ՕՐԵՐ եվրոպական ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանի դիմումը չեխահայությանը՝ ցեղասպանության 105-ամյա տարելիցի առիթով նկարահանված ոգեկոչման ֆիլմում
Սիրելի հայրենակիցներ, չեխահայ համայնքի վերջին 20 տարիների պատմության մեջ առաջին անգամ մենք չենք անցկացնում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված երթ կամ ցուցահանդես, հուշ երեկո կամ ֆիլմի ցուցադրություն։ Սակայն համացանցային այս ձեւաչափը թույլ է տալիս ամփոփելու անցած տարիներին կատարված այն ահռելի աշխատանքը, որ ի վերջո բերեց նաեւ Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը եւ հայկական հարցի մասին հասարակության լայն շրջանակների իրազեկմանը։
Այս տարիներին նաեւ մեր՝ ՕՐԵՐ եվրոպական ամսագրի միջոցով կարողացել ենք լայնածավալ տեղեկատվական աշխատանք տանել Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ, վերահրատարակել չեխ ճանապարհորդ եւ գրող Կարել Հանսայի ,,Արեւելքի սարսափները,, գիրքը եւ տարածել Չեխայի խորհրդարանի պատգամավորների պալատում, մասնակից ենք դարձել 2001 թվականից Հայոց ցեղասպանությանը նվիրված չեխ ռեժիսորների երկու ֆիլմերի ստեղծմանը, նպաստել ենք Պրահայում ծնված Ֆրանց Վերֆելի ,,Մուսա լեռան 40-օրը,, հանրահայտ գրքի չեխերենով վերահրատարակությանը, չեխական մամուլում տպագրված բազմաթիվ հոդվածներին եւ չեխական ,,Պլաստ,, գրական ամսագրի հատուկ համարի լույս ընծայմանը։
Այս օրը մենք հիշում ենք մեր սրբադասված զոհերին եւ նաեւ շնորհակալություն հայտնում ցեղասպանությունը ճանաչած երկրներին։
Սակայն լիակատար ճշմարտությանը հասնելու մեր պայքարը երբեք կանգ չի առել։ Այն շարունակվում է։ Լինի դա համավարակի պայմաններում, թե դրանից դուրս։ Այստեղ ամենակարեւորը մեր միասնությունն է, որ ինչպես 2015-ին ողջ չեխահայությունը ոտքի ելավ իր 100-ամյա ողբերգության ճանաչման պահանջով, այնպես էլ հիմա, մեր ազգային բոլոր հարցերում պետք է լինենք միասին ու հաղթահարենք բոլոր խոչընդոտները։ Մեր պահանջատիրությունը մնում է նույնը՝ ցեղասպանության միջազգային ճանաչում, եւ հատկապես Թուրքիայի կողմից, ցեղասպանության հետեւանքների հատուցում եւ ցեղասպանության ժխտման քրեականացում։
Մենք հիշում ենք եւ պահանջում։
Հ.Ասատրյան
24 ապրիլ 2020
Պրահա
Տեսաձայնագրությունն այստեղ՝