Մարտի 25-ին Լոնտոնի St George's հիւանդանոցիում իր մահկանացուն է կնքել հայտնի գեղանկարիչ, իրանահայ Էդման Այվազյանը։ Ինչպես ՕՐԵՐ-ին տեղեկացնում է Ասատուր Կիւզելեանը, հանգուցեալը հիւանդանոց էր ընդունվել սրտի հետ առնչված քննութիւնների համար, որտեղ վարակվել էր մահացու թագավարակով։
Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում հանգուցյալի բարեկամներին, հարազատներին եւ ընկերներին։ Իր խոսքում պարոն Կիւզելյանը գրել է. ,, Օգտուելով առիթէն, կ'ուզեմ Կիւզելեան ընտանիքի խորազգաց ցաւակցութիւնները յայտնել Էդմանի հրաշալի տիկնոջ, Թելմային, զաւակներուն և համայն Այվազեան ընտանիքին։ Էդիկի յիշատակը միշտ վառ պիտի մնայ բոլոր անոնց սրտին ու մտքին մէջ, որոնք զինք ճանչնալու բախտին արժանացած են։ «Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի»։
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Ասատուր Կիւզելեանի հարցազրույցը գեղանկարչի հետ, որ "ԳՈՅՆԵՐՈՒ ՃԱՐՏԱՐԱՊԵՏ" անվանումով լույս է տեսել 2018-ի մարտին Լոնդոնում՝ հայերեն բնագրով եւ անգլերեն թարգմանությամբ։
Հարցազրոյց Գոյների Ճարտարապետ` Գեղանկարիչ Էդման Այվազեանի հետ
Վերջերս ինձ յաջողուեց հարցազրոյց ունենալ սփիւռքահայ ﬔծատաղանդ գեղանկարիչ Էդման Այվազեանի հետ, Լոնդոնի իր արհեստանոցում։ Տարիների փորձով գիտեմ որ շատ աւելի հեշտ է հարցազրոյց վարել ﬕջակ կարողութեան տէր անձի հետ, քան տաղանդաշատ արուեստագէտի՝ պարզ այն պատճառով որ առաջինը՝ հիﬓականում փորձելու է իր չունեցած արժանիքները գովաբանել, իսկ երկրորդը՝ իր տաղանդը թերագնահատել և իրեն հասցէագրուած արդար արժևորուﬓերը` չափազանցութիւն համարել։ Չգիտեմ ո՞վ է ասել, բայց ո՞վ որ ասել է, ճիշդ է ասել, որ "հաﬔստութիւնն ու ﬔծութիւնը անբաժան ընկերներ են"։
Էդման Այվազեանին՝ ՄԵԾԱՏԱՌՈՎ մարդուն և ՈՍԿԵՏԱՌՈՎ արուեստագէտին՝ որը ﬕաժամանակ սեպհականատէր է համով-հոտով անհատականութեան, կարևոր է ճիշդ բնութագրել, հեռու ﬓալով քլիշէ դարձած խօսքերից, անշունչ, անբոյր ու անթոյր արտայայտութիւններից։ Իմ դժուարութիւնը կայանում է նրանում, որ Այվազեանի յատկութիւններով օժտուած մարդուն և արուեստագէտին ճիշդ տարազաւորելը՝ այնքան էլ հեշտ յանձնառութիւն չէ։
Երբ առաջին անգամ հանդիպեցի Էդիկին (ﬕնչև հիմա էլ իր մտերիﬓերը նրան Էդիկ են անուանում) աւելի քան քառասուն տարի առաջ, իմ վրայ ﬔծ տպաւորութիւն թողեց նրա զուարճախօսութիւնը, պարզութիւնն ու հաﬔստութիւնը։ Հետագայում, երբ աւելի մօտից ծանօթացայ նրան և նրա ստեղծագործութիւններին, զգացի որ բացի տաղանդաւոր արուեստագէտից, գործ ունեմ նաև մարդկային արժանիքներով հարուստ մարդու հետ։ Երբ մտնում ես 85ը անց (ծնած՝1932 թ.ին), բայց հոգով ջահել գեղանկարչի արուեստանոցը, քեզ թւում է թէ մտել ես գոյների կախարդիչ ﬕ աշխարհ...։
Հիացմունքով դիտում ես արևավառ՝ երբեﬓ էլ աշնանային գոյներ հագած, խորը ներբազգացողութեամբ կեանքի կոչուած գեղանկարներ, գծանկարներ, գեղջուկ կանանց գունագեղ կերպարներ, հողագործ բանուորներ, մէկ խօսքով հմայիչ գոյների և գծանկարների ﬕ համայնապատկեր, որոնց ﬔծ մասը կարծես վրձինուած լինի՝ ﬔր մանրանկարներում օգտագործուած որդան կարﬕրով։ Որպէս զգայուն արուեստագէտ, Այվազեանը գիտէ բնութեան հետ ﬔրուելով, նրա արգանդից ծնած գոյների առինքնող գեղեցկութեան հմայքը վերարտադրել իր կախարդական վրձինով։ Երբ նայում ես Այվազեանի ստեղծած տղամարդկանց և կանանց նկարներին, անﬕջապէս նկատում ես որ արուեստագէտը թափանցել է իր կերպարների ներաշխարհը, զգացել նրանց խինդն ու վիշտը, հոգեկան ապրուﬓերը, և իր տեսածն ու զգացածը յանձնել պաստառին, ոչ որպէս լուսանկարիչ, այլ գոյներն ու գիծերը իմաստաւորել գիտցող գեղանկարիչ։
Նախքան հարցազրոյցը` անհրաժեշտ եմ համարում կենսագրական ամփոփ տեղեկութիւններ հաղորդել, որոնք կարևոր են՝ նախ Էդման Այվազեանին որպէս նկարիչ ճիշդ գնահատելու, ապա՝ հարցազրոյցում նշուած դէպքերի ու անձնաւորութիւնների մասին աւելի յստակ պատկերացում ունենալու համար։
Է. Այվազեանը, սկսած 1948 թ.ից, աւելի քան 70 տարի ստեղծագործել է և իր նկարները ցուցադրել բազմաթիւ հաւաքական և անհատական ցուցահանդէսներում, Իրանում, Անգլիայում, Միացեալ Նահանգներում, Հայստանում և այլուր։
Դեռ 16 տարեկան պատանի՝ Այվազեանը Թեհրանում մասնակցել է UNESCO-ի կազմակերպած Երիտասարդ Նկարիչների Միջազգային Ցուցահանդէսին և շահել՝ մրցանակ։ Այնուհետև Է. Այվազեանը 1949-1957 տարիներին Թեհրանում մասնակցել է Մշակոյթ Միութան, Ս. Միութեան Մշակութային Կենդրոնի, Գարուն Ակումբի, Մեհրեգան Ակումբի, Աբիազ Փալասի և Թեհրան Երկաﬔայի (Teheran Biennial) կազմակերպած հաւաքական ցուցահանդէսներին։
Այվազեանը Թեհրանում տուել է նաև երեք անհատական ցուցահանդէսներ, առաջին երկուսը՝Իրան-Աﬔրիկա Ընկերակցութեան հովանաւորութեամբ 1952ին և 1955ին, իսկ երրորդը 2010-ին՝ Արուեստի Կենդրոն (Art Center) ծանօթ պատկերասրահում, ուր ցուցադրուել են նրա՝ բացի վերացական (abstract) գործերից, նաև Պարսկաստանի գիւղերին նուիրուած շուրջ երեսուն նկարներ։
Բացի Իրանից՝ 1984-2016 տարիներին, Է. Այվազեանը անհատական ցուցահանդէսներ է տուել Նիւ Եորքի Գորկի Պատկերասրահում (Gorky Gallery), Լոնդոնի Կիւլպէնկեան Սրահում, Լոնդոնի Ռոշան Պատկերասրահում (Rochan Gallery) և Երևանի Նկարիչների Տանը։ Նոյեմբեր 2015-ին, նրա հայաստանեան երկրորդ անհատական ցուցահանդէսը, “Հայրենի Երկրի Գոյները”, տեղի է ունեցել Երևանում, Հայաստանի Ազգային Պետական Պատկերասրահում, նախաձեռնութեամբ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետութեան Դեսպանութեան Մշակութային Կենդրոնի։
Նոյն այդ ցուցահանդէսը՝ 2016-ին տեղափոխուել է Իրան և ցուցադրուել՝ Թեհրանի Նիավարան Պալատում, որից յետոյ նաև՝ Թեհրանի Արարատ Միութեան սրահում։ 1990-ից, Է. Այվազեանի նկարները ցուցադրուել են նաև հաւաքական ցուցահանդէսներում, Ղրիմում, Միացեալ Նահանգներում, Անգլիայում և այլուր։
Այվազեանը որպէս անդամ` շարունակաբար իր մասնակցութիւնն է բերել Բրիտանիայի Արուեստագէտների Դաշնակցութեան (Federation of British Artists), Ծովանկարիչների Արքայական Ընկերակցութեան (The Royal Society of Marine Artists), Իւղանկարիչների Արքայական Հիﬓարկի (Royal Institute of Oil Painters) և Ուափինգ Արուեստագէտների Խմբի (The Wapping Group of Artists) կազմակերպած հաւաքական ցուցահանդէսներին։ 2001 թ.ին, Լոնդոնի Բրիտանական Գրադարանում կազմակերպուել էր "Գանձեր Տապանից" (Treasures From The Ark) հիասքանչ ցուցահանդէսը, նուիրուած քրիստոնէութեան Հայաստանում պետական կրօնք հռչակման 1700-աﬔակին։
Ցուցահանդէսի գեղարուեստական ձևաւորման հետ կապուած բոլոր աշխատանքները կատարել է Է. Այվազեանը, իրեն յատուկ բծախնդրութեամբ և գեղարուեստական բարձր ճաշակով, արժանանալով բոլորի հիացմունքին ու գնահատանքին։ Որպէս ծովանկարիչ (Marine Artists)՝ Այվազեանը Անգլիայում մասնակցել է աւելի քան երեսուն ցուցահանդէսների։ Նրա ծովանկարներից գտնւում են Cornwall-ի Ծովային Ազգային Թանգարանում (National Maritime Museum)։
Սաուդի թագաւորական ընտանիքի պատուէրով՝ 1985-ին, Է. Այվազեանը նկարել է Սաուդի թագաւորների և իշխանների նկարները, ինչպէս նաև՝ “Կեանքը Ս. Արաբիայում՝ 1930-ական թուականներին” նկարաշարքը։ Դարձեալ թագաւորական ընտանիքի պատուէրով՝ 2001-ին, նա նկարել է Իշխան Աբդուլա Բին Աբդուլ Ազիզ Էլ Սաուդ իշխանի դիմանակարը։
Է. Այվազեանը շահել է հետևեալ մրցանակները.
= Մրցանակ՝ UNESCO-ի Երիտասարդական Միջազգային Ցուցահանդէսում 1948)։
= Ա. Մրցանակ՝ Իրանի Ժամանակակից Նկարիչների ցուցահանդէսում (1956)
= Ա.Մրցանակ՝ Իրանը Վենետիկի Երկաﬔայ (Venice Biennial) Միջազգային Ցուցահանդէսին ներկայացնելու համար Իրանի Մշակոյթի Նախարարութեան կազմակերպած մրցոյթում (1958)։
= Մրցանակ՝ "Սթանլի Գրիմ" (Stanley Grimm Award) Մեծն Բրիտանիայի Իւղանկարիչների Արքայական Հիﬓարկի ցուցահանդէսում (1998)։
= Մրցանակ՝ "Ուինզոր և Նիւթըն" ("Windsor and Newton”Award) Մեծն Բրիտանիայի Իւղանկարիչների Արքայական Հիﬓարկի ցուցահանդէսում (2000)։
= Մրցանակ՝ “The Worshipful Company of Shipwright’s Award”) Մեծն Բրիտանիայի Ծովանկարիչների Արքայական Ընկերութեան տարեկան ցուցահանդէսում (2001)։
= 2015-ին, Հրանուշ Յակոբեանը Էդման Այվազեանին պարգևատրել է ՀՀ Սփիւռքի Նախարարութեան "Արշիլ Գորկի" շքանշանով։ Այվազեանի նկարներից գտնւում են բազմաթիւ պատկերասրահներում, թանգարաններում, հաստատութիւններում և անհատական հաւաքածոներում։
Նշենք ﬕ քանիսին. Սուրբ Ղազար վանք, Երևանի Արամ Խաչատուրեանի անուան Տուն-թանգարան, Թեհրանի Ս. Սարգիս և Նարմակ Եկեղեցիներ, Իրանի Քարիւղի Ազգային Ընկերութեան մուտքի սրահ, Աﬔրիկայի Նորթրոփ հիﬓարկ, Թեհրանի Արտակ Մանուկեան թանգարան, Հայաստանի Ազգային Պետական Պատկերասրահ, Հայաստանի Ժամանակակից Արուեստի Թանգարան, Ֆեդոսիայի Յովհաննէս Այվազովսկու անուան Թանգարան, ևայլն։ Այս յօդուածը նպատակ չունի հանգամանօրէն անդրադառնալու Այվազեանի նկարչական արուեստի հետ առնչուած բոլոր հարցերին։ Մեր առաջադրութիւնն է, պարզապէս զրուցել ﬔծ վարպետի հետ, խօսել նրա կենսագրութեան հետ կապուած յիշարժան դէպքերի և դէմքերի մասին։
Ուրեﬓ խօսքը տանք Էդման Այվազեանին։
"Ծնուել եմ Թեհրանում։ Հայրս ﬔքենավար էր ունէր իր սեպհական ինքնաշարժը։ Այդ տարիներին դա ապրուստի լաւ ﬕջոց էր։ Այդ ժամանակուայ Թեհրանը շատ փոքր էր։ Հայերը հիﬓականում ապրում էին քաղաքի երկու ծայրամասերում, հարաւային և հիւսիսային Թեհրանում։ Փոքր տարիքից իմ վրայ խորը տպաւորութիւն է թողել ﬕ բան, որի մասին ուզում եմ կարճ պատﬔլ։ Այդ ժամանակ Թեհրանում բաւական թուով գաղթականներ կային, որոնք եկել էին Ռուսաստանից, Հայաստանից և Կովկասի տարբեր շրջաններից։ Նրանց մէջ կար ﬕ ընտանիք, որի անդաﬓերը՝ Մեքայելը, Գուրգէնն ու Ալեքսին դարձան ﬔր հարևանները։ Նրանք ապրում էին ﬔր տան կպած երկու սենեականոց յարկաբաժնում։ Միքայելը տարիքոտ մարդ էր, որը Լենինգրադից շրջանաւարտ նկարիչ էր։ Նրանց նիւթական վիճակն այնքան էլ լաւ չէր։ Այդ տարիներին, Թեհրանում, երբ նկարչին չէին ճանաչում, նրան աշխատանք չէին տալիս։ Յիշում եմ, նրանք ﬔտաքսեայ կտաւի վրայ երեխաների դիմանկարներ էին գծում, իսկ կանայք դրանցից շոր էին կարում։ Մեքայելը նման աշխատանքներով ﬕ կերպ պահում էր իր ընտանիքին։ Որպէս մարդ՝ նա շատ հաﬔստ էր և համբերատար։
Այդ ժամանակ ես թէև հազիւ 5-6 տարեկան էի, բայց այն տպաւորութիւնը որ նա և իր ընտանիքը իմ վրայ թողել են, ﬕնչև այսօր չի կորցրել իր ոյժը։ Ցաւօք սրտի, հայրս երկար կեանք չունեցաւ։ Ինը տարեկան էի, երբ նա մահացաւ։ Այդ տարիներից իմ մէջ ծնուեց նկարելու սէրը։ Դպրոցում, երբ դասագրքիս նկարները չէի հաւանում, դրանք փոխարինում էի իմ գծած նկարներով…։
Այդ շրջանին էր, որ Մանուկ Մարտինիի հովանաւորութեամբ ինձ ուղարկեցին Իսպահան, որպէս գիշերօթիկ ուսանող։ Մանուկ Մարտինը Պարսկաստանում ծանօթ էր որպէս հայաստանասէր և էջﬕածնասէր մարդ։ Հետագայում իմացայ, որ նա Վազգէն Ա. Աﬔնայն Հայոց Կաթողիկոսի համար պարսիկ վարպետների ձեռքով պատրաստել էր տուել սադաֆից կաթողիկոսական ﬕ գեղեցիկ գահ, որը գաղտնի ճանապարհներով հասցրել էր Էջﬕածին…։ Երբ աւարտեցի Իսպահանի դպրոցը, վերադարձայ Թեհրան։
Հօրս մահուանից յետոյ մայրս ﬔծ դժուարութիւններով էր ﬔծացնում իր չորս երեխաներին։ Նկատի ունենալով այդ պարագան, սկսեցի գնալ նկարիչների մօտ և օգնել նրանց, որոնք սինեմայի և առևտրական զանազան ապրանքների գովազդներ էին նկարում։ Նրանք ինձ շատ քիչ փող էին վճարում, որը տալիս էի մօրս։ Մայրս ուրիշների համար կար անելով ﬕ կերպ հոգում էր ընտանիքի կարիքները։
Կեանքը հեշտ չէր, բայց ինձ առաջարկուած աշխատանքները ես անում էի սիրով, դրա համար էլ երբեք ձանձրոյթ չեմ զգացել կեանքում։ Թէև սիրում էի իմ ընկերներին և յաճախ լինում նրանց հետ, բայց զգում էի որ ես տարբեր հետաքրքրութիւն, տարբեր հեռանկարներ, տարբեր պարտաւորութիւններ ունէի, ﬕ հանգամանք՝ որը ինձ մղում էր ուսման և աշխատանքի։ Թէ' սովորում էի, թէ' աշխատում։ Այդ տարիներին Թեհրանում ապրում էր Սոեհլի անունով ﬕ յայտնի պարսիկ նկարիչ, որի կինը հայ էր։ Նա աշակերտել էր Քամալ Ալ Մուլք համբաւաւոր պարսիկ նկարչին (1847-1940)։ Սոեհլուն ինձ ծանօթացրել էր իր շատ մտերիմ ընկերը, իրանահայ բանաստեղծ-նկարիչ Դևը (Մարգար Ղարաբէկեան), որը նոյնպէս աշակերտել էր Քամալ Ալ Մուլքին։ Սոեհլին պատահած ինձ կանչում էր իրեն օգնելու։ Նա պատուէրներ էր ստանում ևրոպացի նկարիչներից card postal-ներ պատրաստելու։
Այդ աշխատանքը ինձ համար լաւ եկամուտի աղբիւր էր։ Նա ինձ ուրիշ գործ էլ էր տալիս։ Այնպէս որ, երբ գիշերը տուն էի գալիս, գրպանումս բաւական փող էր լինում։ Մի առիթով Սոեհլին ինձ հարցրեց. "Պալատում քեզ համար ﬕ գործ կայ, կ'անե՞ս։” Մտածեցի որ Սոեհլու առաջարկը լաւ փող վաստակելու ﬕջոց կարող էր լինել։ "Ի՞նչ է հարկաւոր անել", հարցրի։ "Դռների վրայ բարակ գծեր պէտք է քաշես և անկիւններին փոքր ծաղիկներ նկարես", ասեց Սոեհլին։ Համաձայնուեցի, բայց խնդրեցի նախ ﬕ հատ պատրաստել, որպէս նմոյշ և եթէ հաւանեն, շարունակել աշխատանքը։ Նմոյշն արժանացաւ պալատի հաւանութեան։ Այդ տարիներին լաւ բանուորի օրավարձը երկու թուման էր։ Սոեհլին թելադրեց երեսուն թուման պահանջել։ Հարցրի թէ այդ գումարից ինք պահանջ ունէ՞ր, որին Սոեհլին բացասական պատասխանեց։ Ահա այդ ժամանակ էր որ ես առաջին անգամ Պարսկաստանի թագաւորին հանդիպեցի անսովոր պայմաններում։ Աշխատում էի, մէկ էլ նայեմ մէկը փղաւելով գալիս է իմ ուղղութեամբ. երբ մօտեցաւ ինձ, հարցրեց. “Էդ երեսուն թումանանոց վարպետն ո՞ւր է"։ Երբ իմացաւ որ ես եմ, զարմացած ուշադիր նայեց ինձ, գլուխը շարժեց, “խօսք չունեմ” ասեց, ու արագ հեռացաւ…։ Երեք օր աշխատել էի արդէն։ Ստացած ﬔծ աշխատավարձիս զուգահեռ՝ ﬕ լաւ գործ արած լինելու գոհունակութիւնը ﬔծ բաւարարութիւն պատճառեց ինձ։
Ա.Կ. Այդ ժամանակ քանի՞ տարեկան էիր։
Է.Ա. Տասն չորս. հասակս էլ ﬕ բան չէր։
Ա.Կ. հասակդ հիﬕ էլ ﬕ բան չէ…։ Այս կապակցութեամբ ﬕ բան պատﬔմ քեզ, Էդիկ։ Գևորգ Էﬕնը, Վարդգէս Պետրոսեանն ու ես քայլում ենք Երևանում 1968ին, երբ հրաւիրուել էի Երևանի 2750աﬔակի տօնակատարութիւններին։ Ես երկուսի մէջտեղում էի։ Էﬕնը իրեն յատուկ չարաճիճի ժպիտով նայեց ինձ ու հարցրեց. “Չհասկացայ Ասատուր, այսօր ինչու՞ այդքան ուրախ ես”։ “Ուրախ եմ, ասեցի, որովհետև ﬕշտ չէ որ ինձ բախտ է վիճակւում քայլել հասակով ինձնից աւելի կարճ երկու անուանի գրողների հետ…։ Իմ հասակն էլ ﬕ բան չէ, Էդիկ, բայց ﬗիթարւում եմ այն իրողութեամբ որ Էﬕնը, Վարդգէսն ու Հրաչեայ Ղափլանեանը ինձնից աւելի կարճ են հասակով…։
Ա.Կ. Պալատի համար կատարած աշխատանքդ լաւ հետևանքներ ունեցա՞ւ։
Է.Ա. Բոլոր նրանք, ովքեր լսում էին այդ մասին, ինձ աշխատանք էին առաջարկում։
Ա.Կ. Իսպահանից յետոյ ուսումդ որտե՞ղ շարունակեցիր։
Է.Ա. Միջնակարգ ուսումս ստացել եմ Թեհրանի Թամադոն դպրոցում, ուր կարգ-կանոն հասկացողութիւնը գոյութիւն չունէր։ Մեր դասարանում թաքսու վարորդ անգամ կար…։ Դպրոցում աշակերտներին թոյլատրւում էր նոյնիսկ ծխել։ Աշակերտները թէ’ աշխատում էին, թէ՝ սովորում։ Իսլամական յեղափոխութիւնից առաջ, Թեհրանում կար ﬕ պարտադիր ﬕջոցառում. երբ թագաւորն իր ճանապարհորդութիւններից վերադառնում էր մայրաքաղաք, փողոցներում “Բարի Գալուստ”ի կամարներ էին սարքում։ Մի առիթով այդ աշխատանքն աւելի լաւ կազմակերպուած տեսնելու նպատակով, պատասխանատուները կամարաշինութեան պայմանագիրը տուել էին Թալբերք անունով բելգիացի ﬕ նկարչի։ Թալբերքը եկել էր ﬔր դպրոցը, նկարելու ունակութիւն ունեցող և քիչ վարձատրութեամբ աշխատելու պատրաստ ﬕ ուսանող գտնելու նպատակով։ Մեր տեսուչը, Պրն. Սալեքը, ինձ էր յանձնարարել։ Բացի կամարաշինութիւնից, բելգիացի նկարչին սկսեցի օգնել նաև ուրիշ գործերում։ Յաւելեալ աշխատանքի պէտք ունէի, քանի որ ինձնից փոքր երկու եղբայրներս և քոյրս ﬔծանում էին և ընտանիքի կարիքը շատանում էր։ Լաւ վարձատրութեամբ սկսեցի աշխատել նաև թերթերի գովազդների բաժնում։ Ահա այդ շրջանին էր որ Սոեհլին ինձ ծանօթացրեց Թովմաս Թովմասեանին, որին Պապիկ էին անուանում, իր բարեսիրական արարքների համար։
Պապիկի եղբայրը աղի արտադրութիւն ունէր և նրան հարկաւոր էր ﬕ գովազդ, որը ցոյց տար աղամանից աղի սահուն թափուելը։ Երբ Պապիկը աղի հետ կապուած իմ գովազդը տեսաւ, խոստացաւ ինձ ուրիշ գործեր ևս տալ։ Մի առիթով նա ինձ ծանօթացրեց Պարսկաստան նոր ժամանած Էլմոյ Փալես անունով Իտալացի ճարտարապետի հետ, որը ազնիւ ու շնորհալի մարդ էր։ Նա իմ գծագրելու և նկարելու ոճը շատ էր հաւանել։ Էլմոն ﬕ առիթով ասեց ինձ. “Գիտեմ որ ուզում ես ճարտարապետ դառնալ. ես քո աշխատանքի կարիքն ունեմ. դու ինձ օգնիր, ես էլ քեզ կ’օգնեմ, որպէսզի ճարտարապետութեան հիﬓախնդիրներին ծանօթանաս։” Շուրջ երեք տարի ﬕասին աշխատելուց յետոյ, նրա խորհրդով ﬔկնեցի Իտալիա։
Ա.Կ. Նախքան քո Իտալիա գնալու մասին խօսելը, ուզում եմ որ պատﬔս Թեհրանի Մշակոյթ Միութեան մասին, որը՝ ինչպէս ինքդ նշեցիր ﬕ առիթով, կարևոր դեր է խաղացել քո պատանեկան և երիտասարդական կեանքում։
Է.Ա. Դեռ այն տարիներին, երբ իմ դասագրքի նկարներն էի փոխում, մասնակցել եմ Մշակոյթ Միութեան աշխատանքներին։ Միութիւնն ունէր երգչախումբ, պարախումբ, նկարիչների և գրողների բաժիններ։ Միութեան հիﬓադիրները եղել են Թեհրանում այդ ժամանակուայ Հայաստանի բարեկամ համարուող մտաւորականներն ու արուեստագէտները։ Այս կապակցութեամբ նշեմ՝ որ ես մանկութիւն չեմ ունեցել, ոչ էլ՝ ուրիշ երեխաների պէս՝ խաղալու ժամանակ։ Փոքր տարիքից աշխատել եմ կարիքի հարկադրանքով. սակայն ինչ որ արել եմ՝ արել եմ սիրով։ Մշակոյթ Միութիւնը ինձ համար եղել է ﬕակ հաճոյքի վայրը։
Ինչպէս ասեցի, ունէինք երգչախումբ, որը ղեկավարում էր Յովիկ Գասպարեանը, իսկ պարախումբը՝ Աւետիս Ջամբազեանը, իմ մանկութեան և պատանեկութեան ընկերը։ Նրա խմբում պարում էի նաև ես։ Ինչպէս դիտել տուի, այդ տարիներին Թեհրանում ապրում էին կարևոր թուով գաղթական արուեստագէտներ, որոնց բացարձակ ﬔծամասնութիւնը բարեկամական կեցուածք ունէր Խորհրդային Միութեան և Սովետական Հայաստանի հանդէպ։ Այդ արուեստագէտները նոյնպէս մասնակցում էին Մշակոյթ Միութեան աշխատանքներին։ Յիշում եմ, այդ թուականներին, երբ Հայաստանի ձայնասփիւռից լսում էինք “Երևանն է խօսում” բառերը, ամբողջ մարﬓով փշաքաղւում էինք։ Մենք ռադիոյ չունէինք. աﬔնակարևորը ՝ ելեկտրականութիւն էլ չունէինք…։
Ռադիոյ ունեցող ընկերներս պատմում էին իրենց լսած հաղորդուﬓերի մասին, բայց նրանց պատմածը ինձ չէր բաւարարում։ Այդ օրերին, ﬕ տեսակ ռուսական ռադիոյ էին բերել Պարսկաստան, որը նաւթի ճրագի ջերմութեամբ էր աշխատում։ Դա էլ գնելու ի վիճակի չէի, քանի որ շատ թանկ էր։ Ուստի որոշեցի ինքս ինձ համար ռադիոյ սարքել։ Թեհրանի հարաւում կային քարի և արճիճի հանգեր, որտեղ կարելի էր գտնել ռադիոյ սարքելու յատկութիւն ունեցող գալեն կոչուած քարը, որի օգնութեամբ ինձ յաջողուեց սարքել իմ սեպհական ռադիոն և ամէն առաւօտ “Երևանն է խօսում” քաղցր բառերը լսել...։ Մշակոյթ Միութեան չհամակրողները համախմբուած էին ﬕ մարզական ﬕութեան շուրջ, որը բաւական ուժեղ գործունէութիւն ունէր իր բնագաւառում։ Կարելի է ասել՝ որ մտաւորականներն ու արուեստագէտները համախմբուել էին Մշակոյթ Միութեան շուրջ, իսկ մկանաւորները՝ մարզական ﬕութեան…։
Ա.Կ. Ճի՞շդ է որ Մշակայոյթ Միութեան և Պարսկաստանի Խաղաղութեան Երիտասարդական Կոﬕտէի անունից մասնակցել ես Ռուﬕնայում կայացած խաղաղութեան ﬕջազգային ֆեստիվալին, որից յետոյ ՝ գնացել ես նաև Խորհրդային Միութիւն։
Է.Ա. 1953ին, յիսուն հոգինոց պատուիրակութեամբ մասնակցեցինք ֆեստիվալին, որին մասնակցում էին նաև բազմաթիւ համաշխարհային համբաւ ունեցող անձնաւորութիւններ, որոնց կարգին՝ Փիկասոն, որը համագումարում ելոյթ ունեցողներից մէկն էր։ Պարսկաստանի պատուիրակութեան մէջ կային հինգ հայեր։
Ա.Կ. Գաղտնիք չէ որ 50-ական թուականներին Իրանը խիստ հակասովետ քաղաքականութիւն էր վարում։ Ֆեստիվալին մասնակցելը քեզ համար որևէ բացասական հետևանք ունեցա՞ւ։ Է.Ա. Հաշուի առնելով Իրանի հակասովետ քաղաքականութիւնը, Մոսկվայում ﬔզ առաջարկեցին ﬓալ Սովետ Միութիւնում։ Խոստացան ﬔզ համար ուսման ու աշխատանքի բոլոր պայմանները ստեղծել։ Բայց ﬔնք նախընտրեցինք վերադառնալ ﬔր ընտանիքներին , ուստի ՝ Բաքուից նաւով գնացինք Պարսկաստան։ Երբ հասանք Փահլեվի, առաջուայ և ներկայ Էնզելի նաւահանգիստը, ﬔզ ձերբակալեցին ու տարան Թեհրանի բանտը։ Պարզուեց որ Իրանի գաղտնի սպասարկութիւնը լրտեսներ էր դրել ﬔր խմբի մէջ, որոնց ներկայացրած տեղեկագրի հիման վրայ ոմանց պահեցին բանտում, իսկ ﬕւսներին՝ ազատ արձակեցին։ Ես ազատ արձակուածների մէջ էի։
Ա.Կ. Ո՞ր տարին գնացիր Իտալիա։
Է.Ա. 1964-ին գնացի Իտալիա և 1966ին Հռոﬕ Արուեստների Ակադեﬕայից վկայական ստանալով՝ վերադարձայ Պարսկաստան։
Ա.Կ. Իսկ ո՞վ էր հովանաւորում քո ուսումը։
Է.Ա. Ինչպէս ասեցի, իմ շահած փողի ﬔծ մասը տալիս էի մօրս, որը դրանից որոշ գումար խնայում էր իմ համալսարանական ուսման համար։ Ահա այդ փողով գնացի Իտալիա, որից յետոյ նաև՝ Անգլիա։
Ա.Կ. Այդ ժամանակ ամուսնացե՞լ էիր։ Է.Ա. Այո։
Ա.Կ. Գիտեմ որ բոլոր գեղանկարիչները, որոնց կարգին նաև դու, "գեղեցկութեան որսորդներ” էք… ինչպէ՞ս և ե՞րբ “որսացիր” քո կեանքի ընկերուհուն, գեղեցիկ Թելմային…։
Է.Ա. Գեղանկարիչների մասին ասածներիդ լրիւ համաձայն եմ...։ Ինչ վերաբերում է Թելմային՝ նրան ինձ ծանօթացրին Մշակոյթ Միութեան պարախմբի աղջիկները։ Ամուսնացանք 1962-ին, իսկ 1963-ին և 1968-ին բախտաւորուեցինք երկու մանչ զաւակներով։
Ա.Կ. Հիմա, ﬕ քիչ խօսենք նկարչական արուեստի մասին. յաջող նկարիչ լինելու համար տաղանդը բաւակա՞ն է։
Է.Ա. Տաղանդը նախապայման է, բայց դրան զուգահեռ՝ ամէն նկարիչ պէտք է մշակի նաև այդ տաղանդը ճիշտ դրսևորելու կարելիութիւնները։ Օրինակ, նա աﬔնից առաջ պէտք է սովորի գծագրել ։ Հիմա ասում են, եթէ չես կարող գծագրել, ոչինչ, ﬕայն նկարիր, ինչ որ նկարում ես, դա քո զգացմունքն է…։ Դա իմ կարծիքով, սխալ մօտեցում է։ Ինչէս գրողի համար հարկաւոր է լեզուին քաջատեղեակ լինել, այնպէս էլ նկարչին պարտադիր է տիրապետել իր արուեստը արտայայտելու արհեստավարժական բոլոր ﬕջոցներին։ Արուեստագէտը նախ պէտք է իմանայ թէ նկարչութիւնն ի՞նչ է։ Նկարչութիւնը չի կարող բանաստեղծութիւն լինել, չի կարող երաժշտութիւն լինել, չի կարող լուրեր հաղորդելու ﬕջոց լինել և ռադիոյի դեր կատարել։ Նկարչութիւնը կարող է ﬕայն նկարչութիւն լինել և որպէս այդպիսին ՝ գնահատուել։
Ա.Կ. Քո արուեստը տարիների ընթացքում փոփոխութիւնների ենթարկուե՞լ է։
Է.Ա. Ինչպէս ուրիշների՝ այնպէս էլ իմ արուեստը ենթարկուել է փոփոխութիւնների։ Ես այլևս այն երիտասարդը չեմ, որը բաւարարւում էր լուսանկարչական ճշգրտութեամբ վերարտադրել բնութիւնը…։ Ինչպէս որևէ արուեստագէտ՝ նկարիչն էլ տարիների ընթացքում հասունանում, զտուելով զուլալանում է և դառնում ՝աւելի թափանցիկ։ Անձնական, քաղաքական, տնտեսական, ընկերային և այլ ազդակներ, նկարչական նոր ուղղութիւններ իրենց ազդեցութիւնն են թողնում արուեստագէտի վրայ։ Օրինակ՝ ռուս հանճարեղ ավանդկարդ (avant-gard) նկարիչները ﬔծ ազդեցութիւն ունեցան ժամանակակից ﬕւս նկարիչների վրայ, որի համար շատ բան ենք պարտական նրանց։ Միջանկեալ ասեմ, որ այդ տարիներին պարսկական պետութիւնը արուեստներով չէր հետաքրքրւում։ Այն ժամանակ Թեհրանում կար Սովետական Միութեան Արտասահմանեան Երկրների հետ Բարեկամութեան և Մշակութային Կապի Կոﬕտէն, ԱՕՔՍը, որը խանութի նման ﬕ փոքրիկ սենեակ ունէր, ուր կային ամսաթերթեր, որոնց մէջ կարելի էր գտնել մշակութային իրադարձութիւնների, մանաւանդ՝ նկարչութեան և նկարիչների մասին տեղեկութիւններ, ինչպէս Իլիա Ռէփինի (Ilya Rapin 1844-1930), Վասիլի Սուրիկովի (Vasily Surikov 1848-1916), Վասիլի Քանդինսկու (Vassily Kandinsky 1866-1944) և ուրիշների։ Յատկապէս Քանդինսկին՝ նկարչական արուեստի մասին ունէր իր սեպհական տեսակէտները, որոնք բնութագրում էր գեղեցիկ ընդհանրացուﬓերով։ Արուեստի նկատմամբ նրա ունեցած հայացքները, հիﬓականում համապատասխանում էին նաև՝ նկարչութեան հանդէպ ունեցած իմ ըմբռնուﬓերին։ Նշեմ այդ ընհանրացուﬓերից ﬕ քանիսին. 1. “Գոյնը հոգու վրայ աﬕջական ազդեցութիւն բանեցնելու ﬕջոց է”։ 2. “Նկարիչը ոչ ﬕայն իր տեսողութիւնը ՝ այլ նաև իր հոգին պէտք է զարգացնի”։ 3. “Արուեստի մէջ պէտք է գոյութիւն չունի, քանի որ արուեստը կաշկանդում չի ճանաչում”։
Հարկ եմ համարում, երախտագիտութեամբ նշել այն պարագան որ այդ տարիներին, Պարսկաստան հաստատուած իմ գաղթական նկարիչ ընկերները ինձ ճիշդ ուղղութիւն ցոյց տուին։ Մինչև այսօր յիշում եմ նրանց թելադրութիւններից կարևորագոյնը. “Եթէ ուզում ես լաւ նկարիչ դառնալ, ասում էին , աﬔնից առաջ պէտք է սովորես գծագրել։ Առանց գծագրել իմանալու, առանց արագօրէն մտքերդ թղթին յանձնելու փորձառութեան, դժուար թէ յաջող նկարիչ դառնաս”։ Հետևելով նրանց խորհրդին, ﬕշտ հետս ունեցել եմ թուղթ և մատիտ, ﬕ բան՝ որը շատ է օգնել ինձ, նկարչական իմ արուեստի զարգացման ճանապարհին։
Ա.Կ. Ես դրա կենդանի վկան եմ։ Լոնդոնում, 1977 թ.ին, երբ Արամ Խաչատուրեանի նկարի նախապատրաստական աշխատանքներն էիր անում, յիշում եմ, հաﬔրգասրահի տարբեր անկիւններից մատիտով գծագրում էիր վարպետին, Լոնդոն Սիմֆոնիկ Նուագախումբը ղեկավարելիս։ Այդ նկարի հետ կապուած կայ ﬕ դէպք, որը ներառնուած է Ա. Խաչատուրեանի մասին գրած իմ յուշերում, որոնք լոյս են տեսել Ալբերտ Փարսադանեանի “Յարատևող Բարեկամութիւն” գրքում։ Այդ պատմութիւնը կը հրատարակուի այս հարցազրոյցի վերջում, որպէս ՅԱՒԵԼՈՒԱԾ։
Ա.Կ. Մշակոյթ Միութիւնը քեզ համար անհատական ցուցահանդէս կազմակերպե՞լ է։
Է.Ա. Ոչ։ Առաջին անգամ 1949-ին, Մշակոյթ Միութեան հաւաքական ցուցահանդէսին մասնակցեցի նաև ես։ Ցուցահանդէսի կազմակերպիչներն էին Բանաստեղծ-նկարիչ Դևը, նկարիչներ՝ Աբրահամ Գուրգէնեանն ու Միշա Շահբազեանը։ Այդ ցուցահանդէսը ﬔծ խանդավառութիւն առաջացրեց Թեհրանում, որին իբրև հետևանք՝ Պարսկաստանի մշակութային ﬕութիւնները, ընկերութիւններն ու ակումբները սկսեցին հաւաքական ցուցահանդէսներ կազմակերպել, որոնց հրաւիրւում էին բոլոր նկարիչները։ Սոեհլին անգամ մասնակցում էր դրանց։
Ա.Կ. Քեզ հիմա ﬕ պահ ուզում եմ տեղափոխել հեռու Ղրիմ, ուր, ինչպէս գիտես, ծնուել է հանճարեղ հայ ծովանկարիչ, Յովհաննէս Այվազովսկին։ Վանիկ Սանթրեանը իր "Առկայծող Պատկերներ Դանուբի Ափերին" գրքում ունի ﬕ բաժին, որը խորագրուած է "Էդման Այվազեան. Նամակերտից ﬕնչև Ղրիմ”, ուր նա անդրադարձել է Յովհաննէս Այվազովսկու (1817–1900) Ծննդեան 150-աﬔակին և նշել՝ որ դու էլ ես մասնակցել այդ հանդիսութիւններին։ Ո՞վ էր քեզ հրաւիրել Ղրիմ։
Է.Ա. Մի շարք սփիւռքահայ նկարիչների հետ ՝Սփիւռքահայութեան հետ Մշակութային Կապի Կոﬕտէն, Անգլիայից ինձ և Խաչատուր Փիլիկեանին էլ էր հրաւիրել յիշեալ յոբելինական հանդիսութիւններին։ Բայց նախքան դրանց անդրադառնալը, քանի յիշեցիր Սանթրեանի անունը, ուզում եմ ﬕ քանի խօսքով ներկայացնել իմ վաղեﬕ բարեկաﬕն, բոլորից սիրուած ու հարգուած մարդուն ու մտաւորականին, որը՝ վերջերս քեզնից իմացայ, անցեալ տարուայ մարտին, երկար հիւանդութիւնից յետոյ հեռացել է կեանքից։ Արﬔնպրեսը Վանիկին ներկայացրել է որպէս “գեղանկարիչ, արձակագիր, հրապարակագիր, Արﬔնպրես հայկական լրատուական գործակալութեան աﬔնաերկարաﬔայ աշխատակիցը։ Նա "Հայաստանի վաստակաւոր ժուրնալիստ”ի կոչում ունէր և հեղինակ էր՝ 36 գրքերի։ Հանգիստ նրա յոգնած ոսկորներին։
Ա.Կ. Ես էլ եմ բախտը ունեցել ճանաչելու այդ ﬔծ մտաւորականին, հրաշալի հային ու լաւ մարդուն։ Նրան ինձ ծանօթացեր է անուանի կոմպոզիտոր Էդ. Միրզոյեանը, որի մասին Վանիկը " Էդ. Միրզոյեան, Խղճի և Ճաշակի Ասպետը" խորագրով գիրք է հրատարակել 2013 թ.ին։ Յոյս ունեմ ինքնագովութիւն չի համարուի, եթէ յայտնեմ որ այդ գրքի 3-րդ էջում, հեղինակն իմ մասին գրել է, անշուշտ բաւական չափազանցուած՝բայց հաճելի հետևեալ խօսքերը. "Սոյն հրատարակութիւնը հեղինակը սիրով և շնորհակալութեամբ ընծայում է ﬔր հայրենակից, ազնիւ մտաւորական, գրական-հասարակական եռանդուն գործիչ, Ասատուր Կիւզելեանին (Լոնդոն) ՝ հայրենասիրական ﬔծ նուիրուﬓերի համար"։
Ա.Կ. Ուրիշ ովքե՞ր էին եկել Ղրիմ։
Է.Ա. Հայաստանից ﬔծ թուով նկարիչներ էին մասնակցում հանդիսութիւններին, Էդուրդ Իսաբեկեանի գլխաւորութեամբ։ Հայ նկարիչներ եկել էին նաև աշխարհի տարբեր երկրներից՝ Աﬔրիկայից, Կանադայից, Ֆրանսիայից, Յունաստանից, Իրանից ևայլն։ Հայաստանցիները թէև առանձին հիւրանոցում էին ﬓում, բայց ձեռնարկներին բոլորս ﬕանում էինք։
Ա.Կ. Վանիկ Սանթրեանը Ղրիմում քո հետ հանդիպման մասին գրում է. "Նկարչի հետ ﬔր հանդիպումը տեղի է ունեցել անցեալ տարի, Ղրիմում։ Միայն մէկ հանդիպում, շփման ﬕ քանի օրեր ﬕայն, և ահա յիշողութեան մէջ վառ են անսպառ խանդավառութեան ու հիացմունքի պահերը նրա՝ մարդու ու արուեստագէտի հետ ունեցած շփուﬓերից։ Նա Ղրիմ է եկել Ռիշար Ժերանեանի (Ֆրանսիա), Պետրոս Ասլանեանի (Յունաստան), Յարութիւն Մինասեանի (Իրան) հետ մասնակցելու Յովհաննէս Այվազավսկուն նուիրուած սիմպոզիուﬕն (symposium), նրանց և Երևանից, Խորհրդային Միութեան ուրիշ քաղաքներից եկած հայ և այլազգի նկարիչների հետ մէկ աﬕս աշխատել Եալթայում՝ Այվազովսկուն նուիրուած ցուցահանդէսին ներկայանալու Այվազավսկու՝ ապագայում կառուցուելիք թանգարանի ֆոնդի հիﬓադրամը իր բաժինը բերելու համար։ ...Ոչ բարձրահասակ, մշտաժպիտ, ըկերոջ, բարեկաﬕ հանէպ ﬕշտ ուշադիր ու հոգատար Էդման Այվազեանը անﬕջապէս սիրելի դարձաւ բոլորի համար։ Ինչպիսի հոգատարութիւն էր նա ցուցաբերում իր աւագ ընկերոջ և ուսուցչի՝ Յարութիւն Մինասեանի հանդէպ, որի հետ Եալթայում հիւրանոցի ﬕ համարում էր ﬓում, որի հետ տարիներով աշխատել է, շնչել նոյն օդը, նոյն հացն ու ջուրը կիսել։ Դուք տեսնէիք թէ ինչպէս էր նա կանգ առնում Այվազովսկու պատկերասրահի ստեղծագործութիւններից իւրաքանչիւրի առջև. այդպէս հայը կանգ է առնում խաչքարի ու եկեղեցու խորանի առջև, այդպէս երազած նա ունկնդրում է Կոﬕտաս ու Եկմալեան։" Մեկնելուց առաջ, Այվազեանն ասեց. "Ափսոս, որ Երևան չեմ կարող գալ։ Փոքր ինչ խաղաղուի, ցուցահանդէսով կը գամ։ Հայաստանն էլ կը նկարեմ ՝ ցուցադրելու համար։ Մեր հայ նկարիչներին շատ սիրեցի ՝ Ժերանեանին, Պետրոսին, Աշոտ Մելքոնեանին, Ստեփան Անդրանիկեանին։ Յարութիւնի և Իսաբեկեանի գլխաւորութեամբ այստեղ ﬕ տան զաւակների պէս աշխատեցինք”։ Ա.Կ. Ղրիﬕց հիմա տեղափոխուենք Պարսկաստանի Փերիա գաւառի Նամակերտ հայկական գիւղը, որը՝ տարիներ առաջ, իր բնակիչներով անմահացրել ես կախարդական քո վրձինով։ Ահա թէ ի՞նչ է ասում այդ մասին Վանիկ Սանթրեանը իր գրքում. "Նամակերտ գիւղ՝ Իսպահան նահանգի Փերիա գաւառում ։ Հիﬓել են ﬕ քանի հարիւր տարի առաջ Հայաստանից բռնագաղթուած հայերը, իրենց կով ու ոչխարը պահել, իրենց հողն ու վարն արել, սերնդէ սերունդ ﬓացել անփոփոխ, ﬓացել հայավարի՝ զուլալ ու ազնիւ։ Էդմանի գեղանկարներում գիւղի՝ ﬕﬕանց վրայ թիկնած հողէ տնակներն են ու ծուռտիկ, ցեխոտ փողոցներ, "հորովել" ասող հողագործը, աղբիւր՝ ջրի գնացող կինն ու թոռանը գրկած ﬔծ մայրիկը, ջահել հարսը՝ իր երկու զաւակներով ու դռան մօտ զրոյցի բռնուած այրերը, աղքատիկ բակերն ու հարսանեաց թափորը, գիւղական սայլն ու իլիկ պտտցնող կինը"։
Ա.Կ. Ի՞նչը ստիպեց քեզ, Էդիկ, գնալ ու նկարել Փերիա նահանգի ﬕ անշուք անկիւնում "վեր ընկած" ինչպէս ջուղայեցին պիտի ասէր, գիւղն ու նրա բնակիչներին։
Է.Ա. Նամակերտի հետ կապուած պատմութիւնը շատ երկար է, բայց կ’աշխատեմ ամփոփ կերպով պատﬔլ այդ մասին։ Ինչպէս նշեցի, հազիւ ինը տարեկան էի, երբ Մանուկ Մարտինի հովանաւորութեամբ սկսեցի սովորել Իսպահանի գիշերօթիկ դպրոցում։ Ահա այդ ժամանակ էր, որ շուկայում յաճախ տեսնում էի ﬕ խումբ գիւղացիների, որոնք Իսպահան էին գալիս իրենց իւղն ու պանիրը վաճառելու և հարկ եղած գնուﬓերն անելով՝գիւղ վերադառնալու։ Նրանք տարբեր հայերէն էին խօսում. նրանց իւրայատուկ կերպարը, վարուելակերպը, հագուսը, կանանց գունագեղ շորերը, ո'չ ﬕ ուրիշ տեղ չէի տեսել։ Նրանք Նամակերտ հայկական գիւղի բնակիչներ էին, որոնք փոքր տարիքից իմ վրայ թողեցին անմոռանալի տպաւորութիւն։ Տարիներ անց, երբ արդէն ճանաչուած նկարիչ էի, ﬕ քանի ընկերներով որոշեցինք գնալ Նամակերտ, գիւղն ու բնակիչներին նկարել։ Ճանապարհը ﬕնչև Իսպահան դժուար՝ բայց տանելի էր։ Իսպահանից Նամակերտ՝ ուղղակի չարչարանք էր։ Վերջին ﬕ քանի մղոն ճամբան էլ՝ քայլելով գնացինք։
Ա.Կ. Նամակերտի քո նկարների մասին հիացմունքով են խօսում բոլորը, նկարչութիւն սիրողներից սկսած՝ ﬕնչև աﬔնախստապահանջ քննադատները։ Իմ տրամադրութեան տակ կայ Նամակերտի նկարներին նուիրուած "ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻ ԳԻՒՂԻ Նկարներ և Գծանկարներ" ("Paintings and Drawings of AN ARMENIAN VILLAGE") խորագրուած ﬕ ալբոմ, որը հրատարակուել է 1984ին։ Ալբոﬕ յառաջաբանը գրել է Լոնդոնի արուեստի հեղինակաւոր քննադատներից՝ Ջորջ Սորըլի Ուիթթեթը (George Sorley Whittet), որը որոշ ժամանակ վարել է "The Studio" և "Studio International” թերթերի խմբագրութիւնը, ինչպէս նաև՝ հրատարակել արուեստի վերաբերեալ հարիւրաւոր յօդուածներ աշխարհի տարբեր պարբերականներում։ Նրա գործերից յիշենք՝ "ԼոնդոնԱշխարհի Արուեստի Կենդրոն" (London:Art Centre of the World) և "Արուեստի Սիրահարներ" (Lovers in Art) գրքերը։ Ջորջ Սորըլի Ուիթթեթը Նամակերտի քո նկարների մասին գրում է. "Այս գրքի մէջ իր նկարչական կախարդիչ ձիրքերով և ընտանեկան ջերմ զգացմունքով, Էդման Այվազեանը ստեղծել է հայրենատենչ պատկերների ﬕ հաւաքածոյ՝ տեղահանուած հայկական ﬕ գաղութի, որոնց նախնիները աւելի քան երեք հարիւր տարի ապրել են իրենց աւանդոյթներով ՝անկախ իրենց շրջապատի բնակիչներից և գիւղի պատերից դուրս լայն աշխարհում տեղի ունեցած սովորութներից։ Նրա նկարները պատկերում են գունագեղ հարուստ զգեստներ, հարուստ աւանդոյթներ և մարդկային փոխյարաբերութեան ջերմ մթնոլորտ, որը շատ ժամանակակից համայնքներում դժբախտաբար պակասոմ է"։
Ա.Կ. 1987ին, Հայաստանում քո անհատական առաջին ցուցահանդէսը ո՞վ հովանաւորեց։
Է.Ա. Սփիւռքահայութեան հետ Մշակութային Կապի Կոﬕտէի նախաձեռնութեամբ կազմակերպուեց իմ առաջին ցուցահանդէսը, Հայաստանի Նկարիչների Տանը։ Ցուցադրուեցին տարբեր ժամանակաշրջաններում նկարած իմ աշխատանքները, ներառեալ՝ "Արամ Խաչատուրեան"ը։ Ցուցահանդէսը շատ լաւ ընդունելութեան արժանացաւ Հայաստանի նկարիչների և քննադատների կողﬕց։
Ա.Կ. Ես ունեմ այդ ցուցահանդէսի յայտագիրը, ուր քո և իրանահայ նկարչական արուեստի մասին յօդուած է գրել ծանօթ արուեստաբան, Վահան Յարութիւնեանը։ Ուզում եմ, ի գիտութիւն, այդ յօդուածից որոշ տեղեկութիւններ փոխանցել ընթերցողին։ Ըստ Վ. Յարութիւնեանի, Այվազեանը առաջին իրանահայ արուեստագէտն է, որի նկարների անհատական ցուցահանդէսն է կազմակերպուել Հայաստանում։ Յարութիւնեանը իրանահայ նկարչութեան մասին ասում է. “Ազգային աւանդոյթներն իրենց գոյութիւնը պահպանել են հաﬔմատաբար աւելի լաւ, քան սփիւռքի մշակոյթի այլ օճախներում։ Ահա այդ շնորհակալ առաքելութեան օժտուած կրողներից է Էդման Այվազեանը։ Նրա տաղանդը շուտ է արթնացել, հասունացել, և նա երբ դեռ քսանհինգ տարեկան էր, արդէն շահել էր առաջին մրցանակներ Թեհրանի և Վենետիկի ﬕջազգային ցուցահանդէսներում։” Յարութիւնեանն իր յօդուածում բարձր է գնահատում Այվազեանի “Նամակերտ գիւղի հարուստ ու բովանդակալից շարքը, որը պատիւ է բերում իր հեղինակին։” Անդրադառնալով Է. Այվազեանի գրաֆիկական արուեսին, Յարութիւնեանն ընդգծում է որ “այդ գործերի շարքում, բնականից կատարուած ու իրենց անկեղծութեամբ առինքնող կենցաղային մատիտանկարներից բացի, կան նաև գեղարուեստական գրականութեան նկարազարդուﬓեր, որոնցից Թումանեանի “Դմբկաբերդի Առումը” պոեﬕ և “Փարվանա”լեգենդի նկարազարդուﬓերը յիրաւի լաւ ընդունելութիւն գտան ինչպէս Իրանում, այնպէս էլ ՝Սով. Հայաստանում։”
Ա.Կ. Հայ գրականութիւնը պարսիկ ընթերցողին ծանօթացնելու ծրագիրը ո՞վ էր հովանաւորում Պարսկաստանում։
Է.Ա. Պապիկ Թովմասեանն ու իր երկու եղբայրները հիﬓել էին “Թովմասեան Հիﬓադրամ”ը, որի նպատակներից մէկն էր անուանի հայ գրողների գործերը թարգմանել պարսկերէնի։ Թումանեանի “Դմբկաբերդի Առումը” և “ Փարվանան” լեգենդն էլ, իմ նկարազարդումով, հրարարակուեցին այդ հիﬓադրաﬕ օժանդակութեամբ։
Ա.Կ. Խօսելով քո տեկորատիվ արուեստի մասին, Վ. Յովհաննիսեանը ընդգծում է որ “արուեստագէտի խառնուածքին խորթ չէ նաև տեկորատիվ (decorative) արուեստը, կապուած ճարտարապետութեան հետ։ Նա փայտէ դռներ ու քարէ սալեր է քանդակազարդել, խճանկար panneau (ազդատախտակ), գունածածկ յարթայնական տախտակներով ու զարդանաշխ սալիկներով սրահներ ձևակերպել”։
Է. Ա. Յարութիւնեանը ակնարկում է ﬕ շարք գծագրական և գեղագրական (Calligraphy) աշխատանքներին, որոնք հիﬓականում առնչուած են Սաուդի Արաբիայում և Օմանում կատարած իմ ճարտարապետական աշխատանքների հետ։
Ա.Կ. Ճարտարպետութիւնը որևէ ազդեցութիւն ունեցե՞լ է քո նկարիչական արուեստի վրայ։
Է.Ա. Ճարտարապետութիւը ինձ համար եղել է կարիքից առաջացած պարտադիր աշխատանք։ Որևէ ծրագիր նախագծելիս, քիչ բացառութեամբ, նկատի եմ ունեցել ﬕայն յաճախորդի պահանջքները։ Իմ ճարտարապետական գործերը փոքր ծաւալի աշխատանքներ են եղել, ինչպէս դպրոց, տուն, հիւանդանոց, ամարանոց ևայլն։ Այս կապակցութեամբ նշեմ որ Պապիկ Թովմասեանից շատ բան եմ սովորել։ Սորբոնից շրջանաւարտ յայտնի ճարտարապետ լինելով հանդերձ՝ իր տան՝ հետագայում նաև Թովմաս Թովմասեան դպրոցի ճարտարապետական նախագծերը ինձ վստահեց։ Նա ընդհանրապէս չէր ﬕջամտում իմ աշխատանքին, այլ ուղղութիւն էր տալիս ﬕայն այն ժամանակ, երբ հաշուի առնելով կրօնա-քաղաքական որոշ հանգամանքներ՝ հետագայի հնարաւոր վտանգ էր նախատեսում առաջարկուած նախագծի մէջ։ Տամ ﬕ օրինակ. Թովմասեան դպրոցը նախատեսուած էր եկսեռ ուսման համար։ Պապիկը թելադրեց ինձ դպրոցը նախագծել այնպէս, որ՝ ի պահանջել հարկին, հետագայում աղջիկներն ու տղաները հնարաւորութիւն ունենան սովորելու առանձին շէնքերում...։ Վերջին հաշւով ՝ Պարսկաստանը իսլամական երկիր էր և կրօնամոլները հետագայում կարող էին կառավարութեան ղեկը ձեռք առնելով՝ արգիլել երկսեռ ուսումը։ Սա էլ ասեմ, որ Թովմասեանի շինարարական ձեռնարկների պարագային ﬕայն, որոշ չափով շեշտը դրել եմ նաև գեղարուեստական ձևաւորման վրայ։
Ա.Կ. Թեհրանի ո՞ր մասում կառուցուեց Թովմասեան դպրոցը և ինչու՞։
Է.Ա. Պապիկը իմաստուն ու հեռատես մարդ էր։ Երբ Պասկաստանից Հայաստան ներգաղթը ընհատուեց, բոլոր այն հայերը, որոնք իրենց տուն-տեղը վաճառելով եկել էին Թեհրան, ﬓացին անտուն ու անգործ։ Թովմասեան դպրոցի նպատակն էր գիւղերից եկած ընտանիքների զաւակներին, ինչպէս նաև այլ չքաւոր հայ երեխաներին ձրի ուսում տալ։ Հայկական տարբեր գաւառներից եկած գիւղացիները հիﬓականում ապրում էին քաղաքի այն շրջանում, որտեղ Պապիկը կառուցեց իր դպրոցը։ Դպրոցի պատճառով, նոյն շրջանում շուտով կառուցուեց նաև եկեղեցի։ Այդ երկու հաստատութիւնները պատճառ դարձան որ ուրիշ հայեր ևս հաստատուեն այնտեղ, կառուցեն գործարաններ և պահեստանոցներ, որոնց շնորհիւ գործազուրկ գիւղացի չﬓաց։ Ա.Կ. Պետութեան կամ պալատի համար ճարտարապետական որևէ ծրագիր իրագործե՞լ ես։
Է.Ա. Միակ ճարտարապետական գործը որ պետութան համար արել եմ, նախագծել եմ ձիւնամուճակի (ski) համալիրի նոր մասը, որի պատասխանատուն Ֆելիքս Աղայեանն էր, այդ տարիներին Պարսկաստանի Ձունամուճակի Դաշնակցութեան (Ski Federation) նախագահը։ Նրան ինձ ծանօթացրել էր Պապիկը, որը Աղայեանի մտերիմ ընկերն էր։ Ֆելիքսը որդին էր Դոկ. Ալեքսանդր Աղայեանի, որը եղել է հայ համայնքի ներկայացուցիչը Պարսկաստանի խորհրդարանում։ Ֆելիքս Աղայեանը նոյնպէս եղել է Պարսկաստանի խորհրդարանի և ծերակոյտի անդամ։
Ա.Կ. Իսկ պալատի համար ի՞նչ ծրագիր ես իրագործել։
Է.Ա. Միակ աշխատանքը որ պալատի համար իրագործել եմ, եղել է այն՝ ինչ որ արել եմ որպէս "երեսուն թումանանոց վարպետ...։"
Ա.Կ. Ուրիշ ո՞ր երկրներում ես ճարտարապետական ծրագիր իրագործել։
Է.Ա. Արաբական ﬕ քանի երկրներում։ Օրինակ՝ Պատրաստել եմ Մեքքայի մզկիթի նախագիծը։
Ա.Կ. Կրօնամոլ այդ երկրում, ո՞նց են համաձայնուել որ մզկիթի նախագիծը պատրաստի ﬕ հայ քրիստոնեայ...։
Է.Ա. Ինձ ﬕայն մզկիթի նախագիծը պատրաստելու իրաւունք էին տուել. թոյլ չէին տալիս որ գնամ Մեքքա և հսկեմ մզկիթի կառուցման աշխատանքներին։ Երբ քաղաքապետից իրաւունք խնդրեցի մզկիթը տեսնելու, նա չհամաձայնուեց։ Մի օր էլ իմ վարորդից խնդրեցի որ ինձ մզկիթը ցոյց տայ, վստահեցնելով նրան՝ որ այդ մասին ոչ ոք չի իմանայ։ Նա զարմացած ինձ նայեց և ասեց, "Ես կ'իմանամ..."։ Աշխատել եմ նաև Ռիադի օդանաւակայանի հսկայ մզկիթի ներքին ձևաւորման վրայ։ Մզկիթի ամբողջ ներքին զարդարանքները, պատուհանները, գորգերը, ﬕնչև անգամ գեղագրութիւնը (calligraphy) ես եմ արել։
Ա.Կ. Իսկ Օմանում ի՞նչ ծրագիր ես իրագործել։
