Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը ևս, ինչպես հանրապետության մյուս մշակութային օջախները, կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով հայտարարված արտակարգ իրավիճակի կապակցությամբ անցել է առցանց աշխատանքային ռեժիմի: Տուն-թանգարանը միացել է ՀՀ ԿԳՄՍՆ «Տնից՝ թանգարան» նախաձեռնությանը և մշակել է մի շարք առցանց ծրագրեր՝ նպատակ ունենալով շարունակել հանրահռչակել Արամ Խաչատրյանի կյանքն ու գործունեությունը, մեր հետևորդներին ներկայացնել դասական երաժշտության գոհարները, ապահովել տարբեր տարիքային խմբերի կրթամշակութային ներգրավվածությունը: Առցանց հարթակում մեր այցելուներին առաջարկում ենք «360 stories» ցանցում վիրուալ շրջայց կատարել տուն-թանգարանում, ծանոթանալ տուն-թանգարանի մշտական ցուցադրությանը:
«Մեկ ցուցանմուշի պատմություն», «Թանգարանի ինտերակտիվ ձայնադարանից», «Տեսաֆիլմեր», «Ընթերցանության ժամ. Նամականի», շարքերը ներառում են լուսանկարներ՝ ուղեկցված հետաքրքրաշարժ պատմություններով, տեսանյութեր, վիկտորինայի ձևաչափով ինտերակտիվ հարցումներ և այլն: Նախատեսում ենք նաև մեր այցելուների շրջանում մեծ ոգևորություն և ճանաչում գտած «Հնչյուններ և գույներ» կրթական ծրագիրը նույպես անցկացնել այս հարթակում: Մարտի 22-ին, ժամը՝ 14:00-ին բոլորին՝ առանց տարիքային սահմանափակման հրավիրում ենք մասնակցելու այս ծրագրին:
Համագործակցելով այլ թանգարանների հետ՝ տուն-թանգարանը ներգրավվել է նաև միջթանգարանային ծրագրերում: Տուն-թանգարանի աշխատակիցներն այս օրերին մշակում են նաև կրթական, ժամանցային այլ ծրագրեր, որոնք առավել գրավիչ կդարձնեն առցանց հարթակը:
Աննա Ասոյան
տուն-թանգարանի ցուցադրությունների կազմակերպման
և հանրահռչակման բաժնի վարիչ