Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times


Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի հանրային հավաքները չեղարկվել են

 ANC-Netherlands-logo-467x372

Այս տարի, Համագործակցող հոլանդահայ կազմակերպությունների ծրագրված Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված հանրային միջոցառումների փոխարեն, տեղի կունենա վիրտուալ ոգեկոչում սոցիալական ցանցերի միջոցով: Այսպիսով կարելի է ապահովել, որ հոլանդահայերը կորոնավիրուսի (COVID-19) համաճարակի սահմանափակումների պայմաններում հնարավորություն կունենան ոգեկոչել 1915 թ. հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Ինչպես հայտնի է, այդ քաղաքականության զոհը դարձան նաև Օսմանյան կայսրության այլ քրիստոնյա փոքրամասնություններ, ինչպիսիք են ասորիները, արամեացիները և հույները:

Պարզ ասած` Համագործակցող հոլանդահայ կազմակերպությունների նախապատրաստած միջոցառումները, մասնավորապես ոգեկոչման համերգը և հանրահավաք-ցուցը Հաագայում, ինչպես նաև Ասենի ցեղասպանության հուշարձանի մոտ ամենամյա ծիսակատարությունը չեղարկվել են:

Այդ իսկ պատճառով, Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի «Ապրիլ 24» հանձնախումբը նախաձեռնել և մշակել է վիրտուալ ոգեկոչման ծրագիր, որը պարունակում է տեսանյութ հայ և հոլանդացի անձերի պատգամներով, երաժշտությամբ, ասմունքով և Ասենում ցեղասպանության հուշարձանին ծաղկեպսակների զետեղման պատկերներով, իհարկե առանց ժողովրդի մասնակցության։ Հատուկ ծրագիրի տեսանյութը կհրատարակվի ապրիլի 24-ին, ուրբաթ օրը ֆեյսբուք/ՅուԹյուբ (Facebook / YouTube) և այլ սոցիալական ցանցերում։ Տեսանյութի տեղադրման և հասանելիության մասին տեղեկությունը կհաղորդվի մոտ օրերս։

Ասենի ցեղասպանության հուշարձանի 20-ամյակը
Ասեն քաղաքում այս տարվա ոգեկոչման միջոցառումը պետք է լիներ առանձնահատուկ, քանի որ նախատեսվել էր նշել Ասենի հուշարձանի (խաչքարի) 20-ամյակը` բոլոր այս տարիներին ոգեկոչման միջոցառումներին մասնակցած գիտության, արվեստի և քաղաքականության երևելի դեմքերի հետ միասին, որոնք առաջին իսկ պահից նեցուկ են կանգնել հայերին։ Հուշարձանի տեղադրման և ոգեկոչման միջոցառումներ անցկացնելու դեմ թուրքական ահռելի բողոքների և հոլանդական և արտասահմանյան զանգվածային լրատվական միջոցների աննախադեպ ուշադրության շնորհիվ, Ասենի խաչքարը յուրահատուկ կարևոր նշանակություն ունեցավ Նիդերլանդներում Հայոց ցեղասպանության մասին գիտելիքների տարածման ոլորտում։

Ասենում կայացած ոգեկոչումերի շնորհիվ հայերի տառապանքները դարձան շոշափելի հասարակության համար, հատկապես որ ամեն տարի իրենց մասնակցությամբ և ելույթներով դրան նպաստեցին բազմաթիվ քաղաքական գործիչներ, գիտնականներ, լրագրողներ, արվեստագետներ, գրողներ և դա շարունակաբար գտնվեց մամուլի ուշադրության կրնտրոնում: Այսպիսով 2000 թվականից այդ խաչքարը դարձավ Նիդերլանդներում Հայոց ցեղասպանության ճանաչման պայքարի կարևոր գործոնից մեկը, որը Հաագայում խորհրդարանին ներկայացված հանրագրերի, պատգամավորների հետ բանակցությունների, ցույցերի, հանրահավաքների, հոդվածների և այլ միջոցառումների հետ միասին 2004 թվականին հանգեցրեց Նիդերլանդների խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը` պատգամավոր Ռաուվուտի բանաձևով, որն ընդունվեց միաձայն։

Մի այլ ժամանակ և այլ միջոցներով կնշվի Ասենի խաչքարի 20-ամյակը։