետք է ճամփորդել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։
Հիշեցնենք, վերջին տվյալներով աշխարհում կորունավիրուսիով վարակվել է 4.66 միլիոն մարդ, կազդուրվել է 1.7 միլիոնը, մահացել է 312 հազարը։
Հ.Ասատրյան
Պրահա