Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 Գրախոսության փոխարեն. Լույս է տեսել Հովհաննես Թումանյանի «Թումանյան-150: Հատընտիր: Ծաղկաքաղ» գիրքը

Ընթերցողի սեղանին է Հովհաննես Թումանյանի «Հատընտիր: Ծաղկաքաղ» գիրքը, որը տպագրության է պատրաստել Լոռվա ձոր հայրենակցական միությունը, մեծ լոռեցու
150-ամյա հոբելյանի առթիվ:

Երբ նախապատրաստվում էինք Ամենայն հայոց բանաստեղծի 150-ամյա հոբելյանին թումանյանագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Սուսաննա  Հովհաննիսյանին առաջարկեցի կազմել փոքրիկ ժողովածու, որը կարող է տեղավորվել գրպանում կամ փոքրիկ պայուսակում և ներկայացնել թումանյանական աշխարհը՝ բոլոր այն հիմնական  ժանրերով, որոնցով ստեղծագործել է մեծ լոռեցին։ Կարծում եմ, որ նման ժողովածու կազմելը հեշտ չէր, քանի որ կոնկրտ Թումանյանի հարուստ ու բազմազան գրական աշխարհից պետք էր ծանրութեթև անել և առանձնացնել բանաստեղծություններ, քառյակներ, բալլադներ, պոեմներ, թարգմանություններ, ասույթներ, անգամ բանաստեղծություններ՝ նվիրված մեծ լոռեցուն։ ժողովածուի կազմման բանալին, թերևս պետք է փնտրել ներկայացվող գրքում՝ Սուսաննա Հովհաննիսյանի նախաբանում. «Թումանյանն է իր ազգի թե՛ անհատակ ցավի ու ողբերգության և թե՛ նրա մեծ կենսունակության, կենսասիրության ու գոյատևման հավատի առհավատչյան։ …. Նա հրկիզվեց իր ազգին  պատուհասած աղետների հրդեհում, ուր նետվել էր ինքնակամ, այրվեց այդ հրդեհները մարելու համար, այրվեց մարդկային կյանքեր փրկելու, նրանց սկիզբ ու վերջ չունեցող հոգսերը հոգալու համար։ Միշտ ուրիշների, ամենքի համար պատարագ արեց, իսկ իր համար մի մոմ չվառեց, այլ վառվեց ինքը, որպեսզի լույս տալով սպառվի.

Քանի ձեռքից եմ վառվել,

Վառվել ու հուր եմ դառել,

Հուր եմ դառել՝ լույս տըվել,

Լույս տալով եմ ըսպառվել»։

Այս վերլուծություն-գնահատանքից հետո ներկայացվում է բանաստեղծական հետաքրքիր փունջ՝ «Հին օրհնությունից» մինչև «Սիրիուսի հրաժեշտը».

Սիրիու’ս, երկնից ահեղ անցվոր,

Ու՞րկից եկել,

Ու՞ր ես թեքել,

Ու՞ր ես ճեպում էդքան հըզոր,

Անճառ թափով,

Անծեր ճամփով,

Դարե՛ր, դարե՛ր հազարավոր։

Այս տիրույթում թումանյանական անզուգական խոհեր ու մտորումներ են, ինչպես օրինակ «Կանչ» բանաստեղծությունում.

«Մեղմացրու մարդկանց

 Կիրքն ամբարտավան,

Եթե Աստված ես

Դու խաղաղության»։

Եվս մի անգամ մեզ համար հնարավորություն է ստեղծվում լինել «Հայոց լեռներում», «Հայրենիքիս հետ», հասկանալ «Հայոց վիշտը»։ Այս ամենով մեզ Թումանյանը տանում է «Դեպի լույսը մեր ուխտի» («Մեր ուխտը»), այդ ճանապարհին «Հոգին տանջվում է այսքան ձայներից» (Տպավորություններ) և վերջապես  մեծ բանաստեղծը այսպես է մտածում.

«Էլ աշխարհ չեմ գալու հո նոր,

Իր տվածն եմ տալիս իրեն»

                                                                                               («Իմ երգը»):                                           

Տրամաբանական է, որ բանաստեղծական այս բույլին հաջորդում  են թումանյանական անզուգական քառյակները, որոնք բոլոր ժամանակներում հրատապ են և կարծես թե, գրված հենց այդ ժամանակի  ընկալմամբ.

Լինե’ր հեռու մի անկյուն,

Լիներ մանկան արդար քուն,

Երազի մեջ երջանիկ,

Հաշտ ու խաղաղ մարդկություն։

                                                                  1918թ., փետրվարի 2»։

Կրկին ու կրկին թումանյանական փիլիսոփայության աննման ու ինքնատիպ նմուշները՝ վստահ են, որ մի կողմից՝ հոգեվիճակի յուրօրինակ սպեղանի են ամեն ընթերցողի համար, բայց և ոգի անգամ ուղեցույց այս աշխարհը գնահատելու և հասկանալու համար։ Եվ պատահական չէ, որ  թումանյանական քառյակային խոր ասելիքը բացվում և բովանդակավորվում է  մյուս գրական ժանրերով, մասնավորապես՝ բալլադներում, որոնք ներկայացված են գրքի հետագա շարադրանքում։ Այստեղ թումանյանական գլուխգործոցներ են, որոնք ուղեկցում են ամեն մի հայի՝ նրա մանկությունից մինչև խոր ծերություն՝ «Շունն ու կատուն», «Փարվանա», «Լուսավորչի կանթեղը», «Չարի վերջը», «Էսպես չի մնա», «Մի կաթիլ մեղրը», «Թագավորն ու չարչին»։

Անկասկած, գիրքը կազմելիս հեղինակը առնչվել է ոչ միայն բովանդակային, այլև տեխնիկական գործոնների՝ մասնավորապես պոեմներին ժողովածուում տեղ տալու հետ կապված։ Այստեղ հեղինակը իրավացիորեն ծաղկաքաղ է արել ընտրելով հանրահայտ և բնորոշ հատվածներ՝ «Մարոն», «Հառաչանք», «Անուշ», «Դեպի անհունը», «Սասունցի Դավիթը», «Թմկաբերդի առումը» պոեմներից՝ ձգտելով հնարավորինս ամբոջական պատկերացում տալ թումանյական գրական ժառանգության գոհարների մասին:

Գաղտնիք չէ, որ Թումանյանը ընդհանրապես այլ ժողովուրդների գրականության գիտակ էր և դեռ ավելին քիչ չեն այն թարգմանությունները, որոնք հենց ինքն է կատարել։ Թերևս ամենահատնի և տիպական օրինակը Ալեքսանդր Պուշկինի «Ձմեռվա իրիկունը» բանաստեղծությունն է.

«Հողմը մեգով երկինքն առնում,

Գալարում է բուքը ձյան,

Մին՝ մանկան պես լաց է լինում,

Մին՝ ոռնում է զերց գազան,

Մին՝ վայրենի սուլում պես-պես,

Աղմըկում է տանիքում,

Մին՝ ուշացած ճամփորդ, ասես,

Լուսամուտն է նա թակում»։

Այստեղ պետք է ավելացնել պարսիկ գրող Խաքանիի քառյակները, Վոլֆգանգ Գյոթեի, էժյեն Պոտյեի, Պերս Շելիի բանաստեղծությունները։

Հատընտիրի հետագա շարադրանքը  ներ է առնում թումանյանական ասույթները, որոնք առնչվում են կյանքի տարբեր ոլորտներին՝ կենսափիլիսոփայությանը («Արևի նման նայեք աշխարհին»), մարդուն («Աշխարհում ամեն բան հեշտ է, մի բան է դժվար՝ մարդ լինելը»), լավատեսությանը («Մի՛ հուսահատվիր, հուսահատվելը մեղք բան է»), ժամանակին, կյանքի անցողիկությանը («Ժամանակի ձայնը պետք է լսել, ուշադիր լինել, օգտվել, արթուն լինել միշտ»), երջանկության («Ով սիրում է և սիրված է, երջանիկ է»), ոգևորությանը («Ոգևորությունը խենթ է ու սանձարձակ»), շնորհքին, ճաշակին («Աշխարքումը ամեն բանի բույրը ճաշակն է»), բանաստեղծին («ժողովրդի հոգին մեծ գրողների մեջ է»), կյանքին («Կյանքը դա ստեղծագործություն է, սեր և նոր կյանքի աղբյուր»), լեզվին («Լեզուն մեքենա չի, լեզուն հոգեբանություն է»)։ Թեմատիկ ուղղություները շարունակվում են և դրանք բազմազան են՝քաղաքականություն, իշխանություն,կուսակցություններ,սեր,կին,արդարություն։.                      Ինչպես գիրքը կազմողն է ընդգծում, Թումանյանը խոսքաշեն էր և դրանցից շատերը օգտագործում  էր մարդկային շփումներում, նաև բանավոր և գրավոր խոսքում՝ «Իշի գերեզմանը գիլի փորն է», «Փառքը՝ պալատումն է, հարստությունը շուկայում, ճշմարտությունը՝ անապատում», «Գրքերը խելքիս հետ են խոսում, ընկերը՝ սրտիս, երկինքը՝ հոգուս։ Մնացած բոլորը՝ ականջիս»։

Պարզվում է նաև, որ քիչ չեն գնահատանքի խոսքերը՝ հասցեագրված Թումանյանին։ Օրինակ ռուս գրող Վալերի Բրյուսովը գրում է. «Թումանյանի պոեզիան իր ամբողջության մեջ հենց ինքը՝ Հայաստան է, հնադարյան և նոր, հարություն առած և դրոշմված բանաստեղծական տողերում մեծ վարպետի ձեռքով»։ Գիրքը ավարտվում է  մեծն Թումանյանին նվիրված բանաստեղծական խոսքերով, որոնց հեղինակները Վալերի Բրյուսովը, Կոստանդին Բալմոնտը, Իոսեբ Գրիշաշվիլին, Տիցիան Տաբիձեն, Եղիշե Չարենցը, Վահան Տերյանը.

«Թումանյանի պալատում

Ով որ քեֆի չի նստել,

Նա չի տեսել դեռ խնդում,

Աշխարհ չի տեսել։»։

Բայց թերևս ամենաբնութագրականը Չարենցն է.

«Կա Մեծարենց,կա Տերյան և բազում

ուրիշ պոետներ կան,

Բայց Թումանյանն է անհաս Արարատը

մեր նոր քերթության»։

Իսկապես,որ գրքույկը այնքան վարպետությամբ է կազմված, որ այն փոքրիկ, բայց հարուստ թումանական միջվայր է ստեղծում։ Իսկ դրանից անընդհատ թումանյանական ճառագող ոգուց կարելի է լիցքավորվել ու հարստանալ։ Այս արդյունքը ձեռք է բերվել նաև Թումանյանի թոռնուհու աջակցությամբ, ով գիրքը կազմելիս ոչ միայն խորհուրդներ է տվել, այլև օգնել, որ այս փոքրիկ հատընտիրը ունենա հարուստ լուսանկարչական շարք և տպավորիչ ձևավորում։ Թերևս մեր երախտագիտությունը հայտնենք Թումանյանի ժառանգին, և ցանկանանք, որ նա նոր մտահղացումներ ունենա մեծ բանսատեղծի գրական ժառանգությունը ներկայացնելու հետ կապված:

Ավելացնենք, որ գրքի տպագրության պատրաստման գործը հանձն էր առել «Լոռվա ձոր» հայրենակցական միությունը և նրա նախագահը՝ տողերիս հեղինակը, որը տվյալ դեպքում հանդես է գալիս որպես գրքի պատասխանատու խմբագիր։ Եվ վերջապես գիրքը ընթերցողին չէր հասնի, եթե «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ-ԱԳՐԻԿՈԼ» բանկը հանձն չառներ և չհովանավորեր տպագրության ծախսերը։ Իսկ տպագրությունը պոլիգրաֆիական ամենաբարձր մակարդակով իրականացրել է «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը, որի ղեկավար Մկրտիչ Կարապետյանը միշտ նախանձախնդրություն է հանդես բերում թումանյանական գրական ժառանգությունը ընթերցողին հասցնելու գործում։

 

Սերգո Երիցյան

«Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ,

բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

 

Հ.Գ. եթե դուք ցանություն ունենաք ձեռք բերել վերոնշյալ հուշանվերային գիրքը,
կարող եք կապ հաստատել «էդիթ Պրինտ» հրատարակչության հետ և պատվիրել այն առցանց՝ editprint.am։