Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

  Լույս է տեսել Կարեն Օհանջի  «Միքայել» վեպը

 

 

Նոր գրքերի հրատարակության լրահոսը  հետաքրքիր ու ուշագրավ  փաստ է մատուցում. «Էդիտ Պրինտ» հրատարակչությունը լույս է ընծայել գրող Կարեն Օհանջի  «Միքայել» վեպը` նվիրված ճանաչված գործարար և բարերար Միքայել Արամյանցին: Փաստորեն  հեղինակը օգտագործելով  մեծանուն հայի կյանքի և գործունեության  հիմնական  դրվագները ստեղծել է գեղարվեստական ինքնատիպ պատում Միքայել Արամյանցի  մասին: Վեպը  ընթերցել է  բանասիրական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Սերգո Երիցյանը և սիրով ընթերցողին է ներկայացնում իր խոհերն ու մտորումները:   

       Ինձ համար հետաքրքիր է լինում գեղարվեստական գրականության այն ընթեցանությունը, երբ տեղյակ ես լինում դրա ստեղծման պատմությանը։ Միշտ ընթերցելով հայ ազգային մեծերին առնչվող վավերագրական, պատմական գրականությունը՝ մանավանդ հետաքրքիր պատմություններով ու լեգենդներով մտածել եմ, թե ինչու չկա այդ ամենի գեղարվեստական անդրադարձը։ Այստեղ նկատենք, որ այս առումով ուսանելի փորձ էլ ունենք, ասենք ի դեմս «Վարդանանք» և «Գևորգ Մարզպետունի» հաջողված վեպերի։ Այս մասին խոսակցություն ունեցել եմ «Էդիթ պրինտ» հրատարակչության ղեկավար Մկրտիչ Կարապետյանի հետ ամիսներ առաջ։ Եվ ահա հրատարակչությունում կայացած նախաամանորյան հանդիպման ժամանակ Մկրտիչ Կարապետյանը ասում է, որ տպագրության պատրաստ է հայ գործարարության ու բարերարության խորհրդանիշ Ալեքսանդր Մանթաշյացին նվիրված վեպը։ Այս բարի լուրը ուրախություն է բերում ներկաներին, իսկ դիմացս նստած բանաստեղծ, արձակագիր Կարեն Օհանջին ակնարկում եմ. «Հաջորդը Միքայել Արամյանցն է.....», քանի որ գիտեմ՝ նա Միքայել Արամյանցի շառավիղներից է, նրա կյանքի ու գործունեության գիտակներից։ Լռում է, իսկ 18 օր անց ինձ է զանգահարում հրատարակչության ղեկավարը ու ասում. «Օհանջը գրել է Արամյացի մասին....»։Անկասկած զարմանքս դժվարությամբ եմ փոխանցվում, բայց Մկրտիչ Կարապետյանը շարունակում  է. «Մի զարմացիր, այդպիսին Օհանջը, նա գիշեր-ցերեկ է աշխատում, նրա մոտ նպատակի իրագործումը վեր է ամեն ինչից: Հետո մի մոռացի, որ այդ վեպը նրա մտքերում վաղուց կար»:

    Մի քանի րոպեից գրքի էլեկտրոնային տարբերակը ինձ է փոխանցվում ու դրանից սկսվում է ընթերցանությունը ու ավարտվում վեպի վերջին տողերով` առանց դադարի և ժամեր շարունակ: Այլ գնահատական չես կարող տալ. այս ամենը ճանաչված գործարար և բարերար Միքայել Արամյանցի փառավոր, միաժամանակ դժվարին ու հակասություններով լեցուն կյանքի գեղարվեստական պատումն է։ Բայց այս ամենը այնքան վավերական են այն պատմություններին, որ երբեմն տարակուսում ես, թե ինչպես է կարողացել այդպես ձուլել իրականությունը գեղարվեստական ու կերպարային մտածողության հետ։ Ի դեպ Կարեն Օհանջի բոլոր կերպարները տպավորիչ ու բնութագրական են և հեղինակին օգնում են բացահայտելու Միքայել Արամյանցին և’ որպես գործարարի, և որպես մեկենասի, և որպես ամուսնու, և որպես ընտանիքի հոր, և որպես հայ մարդու։

    Վեպի գործողությունների զարգացումները ցույց են տալիս, որ գործարար Արամյացը որքան բնատուր էր, նույնքան էլ աշխատասեր ու նպատակին ձգտող ու հասնող: Մեկենաս Արամյացը միշտ դժվարության մեջ գտնվողի կողքին էր և երբեք կարիք չկար, որ գային ու բազմիցս խնդրեին` ինչ որ հարց լուծելու:

   Հեղինակը չի խուսափել ու ներկայացրել է այն ընտանեկան դրաման, որ Միքայել Արամյանցը ունեցել է իր ողջ կյանքում՝ ձգտելով միշտ մարդասիրություն դրսևորել՝ անգամ իրեն անհասկանալի հարվածներ դրսևորող մարդկանց նկատմամբ։ Խոսքը այս դեպքում իր կնոջ՝ Եղիսաբեթ Շոլկոյանցի և սիրած կնոջ՝ Եվգենիա Շխիյանցի մասին է՝ իրենց հակասական կերպարներով։ Այս ամենի կողքին ներկայացվում է մեկ այլ կնոջ՝ շվեյցարիացի Աննայի կերպարը, որը Արամյանցի սիրո երազանքի դրսևորումն է՝ դարձյալ լիովին չիրականած տարբերակով։

