Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

105 տարի անց. Բանահավաք-բանագետ, ցեղասպանագետ, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ Գիտության վաստակավոր գործիչ

Վերժինե Սվազլյանը պատմեց իր աշխատանքների, հրատարակությունների ու վերապրողների հետ հանդիպումների մասին

Գրեթե 105 տարի առաջ Օսմանյան Թուրքիայի իշխանությունների կողմից 1,5 հայ է բնաջնջվել, տեղահանվել հայրենիքից: Ապրիլի 24-ը պայմանականորեն է Ցեղասպանության օր համարվում, քանի որ 1915-ի ապրիլի 24-ին Կոստանդնապոլսում ձերբակալվել է շուրջ 600 հայազգի մտավորական։ Այսօր ողջ հայությունը հարգում է նահատակված հայերի հիշատակը: Բազմահազար մարդիկ՝ Հայաստանից, Լեռնային Ղարաբաղից, Սփյուռքից, օտարերկրյա հյուրեր այսօր Երևանում այցելում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցում 20-րդ դարի սկզբին Ցեղասպանության զոհ դարձած ավելի քան մեկևկես միլիոն հայերի հիշատակին: Օսմանյան Թուրքիայում հայերի դեմ իրականացված ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումներ են նախատեսված արտերկրում` Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների, Սփյուռքի կառույցների նախաձեռնությամբ, տեղի պետական,  քաղաքական ու հասարակական գործիչների մասնակցությամբ: Ապրիլի 24-ը մեզ համար խնկարկումի, բայց նաև հարության օր է:Հայոց ցեղասպանության անպատժելիությունը դուռ բացեց մարդկության դեմ հետագա ծանր հանցագործությունների և ցեղասպանությունների առջև: Հիշենք Հոլոքոստը, Կամբոջան, Ռուանդան եւ մյուս ողբերգությունները: Այն զգոնության դաս պետք է լինի բոլորի համար: Աշխարհի մոտ երեք տասնյակ երկրներ տարբեր երկրների տարածաշրջանային, քաղաքային իշխանություններ, միջազգային հեղինակավոր կազմակերպություններ ու կառույցներ պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Ապրիլի 24-ին հիշատակի արարողություններ են կատարվում Հայաստանի բոլոր շրջաններում, աշխարհի տարբեր երկրների հայկական համայնքներում: Բողոքի կոչ է բարձրացվում Թուրքիայի մերժողական քաղաքականության դեմ եւ ուղերձ հղվում միջազգային հանրությանը` ճանաչելու 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունը` դրանով թույլ չտալով ցեղասպանությունների կրկնություն: Հայ առաքելական եկեղեցու բոլոր թեմերում մատուցվում է հոգեհանգստյան պատարագ: Հայոց ցեղասպանության ականատեսների հուշերի և իրողության մասին գրվել են ինչպես տեղական մամուլում ու գրքերում, այնպես էլ օտարերկրացիների հուշերում ու հոդվածներում:Այսպիսով՝Հայոց Ցեղասպանության օրվան ընդառաջ ներկայացնում եմ սիրված մտավորական բանահավաք-բանագետ, ցեղասպանագետ, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ Գիտության վաստակավոր գործիչ  Վերժինե Սվազլյանի  հետ անցկացրած իմ առցանց  հարցազրույցը:

Տիկին Սվազլյան, Դուք Ձեր կյանքը նվիրել եք Հայաստանում և արտերկրում գրի առնելով, ձայնագրելով ու տեսագրելով ոչ միայն ժողովրդական բանահյուսության տարբեր բնույթի ստեղծագործություններ, այլև՝ Հայոց ցեղասպանության ականատես-վերապրողների հաղորդած պատմական բնույթի հուշերն ու երգերը: Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ ի՞նչ կասեք այդ համազգային ողբերգության մասին:

– Այո՛, ես իմ կյանքի շուրջ 60-տարիները նվիրել եմ Հայաստանի տարբեր շրջաններում, նույնպես և սփյուռքում՝ Սիրիա, Լիբանան, Եգիպտոս, Հունաստան, Ֆրանսիա, Կանադա, Թուրքիա և ԱՄՆ կատարած իմ գիտաժողովային ուղևորությունների ընթացքում մշտապես որոնել, հայտնաբերել ու գրի եմ առել ոչ միայն ժողովրդական բանահյուսության տարաբնույթ նյութեր, այլև՝ Հայոց ցեղասպանությունից վերապրած ականատեսների՝ ավագ, միջին և կրտսեր սերունդների ներկայացուցիչներին, դժվարությամբ նրանցից գրի եմ առել նրանց հուշերն ու երգերը, որոնք լույս են տեսել առանձին մի շարք գրքերով, սակայն Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախօրեին լույս ընծայված «Հայոց ցեղասպանություն. Ականատես վերապրողների վկայություններ» (2011) հատորում ամփոփված են 700 միավոր նրանց հաղորդած հուշ-վկայությունները, զրույց-վկայություններն ու երգ-վկայությունները: Այդ ստվար հատորը լույս է տեսել նաև անգլերեն (թարգմանիչներ՝ Անահիտ Պողիկյան-Դարբինյան և թարգմանիչ, խմբագիր Տիգրան Ծուլիկյան), ապա նաև՝ թուրքերեն (թարգմանիչներ՝ թուրքաբնակ Տիգրան Տեր-Ողորմիաճյան և Թուրքիայից հայրենադարձ՝ Պետրոս Չավիկյան): Թուրքերեն հատորը լույս է տեսել Ստամբուլում, 2013 թ., այլախոհ մտավորական Ռագիբ Զարաքոլուի “Belge” (Փաստարկ) հրատարակչության կողմից: Ի դեպ, Ռ. Զարաքոլուն առաջինն է, որ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ ծնկաչոք ներողություն է խնդրել հայ ժողովրդից՝ իրագործված ոճրագործության համար:

                Հայոց ցեղասպանությունից հրաշքով փրկված ականատես-վկաներին մշտապես հանդիպել եմ ինքնամփոփ ու լուռ` իրենց մտորումների մեջ խորասույզ: Այդ խորհրդավոր լռությունը ևս ունեցել է իր պատճառը, քանի որ տասնամյակներ շարունակ խորհրդային Հայրենիքում տիրող քաղաքական արգելքները թույլ չեն տվել իրենց անցյալի մասին ազատ ու անկաշկանդ պատմել կամ վիպել: Հետևաբար, այդ կարգի նյութերը մեծ դժվարությամբ եմ հայտնաբերել ու գրի առել:

Տեղի տալով իմ թախանձագին հորդորներին` նրանք, պոռթկացող հուզումով կրկին վերապրելով իրենց տխուր անցյալը, արցունքախառն հեկեկոցներով սկսել են պատմել իրենց հիշողության մեջ անթեղած ցավագին հուշերը, թե ինչպես երիտթուրք ոստիկաններն ու բանտերից ազատված հանցագործները բռնի տեղահանել են արևմտահայերին իրենց պապենական շեն բնօրրանից` Հայրենիքից, և իրենց աչքերի առաջ անմարդկայնորեն հոշոտել իրենց ծնողներին ու հարազատներին, պատվազրկել իրենց մայրերին ու քույրերին, քարերով ճխլել նորածին մանուկներին…:

Ականատես-վկաները գերազանցապես ավագ սերնդի ներկայացուցիչներն են. ավագագույն վերապրողը ծնվել է 19-րդ դարում` Մարիցա Փափազյան (ծնվ. 1874 թ., Սամսուն): Նա պատմել է, որ թուրք հեծյալ ոստիկանը Դեր Զորի անապատում մոտեցել է իրեն և փորձել է խլել իր քսանամյա աղջկան: Մայրն ամբողջ ուժով պայքարել է և չի թողել, որ նա փախցնի աղջկան: Ոստիկանը, մեղմանալով սկսել է խնդրել մորը, որ ինքը հավանել է աղջկան և սիրում է նրան, եթե իր կինը դառնա, ապա շատ հոգատար կլինի: Մայրը մտածել է, օգտվել առիթից և ասել. «Եթե աղջկաս քեզ տամ, նրա հետ նաև 25 հայ աղջիկ պիտի ազատես, համաձա՞յն ես»: Թուրք ոստիկանը համաձայնվել է, և մայրը պատմում էր. «Ես կորցրեցի իմ մեկ աղջկան, բայց 25 հայ աղջիկների ազատեցի այդ գեհենից»:

                Այնպես որ, հայ մայրերն իրենց վտիտ ուսերին են կրել հայերի տեղահանության, աքսորի և կոտորածների ամբողջ տառապանքների ծանրությունը: Ուստի նրանք հանգամանորեն և պատկերավոր կերպով նկարագրել են իրենց աչքերով տեսածներն ու իրենց հոգու խորքում զգացածները: Քանի որ հայ մայրերն են արցունքներով ճանապարհել իրենց ամուսիններին ու որդիներին` թուրքական բանակում ծառայելու, որտեղ հայ զինվորներին զենք չեն տվել, նրանց ուղարկել են «Ամելե թաբուր» (Աշխատանքային գումարտակ - թուրք.) ծանր աշխատանքներ կատարելու: Նրանք ուժասպառ անշնչացել են և կամ սպանվել ու լցվել իրենց իսկ փորած փոսերի մեջ: Այնուհետև հայ կանանց ստիպել են թողնել իրենց տունն ու այգին, ունեցվածքը և իրենց երեխաների, անկարող ու ծեր ծնողների հետ բռնել աքսորի ճամփան: Նրանք հոգնությունից արյունոտված ոտքերով, կիզիչ արևի տակ, սոված ու ծարավ, թուրք ոստիկանների մտրակների հարվածների ներքո, ամիսներով քայլել են դեպի Դեյր էլ Զորի, Ռաս ուլ Այնի, Ռաքքայի, Մեսքենեի և Սուրուճի անապատները: Ինչպես ականատեսների պատմած հուշերում, նույնպես և նրանց հաղորդած երգերում հիշատակված են նրանց անցած ճանապարհները, թուրք ոստիկանների, քուրդ հրոսակների, չեչեն ու չերքեզ ջարդարարների ավարառություններն ու թալանը, հայ աղջիկների առևանգումն ու սպանությունը, նրանց ցցերի վրա նստեցնելը, կանանց փորերը ճեղքելն ու ոսկի փնտրելը, ոմանց խաչելն ու տանջամահ անելը, հղի կանանց ողջ-ողջ որովայնը սվինով բացելն ու պտուղը ցցի վրա բարձրացնելով պտտեցնելը, մարդկանց ողջ-ողջ մաշկահան անելը, թուրք հեծյալ իշխանավորի ոտքերի տակ խոյի կամ նոխազի փոխարեն հայերին զոհ մատուցելը և այլն: Ահավոր տեսարաններ, որոնց մասին դժվար էր լսելը և ավելի դժվար գրի առնելը:

                Այդ իրադարձություններին ականատես վերապրող Մկրտիչ Կարապետյանը (ծնվ. 1910 թ., Տիգրանակերտ) պատմել է. «…Վերջապես էկանք, հասանք Դեր Զորի անապատի վերևի մասը` Մերդին քաղաքը, որտեղ գնացքը կուգար, Հալեպ կերթար։ Անտեղ մեզ իջեցուցին. կանաչ դաշտ էր։ Ներքևը ձոր կար։ Մեզ` փոքրերիս ջոկեցին, իսկ մեծերին` տարին ձորի կողմը հերթ կայնեցրին. 300-400 հոգիի չափ մեծեր էին, այդքան ալ երեխաներ էինք։ Ուրեմն մեզ` էրեխեքիս կանաչ դաշտի վրա նստեցրին. մենք չգիտենք` ինչ պիտի ըլլա։ …Մայրս իր հերթը խախտելով գալիս էր մեզի համբուրու՜մ, համբուրու՜մ, գնում էր։ Մենք` ես, մեծ եղբայրս և փոքր եղբայրս, որը մեկ տարեկան էր, հեռվից տեսնում էինք մի շարան կանայք հերթի մեջ շարժվում են. մեր մայրը անոնց մեջն էր։ Տունեն երբ էլանք, մեր մայրը ազգային տարազներով էր` թավիշ, ոսկեկար հագուստներով, գլուխը զարդարված էր ոսկեդրամներով, վիզը ոսկե շղթա կար, հագուստներուն մեջը երկու կողմը 25-25 ոսկի էր կարած` գաղտնի: Վերջին անգամ, երբ մեր մայրը էկավ մեզի խենթի պես համբուրեց, կհիշեմ, արդեն միայն տակի ճերմակ ներքնազգեստով էր. ո՛չ զարդ կար, ո՛չ ոսկի կար, ո՛չ ալ թավիշե հագուստները: Մենք` էրեխեքս, բանից անտեղյակ ենք։ Էնտեղ բաներ մը կատարվում են, բայց չգիտենք ի՞նչ է կատարվում։ Դու մի ըսեր բոլորին հերթով հագուստները հանում էին, մի կողմի վրա շարում, բոլորին մերկացնում էին, կացինով գլուխը կտրում էին, նետում էին ձորը…»:

                Բացի պատմական հուշ-վկայություններից, ականատեսները հաղորդել են նաև պատմական բնույթի երգեր, որոնք ևս շատ կարևոր տեղեկություններ են պարունակում: Օրինակ, ըստ վերապրողների հաղորդած տեղեկությունների, կոտորածն սկսել է ապրիլին` Զատիկի կիրակին, որպեսզի հայերը ևս Քրիստոսի չարչարանքներին արժանանան և իրենց արյունով ներկեն Զատիկի հավկիթները։ Իսկ հայերի տառապանքը երգ դարձած հնչում էր աղեկտուր.

«Զատիկ-կիրակի վրանները քանդեցին,

Բոլոր հայերին անապատը լցրեցին,

Այծերի պես հայերին մորթեցին,

Հայերն են զոհվում հանուն հավատքի»:

Մերսինցի Սողոմոն Եթենեկյանը (ծնվ. 1900 թ.) նույնպիսի հուզմունքով է վերհիշել իր տեսածները. «…Թշնամիս թող չտեսնա ան, ինչ որ մեր աչքերը տեսան Դեր Զորի ճամփին: Սիրտս կանգ կառնե, որ կհիշեմ ադ բոլորը: …Աղջիկ-կնիկ, 300-400 հոգի գոտիներնին հանած, իրար կապված, իրար հետևից, եալա՜, Եփրատ գետը կնետվեին, որ թուրքի բաժին չդառնան: Ջուրին երթալը չէիր տեսնար, լեշերը դուրս ելած էին, բերդի պես իրար վրա դիզված էին, շուները կատղած էին մարդու միս ուտելեն…»։

Սակայն ողբերգական այդ օրերին հայ ժողովրդի հոգում վերազարթնեց դարերի խորքից ժառանգաբար արյան հետ եկող «Մահ իմացեալը» ստրուկ կյանքից նախընտրելու և բռնությանը միահամուռ ուժով դիմադրելու հերոսացման իր խիզախ ոգին:

Երիտթուրքերի կազմակերպած համատարած սպանդի պայմաններում` արևմտահայերը երկրի մի շարք շրջաններում անհավասար կռիվ մղեցին թշնամու գերազանց ուժերի դեմ: Սակայն այդ ինքնապաշտպանական մարտերը մղվում էին առանց ծրագրի, տարերայնորեն, մեկը մյուսից անջատ։ Բայց, այնուամենայնիվ, հերոսական պայքարի շնորհիվ, Վանում, Շատախում, Շապին-Գարահիսարում, Մուսա Լեռում, Ուրֆայում, ավելի ուշ՝ նաև Մարաշում, Այնթապում, Հաճընում և այլուր տասնյակ հազարավոր կյանքեր փրկվեցին երիտթուրքական դաժանություններից։

Եվ ինչպես վաստակաշատ պատմաբան, քաղաքական գործիչ, Հայաստանի Արտաքին գործերի երբեմնի նախարար (1975-1985 թթ.) Ջոն Կիրակոսյանը (1929-1985 թթ.) իր «Երիտթուրքերը պատմության դատաստանի առաջ» գրքում հիշատակում է թուրք և օտար թերթերի ու քաղաքական գործիչերի վկայություններ, ինչպես նաև` թուրքական արխիվային փաստաթղթեր, որոնք ևս գալիս են հաստատելու ականատես վերապրողների հաղորդած ժողովրդական վկայությունների բացարձակ ճշմարտացիությունը:

«…1919-ի հուլիսի 13-ին «Նյու-Յորք թայմս»-ը հաղորդեց, որ «Թուրքիան դատապարտում է ռազմական ժամանակի իր պարագլուխներին», որ զինվորական տրիբունալը մահվան է դատապարտել Էնվեր փաշային, Թալեաթ փաշային և Ջեմալ փաշային. «երեքն էլ փախուստի մեջ են»:

«…Դատարանի նիստերը շարունակվեցին ամիսներ: …Երիտթուրք ղեկավարներին ներկայացվել էր երկու մեղադրանք. Թուրքիայի ներքաշումը պատերազմի մեջ և հայ ժողովրդի բնաջնջումը: Սա արդեն պաշտոնական ճանաչումն էր հրեշավոր ոճրագործության, որ կատարել էին երիտթուրքական պետական մարմինները», - եզրակացնում է Ջոն Կիրակոսյանը:

Այնպես որ, Թուրքիան վաղուց ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, իսկ հատուցումը ժամանակի է կարոտ:

Ուստի, հայ ժողովուրդը պետք է իր անցյալը հիշի և պահանջի իր կորուստների հատուցումը:

 

Գարիկ Ավետիսյան