Է.Ա. Օմանի Մեծ Մզկիթի խճանկարների (mosaic) կարևոր մասը ես եմ գծագրել։ Արել եմ նաև սուլթանի պալատի, գրասենեակի և զբօսանաւի ներքին ձևաւորուﬓերն ու նկարազարդուﬓերը։ Նկարել եմ նաև՝ Սուլթանին։ Ա.Կ. Հայաստանում քո երկրորդ՝ “Հայրենի երկրի գոյները” անհատական ցուցահանդէսում, ինչպիսի՞ նկարներ ցուցադրուեցին։ Է.Ա. Հայաստանում իմ երկրորդ անհատական ցուցահանդէսը բացուեց Ազգային Պետական Պատկերասրահում 20 Նոյեմբեր, 2015-ին, ուր ցուցադրուեցին տարբեր ժանրի ու ոճի նկարներ՝ վերջին տասնհինգ տարիների իմ ստեղծագործութիւններից։
Ա.Կ. Քանի որ դժուար է քեզնից քո մասին գնահատական որևէ խօսք լսել, ուզում եմ ընթերցողին որոշ տեղեկութիւններ տալ այդ ցուցահանդէսի մասին, քաղելով դրանք հայաստանեան լրաﬕջոցներից։ Ըստ հայաստանեան մամուլի, ցուցահանդէսի բացման մասնակցել է ՀՀ Սփիւռքի նախարար, Հրանուշ Յակոբեանը, մշակոյթի փոխ-նախարար, Արթիւր Պօղոսեանը, Ազգային Պետական Պատկերասրահի տնօրէն, Արման Ծատուրեանը, Իրանի Իսլամական Հանրապետութեան Դեսպանութեան Մշակութային Կենդրոնի տնօրէն, Մեջիդ Մեշքին և կարևոր ուրիշ անձնաւորութիւններ։ Հրանուշ Յակոբեանը իր ելոյթում ասել է. " Էդման Այվազեանը սփիւռքի երևելի նկարիչներից մէկն է։ Նա ծնուել է Իրանում, ուր և նկարչական իր առաջին քայլերն է առել, որից յետոյ տեղափոխուել է Անգլիա, հարստացրել իր գիտելիքները, զարգացրել իր տաղանդը, խտացնելով իր ստեղծագործութիւններում հայկականին զուգահեռ՝ արևելաեան և ևրոպական նկարչական արուեստերի աւանդոյթները։ Ես իմ երախտագիտութիւնն եմ յայտնում Իրանի Իսլամական Հանրապետութեան Դեսպանութեան Մշակութային Կենդրոնին և Հայաստանի Ազգային Պետական Պատկերասրահին, այս հրաշալի ցուցահանդէսը կազմակերպելու և համբաւաւոր վարպետին այս առիթով Հայաստան հրաւիրելու համար”։ ՀՀ Սփիւռքի Նախարար Հրանուշ Յակոբեանը Է. Այվազեանի հետ "Հայրենի երկրի գոյները" ցուցահանդէսի բացման առիթով: Նախարարը խօսել է նաև Էդման Այվազեանի արժանիքների մասին և վստահութիւն յայտնել՝ որ նրա նկարները ﬕշտ հայկական արուեստի գանձատնում կ’ունենան իրենց պատուոյ տեղը։ Նախարար Հ. Յակոբեանն այնուհետև յայտարարել է, որ Էդման Այվազեանին պարգևատրում է ՀՀ Սփիւռքի Նախարարութեան "Արշիլ Գորկի” շքանշանով, նրա հայ արուեստի զարգացման բերած նպաստի համար։ Ա.Կ. Որպէս հուսկ բանք՝ ﬕ հարց ևս ունեմ։ Վստահ եմ շատ առիթեր ես ունեցել հանդիպելու համբաւաւոր հայերի։ Նրանցից ո՞վ է քեզ աﬔնից շատ տպաւորել։
Է.Ա. Ճիշդ է, աշխարհի տարբեր երկրներում շատ անուանի հայերի հանդիպելու առիթ եմ ունեցել, բայց այն տպաւորութիւնը, որը իմ վրայ թողել է Ուիլիամ Սարոյեանը, երբեք չեմ մոռանայ։ Նախքան Սարոյեանի մասին խօսելը, անհրաժեշտ եմ համարում խօսել Թովմաս Թովմասեան վարժարանի կառուցման մասին, քանի որ դա կապ ունի Սարոյանից ստացած իմ տպաւորութեան հետ։ Ուրեﬓ, դպրոցի նախագիծը պատրաստելիս՝ շէնքի ամբողջ արտաքինը (facade) այնպէս էի ձևաւորել, որ դիտողը իւրաքանչիւր պատուհանի տակ քանդակուած և քով-քովի շարուած, հայկական եկեղեցական ճարտարապետութեան բնորոշ եռանկիւն գծերով տարազաւորուած խաչեր ﬕայն տեսնի։ Պատկերաւոր ասած, շէնքին նայողը՝ ﬕայն խաչերի ﬕ ﬔծ տողանցք էր տեսնում...։ Իմ առաջադրանքն է եղել խաչերը դնել այնքան խորը և ամուր, որ դրանց հանելն անհնար լինի, կամ էլ՝ հանելու համար մարդիկ ստիպուած լինեն ամբողջ դպրոցը "քանդել"…։ Իմ նպատակն է եղել նաև ցոյց տալ, որ այս դպրոցը կառուցուել է հայի ձեռքով, հայի համար...։ Ուրեﬓ, Սարոյեանը եկել էր Թեհրան և փափաք յայտնել՝ այցելել Թովմասեան դպրոցը։ Վարժարանը նրան ցոյց տալու հաճելի պարտականութիւնը տրուել էր ինձ։ Սարոյեանը ուշի ուշով խաչերին նայելուց յետոյ՝ ասեց. "Բան մը ըսեմ քեզի, չեմ գիտեր թէ հոս աղօթելու՞ տեղ է, թէ սորվելու։ երկուքն ալ հոս են, թէ' եկեղեցին, թէ' դպրոցը...։"
Ասատուր Կիւզելեան (Լոնդոն, Մարտ 2018) **
Յարգելով խոստումս, հրատարակում եմ Արամ Խաչատուրեանի նկարի հետ կապուած պատմութիւնը։ "Այդ տարիներին Թեհրանից Լոնդոն էր տեղափոխուել տաղանդաւոր նկարիչ էդման Այվազեանը։Նա ցանկութիւն յայտնեց նկարել Արամ Խսչատուրեանին. -Միայն մէկ ժամ տրամադրեցէք ինձ, Վարպետ, դիﬔց նա Խաչատուրեանին։ Հակառակ իմ ﬕջամտութեան և խնդրանքին՝ Վարպետը չհամաձայնուեց։ Էդիկն ու ես հարցը լուծեցինք հետևեալ ձևով. Քանի որ ես, ընդառաջելով Վարպետի խնդրանքին, համաձայնուել էի բոլոր փորձերին ներկայ լինել և յաճախ կատարել նաև՝ թարգմանի դեր, որոշեցի Էդիկին հետս տանել որպէս օգնական...։ Էդիկը հաﬔրգասրահի հեռու ﬕ անկիւնում նստած, Վարպետի ղեկավարած պահին մատիտով Խաչատուրեանի գծանկարը պատրաստեց, որից ծնուեց նկարչական ﬕ հոյակապ դործ։ Երբ Խաչատուրեանը տեսաւ Էդիկի ստեղծագործութիւնը, հիացաւ դրա վրայ և պահանջեց որ նկարը տրուի իրեն։ Այվազեանը ﬔրժեց։ -Վարպետ, ասեց նա, դուք ﬔրժեցիք, թէկուզ ﬕ ժամ տրամադրել ինձ. ես էլ ﬔրժում եմ իմ նկարը տալ ձեզ։ Ձեր իրաւունքն էր ﬔրժել ինձ, իսկ ես էլ, որպէս արուեստագէտ, ունեմ իմ սկզբունքները, դրա համար էլ ﬔրժում եմ նկարս տալ ձեզ։ -Բայց նկարի նիւթը ես եմ, նկարը ինձ է պատկանում, ասաց Խաչատուրեանը բարկացած։ Վերջում հարցը հետևեալ ձևով լուծեց Էդիկը։ Նա յանձն առաւ ﬔծ նկարից պատրաստել երկու աւելի փոքր չափի նկարներ, մէկը Խաչատուրեանի՝ իսկ ﬕւսը՝ինձ համար։ –Վարպետ, աւելացրեց Այվազեանը, ﬔծ նկարը նուիրելու եմ Աﬔնայն Հայոց Կաթողիկոս Վազդէն Ա.ին. եթէ Վեհափառը ցանկանայ նկարը ձեզ տալ՝ դա իր գործն է…։ Էդիկի ինձ նուիրած նկարը կախուած է իմ տանը, Լոնդոնում։ Գիտեմ, որ Վարպետի մահուանից յետոյ, Վազդէն Կաթողիկոսը Այվազեանի նկարի բնօրինակը նուիրել է Խաչատուրեանի անուան Տուն-Թանգարանին։"
Ասատուր Կիւզելեանի Արամ Խաչատուրեանի մասին գրած յուշերից։