     Հետաքրքիր ու ջերմությամբ է ներկայացվում Արամյանցի դստեր՝ Ֆլորայի կերպարը՝ նաև Ֆյոդոր Շալյապինի հետ սիրո պատմությունով՝ կրկին իր ոչ բնական, բայց ռոմանտիկ ավարտով։

    Վեպում իր տեղն ունի նաև մեր ժողովրդի մեկ այլ արժանավոր զավակ՝ Ալեքսանդր Մանթաշյանցը, որին հենց Միքայել Արամյանցն է մղել զբաղվել նավթաարդյուբերութամբ։ Չնայած դիմադրությանը ներդրում է կատարել և դարձել Բաքվի նավթաշխարհի հզորներից մեկը։

       Այդպիսին է հեղինակի կերտած Արամյանցի կերպարը, ով իր հետևից միշտ բարության և մարդասիրության հետագիծ է թողել՝ իր գործընկերների, հայրենակիցների, օտարների նկատմամբ: Անգամ այն ժամանակ, երբ որևէ գործարարական կապ չուներ Բաքվի հետ ամեն առիթի դեպքում գումարային մասնահումներ էր կատարում և հանձնում քաղաքապետարանին աղքատներին բաժանելու համար։ Նույնը և Շուշիում, Դերբենդում։ Դեռ ավելին Արևմտյան Հայաստանից փախստականների համար Ծալկայից ոչ հեռու՝ գետի ափին 80 հարմարավետ բնակարան ունեցող գյուղ հիմնեց, որի գյուղապետը իր եղբոր որդին էր՝ Դավիթը։ Բնակավայրը լայն փողոցներ ուներ՝ տնամերձ այգիներ ու հողակտորներ։ Արամյանցը հոգ էր տանում, որ գյուղացիք սերմացու ու անասուններ ունենային։ Պատահական չէր նաև այն իրողությունը, այս գյուղի բնակիչները բնակավայրը անվանեցին Արամաշեն չնայած դրան դեմ էր մեծ բարերարը։

     Վեպի հեղինակը իրավացիորեն ցուց է տալիս, որ Արամյանց-բարերարը միշտ Հայ Առաքելական եկեղեցու կողքին էր։ Այս առումով հետաքրքիր ավանդազրույց է ներկայացնում Կարեն Օհանջը, ով բազմաթիվ պատմություններ լսել իրենց գերդաստանի ավագներից։ Մասնավորապես դրանցից մեկը առնչվում է Հաղբատի կալվածքները բանկի միջոցով վրաց իշխանի կողմից սեփականացնելու և Արամյանցի դրդմամբ ու նրա միջոցով վերադարձնելու մասին։ Երբ այս խնդրանքով Ախթալա է գալիս մի ներկայացուցչական պատվիրակություն, կարծես, չի ուզում նրանց լսել ու անընհատ հյուրասիրում է, բնության գեղատեսիլ վայրեր տանում: Խնդիրքով եկածները մտածում են, որ ժամանակ է ձգում խնդիրը չլուծելու համար։ Բայց պարզվում է այլ բան. նա վաղուց պատրաստել էր ոչ միայն այդ տարածքների վերադարձի, այլև նոր հատվածի՝ անտառի, Կայան բերդի և շրջակա հողերի Հաբատավանքին նվիրատվության փաստաթղթերը, որոնք բոլորի զարմացած հայացքների ներքո պատվիրակությանը հանձնեց նրանց Թիֆլիս վերադառնալուց անմիջապես առաջ։ Հեղինակը իր հերոսի կյանքը նկարագրում է մինչև իր կյանքի ավարտը՝ ներկայացնելով ժամանակի լավագույն հյուրանոցի` «Մաժեստիկի» կառուցումից մինչև հեղափոխական ժամանակները ու խորհրդայնացումից բաժին հասած դժվարությունները ու հոգեբանական անհարմարությունները, նոր իշխանությունների խաբուսիկ խոստումները։

    Ազատ և անկախ Հայաստանի տեսլականը միշտ նրա սրտում էր և պատահական չէր, որ հենց նրա հարկի տակ հռչակվեց Հայաստանի Հանրապետությունը։

    Մի խոսքով փոքրածավալ վեպում Միքայել Արամյացի ողջ կյանքն է։ Գուցե՞ այտեղ է նաև վեպի հեղինակի ստեղծագործական վարպետությունը՝ այսպես իր ասելիքը մատչելի կերպով փոխանցել տարբեր տարիքի ու մասնագիտության ընթերցողին, ով ցանկանում է մոտիկ և հավատարիմ լինել իր ազգային արմատներին և սերունդների այն հունձքին, որից միշտ պետք է դասեր քաղել։

 

Սերգո Երիցյան

բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր