Պրպտուն մտքի և ոսկե ձեռքերի տեր Մեխակը
Օրերս երկարատև ծանր հիվանդությունից հետո կյանքից հեռացավ Հովհ. Թումանյանի տոհմի ևս մի ներկայացուցիչ` Մեխակ Նիկոլայի Շահվերդյանը: Նա Թումանյանի քրոջ` Իսկուհու թոռն է: Մանկուց մեծանալով մի տան մեջ, որտեղ ամեն մի իր ասես շնչում էր Թումանյանով, ու տեսնելով հոր` պաշտամունքի հասնող սերը քեռու` Հովհաննես Թումանյանի նկատմամբ, ողջ կյանքում իր մեջ ևս զգաց ստեղծելու, արարելու, կյանքը անհիմն չվատնելու կորովը: Հայրը սրբորեն պահում ու փայփայում էր քեռու լուսանկարները, մինչ այդ լույս տեսած ու նաև այդ տարիներին հրատարակվող Թումանյանի բոլոր գրքերը, որդիների մեջ սերմանում անսահման սեր ու ակնածանք Մեծ Լոռեցու հանդեպ:
Մեխակ Շահվերդյանը ծնվել է 1946 թ. Լոռու Այգեհատ գյուղում: Սերում էր հանրահայտ Շահվերդյաններից, որոնց, ինչպես հայտնի է, դեռ 19-րդ դարում ռուսական ցարի հանձնարարությամբ Կովկասի փոխարքա Վորոնցովը շնորհել էր ազնվական տիտղոս: Մանկությունն ու պատանեկությունն անցել է Ձաղիձորում (այժմ` քաղաք Թումանյան): Դպրոցն ավարտելուն պես տեղափոխվել է Երևան, ընդունվել ինստիտուտ, այնուհետև աշխատել տարբեր հիմնարկ-ձեռնարկություններում` զբաղեցնելով բարձր պաշտոններ, վաստակել բարեխիղճ աշխատողի համբավ: Մասնագիտությամբ լինելով ինժեներ-կիբերնետիկ, մշտապես իր մեջ զարգացրել է ստեղծագործելու, արարելու ձիրքը: Դրան, իհարկե, նպաստել է նաև կինը` նկարչուհի Արուսյակ Պարոնյանը` դերասանուհի Արուս Ոսկանյանի եղբոր թոռնուհին:
Մտերիմ հարաբերություններ է ունեցել ժամանակի մեծերի` Մարտիրոս Սարյանի, Հրանտ Մաթևոսյանի, Հենրիկ Սիրավյանի, Լևոն Հախվերդյանի , շատ ու շատ այլ արվեստագետների ու թումանյանագետների հետ:
Լինելով Հովհ. Թումանյանի երեք քույրերից մեկի` Իսկուհու թոռը, դեռ մանկուց շատ կապված էր Թումանյանի թանգարանի ու Թումանյանի փոքր դստեր` Թամարի հետ, ով այդ տարիներին զբաղեցնում էր Երևանում գտնվող Թումանյանի տուն-թանգարանի տնօրենի պաշտոնը: Կնոջ` Արուսյակի հետ, մի քանի ամիս շարունակ իրենց նվիրել են թանգարանում թիֆլիսյան Վերնատան նմանօրինակը կերտելու մեծ և պատասխանատու գործին:
Մեխակ Շահվերդյանի մասին իր`«Թումանյանի ընտանիքի կյանքի էջերից» գրքում հիշատակում է նաև Թումանյանի դստեր` Սեդայի աղջիկը` բանասիրական գիտությունների դոկտոր Իրմա Սաֆրազբեկյանը: Ահա թե ինչպես է Թումանյանի թոռնուհին նկարագրում այդ ամիսներին կատարված հսկայածավալ աշխատանքները, որոնք, թերևս, անհնար կլիներ իրականացնել առանց Մեխակ Շահվերդյանի պրպտուն մտքի ու ոսկե ձեռքերի: «Պահպանված լուսանկարների համաձայն` հնարավոր եղավ վերականգնել սենյակի ողջ կոմպոզիցիան: Անգամ կարողացան պատերի զարդանախշերը վերանկարել: Գործը ստանձնեց մեր ազգականներից մեկը` Թումանյանի քրոջ թոռը` Մեխակը: Նրան օգնում էր կինը` Արուսյակը: Վերջինիս օգնությամբ արվեց ձևակաղապարը` տրաֆարետը, որն ամենայն ճշգրտությամբ նույնական էր Վերնատան պատերի նախշազարդերին: Տրաֆարետի օգնությամբ պատկերը զգուշությամբ տեղափոխվեց պատի վրա: Այդ ընթացքում ըստ լուսանկարների հայթայթվեցին կահույքը, թախտը, գորգը, ջահը և մնացյալ իրերը, որոնք հնարավոր եղավ ճարել ու տեղադրել Աշխենի եւ Արփիկի հիշողությամբ: Որոշ իրեր պահպանվել էին Նեկտարի ու Նադյուշայի թբիլիսյան տանը: Այդ ամենը խնամքով տեղափոխվեց և դասավորվեց նորաստեղծ սենյակում: Իսկ որքան անձնական միջոցներ վատնվեցին, որպեսզի սենյակում իշխեր նույն ջերմ ու հյուրընկալ մթնոլորտը, ինչպես այն հեռավոր ժամանակներում»:
Անուրանալի է Մեխակ Շահվերդյանի ներդրումն այս ամենում, բծախնդրությունն ու անձնուրաց մոտեցումը, հավատը այն ամենի հանդեպ, ինչ անում էր, ու անում էր նվիրվածությամբ: Ամբողջ կյանքում ապրեց` հենց ինքը վառ օրինակ լինելով իր իսկ խոսքերի` «Արարել ու ստեղծել. սա պետք է լինի յուրաքանչյուր մարդու կյանքի նշանաբանը»:
Հանգչիր խաղաղությամբ, սիրելի Մեխակ…
Շուշան Շահվերդյան
Ազգականուհի, լրագրող
Մեխակ Շահվերդյանը Մարտիրոս Սարյանի հետ
Հրանտ Մաթեւոսյանի հետ
Թումանյանի թոռան՝ Արեգ Թոթալյանի հետ
Մեխակ Շահվերդյանը թոռնիկների հետ