Ավստրիայում, Սլովակիայում եւ ԵԱՀԿ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Պապիկյանը պատասխանում է ՕՐԵՐ եվրոպական ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանի հարցերին
- Ինչպիսի՞ն է ձեր ներկայացված երկու երկրներում՝ Ավստրիայում և Սլովակիայում կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարը։ Որքան հայտնի է, Սլովակիան ավելի արագ կարողացավ խստացումներ մտցնել և գրանցել դրական արդյունքներ։ Որո՞նք են երկու երկրներում առկա տարբերությունները, ինչպիսի՞ն էր տեղի բնակչության կարգապահությունը, և ի՞նչ արդյունքներ կան արտակարգ դրության ռեժիմի մտցնելուց 2 ամիս անց։
- Գաղտնիք չէ, ոչ Ավստրիան և Սլովակիան իրավացիորեն դասվում են COVID-19 համավարակի տարածման դեմ լուրջ հաջողություն գրանցած երկրների շարքում։ Ավստրիայում արտակարգ դրություն հայտարարվեցմարտի 16-ին և COVID-19 համավարակի դեպքերի հայտնաբերման առաջին իսկ օրերից սկսած, երկրում համավարակի հետագա տարածումը կանխելու նպատակով կառավարության կողմից ձեռնարկվեցին անհապաղ միջոցառումներ, այդ թվում հարևան երկրների հետ օդային, երկաթուղային հաղորդակցության դադարեցում՝ սահմանների խիստ վերահսկողություն։ Երկրում սոցիալական կյանքը հասցվեց «նվազագույնի», հիգիենայի կանոնների պահպանում, պաշտպանիչ դիմակների օգտագործում, սոցիալական հեռավորության պահպանում, սահմանված կանոնների խախտման դեպքում զգալի տուգանքների կիրառում և այլն: Ինչպես այլուր, այստեղ նույնպես փակվեցին բոլոր առևտրային կետերը, հասարակական օբյեկտները, գործել են միայն մթերային խանութները, դեղատները, բանկերը և կենսական նշանակության հաստատությունները: Ուսումնական հաստատություններում /դպրոց, ԲՈՒՀ, մանկապարտեզ/ դադարեցվել են դասընթացները: Ավստրիայում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների համար ստեղծված է հատուկ թեժ գիծ՝ միաժամանակ հորդորելով, հնարավորության դեպքում, աշխատանքն իրականացնել առցանց:
Հաշվի առնելով ձեռնարկված միջոցառումների արդյունավետությունը և Ավստրիայի բնակչության պատասխանատու մոտեցումը, ապրիլի 14-ից սկսած՝ կառավարությունը հայտարարեց կյանքի աստիճանական վերաբացման մասին: Հաշվի առնելով համավարակի տարածման վիճակագրության դրական ընթացքը, արդեն ապրիլի 29-ին կանցլեր Ս. Կուրցը հայտարարեց «Ավստրիայի վերադարձ»-ի փուլի մասին: Միաժամանակ երկրում համաճարակային իրավիճակը խիստ մոնիտորինգի է ենթարկվում և կառավարությունն անհրաժեշտության դեպքում պատրաստ է սահմանափակումները խստացնել: Այս պահին, Ավստրիայում գրանցվել է կորոնավիրուսի 16.093 դեպք, մահացածների թիվը կազմել է 628, ապաքինված անձանց թիվը՝ 14.471:
Ներկայումս Ավստրիայի և Գերմանիայի կառավարությունների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել հունիսի 15-ից լիարժեք բացել երկրների միջև սահմանները՝ իհարկե կախված վարակի տարածման մոնիտորինգի արդյունքներից:
Համավարակի տարածման հետևանքով մարտի 18-ից Ավստրիական ավիաուղիները, որից օգտվում էին մեր հազարավոր հայրենակիցներ, ժամանակավորապես դադարեցրել են բոլոր կանոնավոր թռիչքները՝ այդ թվում և Երևան։ Հուսով ենք , որ ավիաընկերությունը թռիչքները կվերականգնի հունիսի 7-ին:
Սլովակիան այն երկրներից է, որտեղ գրանցված են COVID-19 համավարակի ամենաքիչ դեպքերը: Երկրում վաղ և խիստ միջոցառումների շնորհիվ հաջողվել է կանխել վարակի մեծ տարածումը: Մայիսի 15-ի դրությամբ Սլովակիայում գրանցվել է կորոնավիրուսի ընդամենը 1480 դեպք, մահացածների թիվը կազմել է 27, ապաքինված անձանց թիվը՝ 1131: Սակայն, ինչպես և Ավստրիայում, մեծապես տուժել է երկրի տնտեսությունը:
Մարտի 13-ին երկրում հայտարարվեց արտակարգ դրություն, սոցիալական և տնտեսական կյանքը սահմանափակվեց: Երկրում COVID-19 համավարակի հետագա տարածումը կանխելու նպատակով կառավարության կողմից ձեռնարկվեցին գրեթե նույնանման միջոցառումներ, ինչպիսին Ավստրիայում:
Սլովակիայում, համաճարակի բռնկումից գրեթե երկու շաբաթ անց, մարտի 21-ին, աննախադեպ ճգնաժամի պայմաններում, չորս կուսակցություններից կազմվեց նոր կառավարություն, որը և ընդունեց նախորդ կառավարության կողմից առաջարկված այսպես կոչված օգնության փաթեթ՝ համաճարակի հետևանքով տուժած տնտեսության վերականգնման համար նախատեսելով շուրջ 1,5 միլիարդ եվրո:
Սլովակիայի կառավարությունը, Ավստրիայի քայլերին համահունչ, մայիսի սկզբներից սկսել է մեղմել որոշ սահմանափակումներ: Սլովակիայի նորանշանակ վարչապետ Իգոր Մատովիչը հավաստիացրել է, որ խստորեն վերահսկվում են վերաբացման քայլերը, և որ երկիրը տնտեսապես չի դիմակայի հնարավոր երկրորդ ալիքի հետևանքներին: Ճգնաժամի հետևանքով, Սլովակիայում գործազրկության մակարդակը այս պահին աճել է մինչև 8,8 տոկոս:
Այս ամենի հետ մեկտեղ պետք է ասել, որ Ավստրիայի և Սլովակիայի իշխանությունների կողմից COVID-19 համավարակի դեմ պայքարում գրանցված հաջողությունները մեծապես, եթե չասենք ամբողջությամբ, պայմանավորված են քաղաքացիների բարձր կազմակերպվածությամբ և քաղաքացիական պատասխանատու վարքագծով։ Անխոս երկու երկրների կառավարությունների կողմից ձեռնարկվեցին անհրաժեշտ քայլեր՝ սակայն այն չէր կարող նման դրական արդյունք ապահովել, եթե չլիներ քաղաքացիների օրինապաշտ և պատասխանատու վարքագիծը։
-Այս երկրներում վարակված հայեր կան արդյո՞ք և ինչպիսի՞ն է նրանց առողջական վիճակը։ Ի՞նչ ռեժիմով է դեսպանությունը աշխատում տեղական համայնքների հետ, հատկապես` Ավստրիայում։
-Դեսպանությանը տրամադրված տեղեկատվության համաձայն՝ մինչ օրս COVID-19-ով վարակվածների թվում եղել է ընդամենը մեկ հայ, վերջինս ինքնամեկուսացվել է տնային պայմաններում, ստացիոնար բուժում ստանալու անհրաժեշտություն չի եղել: Համաճարակային իրավիճակի ի հայտ գալու պահից մինչ օրս դեսպանությունը չի դադարել աշխատանքներն ամենօրյա ռեժիմով, անմիջապես գործարկվել է թեժ գիծը՝ 24/7 հասանելիությամբ, միաժամանակ շուրջօրյա հասանելի են եղել նաև դեսպանության գործող բոլոր հեռախոսահամարները՝ մշտական կապ ապահովելով մեր հայրենակիցների հետ:
Դեռևս մարտ ամսվա սկզբին դեսպանության սոցիալական հարթակում տարածվել են համապատասխան հայտարարություններ՝ COVID-19 համավարակի տարածման արդյունքում ստեղծված իրավիճակի և համաճարակային ռիսկերի առնչությամբ, ինչպես նաև դեսպանության հյուպատոսական տիրույթում գտնվող ՀՀ քաղաքացիների՝ հյուպատոսական հաշվառման կանգնելու կամ, առնվազն, իրենց գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն տրամադրելու անհրաժեշտության մասին, պարբերաբար ներկայացվել է Հայաստանում վարակի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակն ու կանխարգելող միջոցառումների մասին տեղեկատվություն։
Դեսպանությունը մշտական կապի մեջ է Ավստրիայի Հայ առաքելական եկեղեցական համայնքի ատենապետ Վահագն Ամիրջանյանի, ինչպես նաև Ավստրիայի Հայ առաքելական եկեղեցու հոգևոր հայրերի և եկեղեցական վարչության անդամների հետ՝ քննարկելու համայնքում առկա իրավիճակն ու համայնքին հուզող հարցերը: Սլովակիայում ՀՀ պատվավոր հյուպատոս Բագրատ Հակոբյանը նույնպես իր լիազորությունների շրջանակներում փորձում է իրավիճակից բխող համապատասխան աշխատանքներ իրականացնել:
- Ի՞նչ օգնություն է ցույց տվել Հայաստանի դեսպանությունը ՀՀ քաղաքացիներին։ Կա՞ն հայեր, որ ցանկանում են մեկնել Երևան և արդյո՞ք նրանց ցուցաբերվել է անհրաժեշտ օգնություն։
- Կարող ենք փաստել որ իրավիճակը փոքրիշատե մեղմացել է, այնուամենայնիվ, դեսպանության սոցիալական ցանցերին և էլեկտրոնային փոստերին շարունակում են նամակով դիմել կամ զանգահարել արտերկրում գտնվող քաղաքացիները կամ վերջիններիս հարազատները, որոնց տրամադրում ենք մանրամասն տեղեկատվություն՝ տվյալ պահին տարբեր երկրների կողմից կիրառվող ճամփորդական սահմանափակումների, հայրենիք վերադառնալու առաջիկա թռիչքների տարանցիկ հնարավորությունների վերաբերյալ։
Դիմումների դեպքում, տրվում է խորհրդատվություն կամ ցուցաբերվում աջակցություն արտերկրում ժամանակավորապես գտնվող (զբոսաշրջության կամ ժամանակավոր գործուղման Շենգենյան մուտքի արտոնագրով) քաղաքացիների կեցության ժամկետը երկարացնելու համար։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մինչ ս.թ․ մարտի 23-ը «Wizz Air» ավիաընկերությունը կատարել է թվով երկրորդ թռիչքը Վիեննայից դեպի Երևան, իսկ ապրիլի վերջին վերսկսել է Վիեննա-Մինսկ-Երևան երթուղով թռիչքներ իրականացնել «Բելավիա» ավիաընկերությունը, ուստի ՀՀ քաղաքացիներից շատերը կարողացել են վերադառնալ հայրենիք կամ իրենց մշտական բնակության վայրեր։
Չնայած որ, դեսպանության տվյալներով, այս պահի դրությամբ կացության արտակարգ իրավիճակում հայտնված ՀՀ քաղաքացիներ չկան, այնուամենայնիվ, Ավստրիայում, Սլովակիայում, ինչպես նաև Հունգարիայում դեռ գտնվում են շուրջ երեք տասնյակ ՀՀ քաղաքացիներ, որոնք ցանկություն են հայտնել վերադառնալ Հայաստան, սակայն այս պահին նախընտրել են սպասել կանոնավոր թռիչքների վերսկսմանը և ճանապարհորդական սահմանափակումների վերացմանը։
- Ի՞նչ միջոցառումներ են ծրագրում ձեր ներկայացված երկրներում աշնանը սպասվելիք համավարակի երկրորդ ալիքի կանխարգելման եւ ռիսկերի նվազեցման համար։ Օրինակ, Չեխիայում նախաձեռնել են օրենսդրական փոփոխություններ։
- Ճիշտ եք, իրականում այսօր Ավստրիայում և Սլովակիայում խոսվում է COVID-19 համավարակի հնարավոր երկրորդ ալիքի մասին։ Ավելին Ավստրիայի կանցլեր Ս. Կուրցը դա համարում է «իրատեսական սցենար»: Սակայն իրավիճակը երկրում խստորեն վերահսկվում է և սահմանափակումների թուլացմանը զուգահեռ իշխանությունները հետևում են վիճակագրությանը՝ անհրաժեշտության դեպքում կանխելու «երկրորդ ալիքի» առաջացումը: Հարկ է նշել, որ Ավստրիայի աշխատաշուկան ներկայումս ապրում է ամենամեծ ճգնաժամը Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր, ավելի քան կես միլիոն մարդ գործազուրկ է համարվում: Այս պահին Ավստրիայի կառավարության գործունեությունը մեծապես ուղղված է տնտեսական համակարգը, աշխատաշուկան հնարավորինս արագ բնականոն ռիթմին վերադարձնելուն: Այդ նպատակով կառավարությունն ընդունեց 38 միլիարդ եվրոյի հակաճգնաժամային օգնության փաթեթը։ Եվ Ավստրիայում և Սլովակիայում, ինչպես գրեթե բոլոր երկրներում, հստակ հասկանում են, որ անվերջ սահմանափակումները պարզապես կործանարար կլինեն երկրի տնտեսության և հետևապես քաղաքացիների կյանքի որակի համար։
- ԵԱՀԿ-ն իբրեւ միջազգային կառույց ի՞նչ վերաբերմունք է ցուցաբերել համավարակի առնչությամբ և արդյո՞ք տրվել են համապատասխան հանձնարարականներ անդամ պետություններին։
- COVID-19 համավարակով պայմանավորված իրավիճակն աննախադեպ էր նաև ԵԱՀԿ-ի համար, որն ինչպես գիտեք, հանդիսանում է անվտանգության տարածաշրջանային ամենամեծ կազմակերպությունը: Ավստրիայում համավարակի տարածման առաջին իսկ օրերից ԵԱՀԿ առաջնորդվել է հյուրընկալող երկրի իշխանությունների ցուցումներով: Ըստ այդմ, համապատասխան սահմանափակումներ են ներդրվել ԵԱՀԿ բոլոր մարմինների աշխատանքներում, որոնց արդյունքում չեղարկվել են ընթացիկ նիստերը և նախատեսված այլ միջոցառումները: Քարտուղարությունն ու ԵԱՀԿ այս տարի նախագահող Ալբանիայի մեր գործընկերները անցել են հեռավար աշխատանքի: Սահմանափակումները տարածվել են նաև ԵԱՀԿ մասնակից որոշ երկրներում գործող դաշտային առաքելությունների վրա: Ստեղծվել է մի աննախադեպ իրավիճակ, երբ ժամանակավորապես դադարեցվել է նույնիսկ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մշտադիտարկման գործառույթը: Մասնակից պետությունները կամավորության սկզբունքով համաձայնել են հետաձգել կամ չեղարկել քաղաքական-ռազմական ոլորտի միջոցառումները, այդ թվում զորավարժությունները և տեսչական այցերը:
Ապրիլի կեսից սկսած առցանց հարթակների միջոցով վերականգնվել է ԵԱՀԿ հանդիպումների և միջոցառումների անցկացումը, որոնք որոշ չափով ապահովում են աշխատանքների ու քննարկումների շարունակականությունն: ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելությունն այս ժամանակահատվածում ակտիվորեն ներգրավված է եղել կազմակերպության աշխատանքներում: Շարունակել է սերտորեն համագործակցել ԵԱՀԿ կառույցների, մասնավորապես մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցչի և ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակների հետ օրակարգային հարցերի, ինչպես նաև համավարակի արդյունքում ծագած խնդիրների հասցեագրման շուրջ:
Գրեթե նույն իրավիճակում է նաև Վիեննայի ՄԱԿ-ի գրասենյակը, որտեղ նույնպես աշխատանքներ, որքան դա հնարավոր է, իրականացվում են առ ցանց ռեժիմով։ Քանի որ հանդիսանում եմ նաև Վիեննայի ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչ, կցանկանայի առիթն օգտագործելով շնորհակալություն հայտնել՝ COVID-19 համավարակի դեմ պայքարի շրջանակներում Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը՝ Հայաստանին նշանակալի տեխնիկական աջակցություն ցուցաբերելու համար։ ԱԷՄԳ-ի կողմից ՀՀ առողջապահության նախարարությանն է տրամադրվել COVID-19 համավարակի ախտորոշման հատուկ սարքավորումներ և բժշկական նյութեր, այդ թվում «Real-Time PCR» սարքը, որը հնարավորություն է տալիս վարակի ախտորոշումն իրականացնել ժամերի ընթացքում։
ՕՐԵՐ եվրոպական ամսագիր
Պրահա
orer.eu