Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Արդեն 40 օր է մեզ հետ չէ Հյուսիսային համալսարանի ռեկտոր Բորիս Մակիչյանը

Մահվանից 2-3 օր առաջ էր։ Այցելել էի բարեկամիս։ Ակամայից զրույց բացվեց կրթության մասին։ Ելույթ էր ունեցել Ազգային ժողովում կազմակերպված լսումներում, իսկ հատկացված սուղ ժամանակը թույլ չէր տվել մինչև վերջ արտահայտվել, իր ամբոջական ասելիքը ներկայացնել։ Ասաց, որ երկու-երեք օր հետո լույս կտեսնի իր «Կրթություն և կառավարում» գիրքը, ուր ամեն ինչ ասված է։ Գիրքը օրեր անց՝ արդեն իմ լավ բարեկամի մահվանից հետո ինձ նվիրեց որդին՝ Մհեր Մակիչյանը՝ հոր գործի շարունակողը։

Թերթում եմ գիրքը։ Նախ ներկայացված կենսագրությունը վկայում է, որ Բորիս Մակիչյանը անցել է ուսումնառության, աշխատանքի, կրթության բոլոր խաչմերուկները և այդ փորձառության հիման վրա եկել-հասել մասնավոր բուհ ստեղծելու նպատակին, որը նա իր համագաղափարակիցների հետ իրականություն է դարձնում 1996 թվականին։

Անցած-գնացած շուրջ 25 տարիների ընթացքում ոչ միայն կայացնում է բուհը, այլև անընդհատ առաջ մղում Հայաստանը տարածաշրջանային ժամանակակից գիտակրթական կենտրոն դարձնելու նպատակ-գաղափարը։

Ինչպես նեկայացվող գրքում վկայում է Բորիս Մակիչյանը, դրան են միտվում համալսարանի անընդհատ զարգացող կրթական ու գիտական միջազգային կապերը՝ համագործակցության ու կոնֆերանսների տեսքով։ Այդ ամենը արվում էր նաև Հայոց ցեղասպանության 100-ամյակի գիտական ոգեկոչման և Հովհաննես Թումանյանի հոբելյանների (145 և 150 ամյակներ), Ամենայն հայոց բանաստեղծի գրական ժառանգության նորովի արժևորման և ներկայացման միջոցով։ Նա Հյուսիսային համալսարանում բացեց «Վերնատուն» թումանյանական  կենտրոնը։

Հեղինակը գրքում վեր է լուծում Ալավերդիում գտնվող «Թումանյան» բաժանմունքի գործունեությունը, որը նրա կարծիքով միշտ պետք է ունենա առավել ճկուն և ուսանողամետ գործելաոճ։ Նա առանձնահատուկ ուշադրություն էր դարձնում այս ուսումնական հաստատության նկատմամբ, որը գտնվում էր մարաքաղաքից հեռու՝ Հայաստան-Վրաստան սահմանագլխին։ Պատահական չէր, որ նա «Ալավերդու պատվավոր քաղաքացի» էր։ Եվ բազում առիթներով շատերին էր հիշեցնում, որ դեռևս 966 թվականին Սանահինի եկեղեցում Աշոտ Ողորմածի կնոջ՝ Խոսրովանուշ թագուհու կողմից հիմնադրվել է համալսարան։

Բորիս Մակիչյանը աշխատասիրության, պրպտումների և որոնումների առանձնահատուկ եռանդ ուներ և բարեբախտաբար կար դրա իրացման դաշտը՝ Հյուսիսային համալսարանը։ Եվ պատահական չէ, որ հեղինակի կողմից գրքում ներկայացված են համալսարանի գիտակրթական գործունեության մասին տարբեր հաշվետվություններ և վերլուծություններ, որոնցում երևում են կատարված քայլերը։

Ընդհանրապես ներկայացվող հոդվածները վկայում են, որ Բորիս Մակիչյանը գործում էր բաց և հրապարակային՝ կողմ լինելով ուսանողակենտրոն մոտեցումներին։ Միշտ կարևորում էր կրթության կառավարումը և դրա ճկունությունը։ Բնական էր, որ Հյուսիսային համալսարանում ներդրվեց կրթության կառավարիչներ մասնագիտությունը՝ մագիստրոսի որակավորմամբ։ Նա միշտ իր հրապարակային ելույթների կիզակետում էր պահում հեռակա ուսուցման խնդիրները՝ առաջին պլան մղելով կրթության որակը։ Եվ ընդհանրապես, նա մտածում էր, որ Հայաստանը կարող է դառնալ համալսարանական երկիր ինչպես սփյուռքի, այնպես էլ տարածաշրջանի համար։ Բայց այս ճանապարհին նա բազմաթիվ խնդիրներ էր տեսնում՝ նոր դասախոսների պատրաստումից, վերապատրաստումից մինչև նորարական մոտեցումներ, ժամանակակից մասնագիտությունների  ներդրումից մինչև  բազմալեզու ուսուցման կացմակերպումը։

Գիրքը եզրափակում է  «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» օրենքի հետ կապված առաջարկություններով, որը նա չհասցրեց բարձրաձայնել իր հրապարակային վերջին ելույթում։ Առաջարկությունները բազմաթիվ էին և օգտակար, ինչպես միշտ է եղել, երբ դրա նախաձեռնողը և հեղինակը Բորիս Մակիչյանն էր, կրթությանը, իր հայրենի եզերքին, Հայաստան աշխարհի  ապագային հավատացող մարդ-անհատականությունը։

 

 

Սերգո Երիցյան

«Լոռվա ձոր» հարենակցական միության, նախագահ

բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր