Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Վաշինգտոնում առաջին անգամ ցուցադրվեց Տաթեւի վանական համալիրի մանրակերտը եւ 15-16-րդ դարերի հայկական խաչքարի կրկնօրինակը


Մարտի 11, 2020թ. - Մարտի 7-ին Վաշինգտոնի Սուրբ Գրքի թանգարանում առաջին անգամ ցուցադրվեց Տաթևի վանական համալիրի մանրակերտը և Տաթևի թանգարանային հատվածում գտնվող 15-16-րդ դարերի հայկական խաչքարի կրկնօրինակը: Ցուցանմուշները թանգարանին նվիրաբերել են «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը  և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ՝ «ՏաԹևեր» ճոպանողու  կառուցման և «Տաթևի վերածնունդ» ծրագրի մեկնարկի 10-ամյակին ընդառաջ:  

«Տաթևի վերածնունդ» ծրագրի շրջանակում իրականացվում է Հայաստանի 9-րդ դարի հոգևոր, մշակութային և լուսավորչական կենտրոններից մեկը հանդիսացող Տաթևի վանական համալիրի վերականգնումը: Մշակութային ժառանգության պահպանումը IDeA հիմնադրամի հիմնական ուղղություններից մեկն է, որի մասին են վկայում հիմնադրամի 150-ից ավելի ծրագրերը՝ միտված մշակութային ժառանգության պահպանմանն ու վերականգմանը Հայաստանում և հայկական աշխարհում:

Նվիրաբերված գործերը կդառնան Վաշինգտոնի Սուրբ Գրքի թանգարանում Տաթևի վանական համալիրը ներկայացնող մշտական ցուցանմուշներ։ Դրանք  ներկայացված են լինելու նաև ««Աստվածաշունչ». Հայաստանը և Սուրբ Գիրքը» խորագրով մեծ ցուցահանդեսին՝ 2021 թ. սեպտեմբերից մինչև 2022 թ. մարտ ամիսը: Ցուցահանդեսը նվիրված է լինելու Հայաստանին՝ քրիստոնեությունը որպես պետական կրոն առաջինն ընդունած երկիր: 

«Տաթևի վանական համալիրն ունենալու է առանձնահատուկ դեր ««Աստվածաշունչ». Հայաստանը և Սուրբ Գիրքը»  խորագրով ցուցահանդեսին: Հուսով ենք՝ ցուցահանդեսի այցելուները կոգեշնչվեն և ցանկություն կհայտնեն այցելելու տեսարժան վայրերով հարուստ պատմական Տաթև: Սա կլինի առաջին մեծամասշտաբ ցուցահանդեսը Հայաստանի և Աստվածաշնչի մասին, որն առանձնահատուկ կերպով կշեշտադրի ամերիկահայերի և սփյուռքի կապը Սուրբ Գրքի հետ:  Այն կլինի նաև մինչ օրս տեխնոլոգիապես ամենաառաջադեմ ցուցահանդեսը Հայաստանի մասին և կներառի բազմաթիվ արտեֆակտներ, որոնք երբևէ չեն ցուցադրվել արտերկրում»,- ասաց Վաշինգտոնի Սուրբ Գրքի թանգարանի ցուցահանդեսների գլխավոր համադրող Ջեֆրի Քլոհան: 

 

Այցելուները կծանոթանան հայերեն Աստվածաշնչին, հայ եկեղեցու պատմությանը, ծիսակատարություններին և պատարագին,  հայոց լեզվին և այբուբենին, հայ եկեղեցական արվեստին և մշակութային ժառանգությանը, Հայոց ցեղասպանության, հայերի ազգային ինքնության վերականգնման և վերածննդի պատմությանը՝  անբաժանելիորեն կապված Աստվածաշնչի հետ:

Ցուցահանդեսը կանդրադառնա նաև աստվածաշնչյան թեմաներից մեկին՝ «Ջրհեղեղից հետո. մարդկությանը տրված երկրորդ հնարավորությանը» և Նոյյան տապանի պատմությանը բիբլիական Արարատ լեռան վրա:  «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության #AraratChallengе համաշխարհային շարժման հիմքում նույնպես Արարատ լեռն է՝ փրկության ու վերածննդի համամարդկային խորհրդանիշը: Ինչպես ժամանակին Հայոց ցեղասպանությունը վերապրած հայ որբ երեխաներն ստացան նոր կյանք սկսելու հնարավորություն, #AraratChallenge նախաձեռնությունը կոչ է անում համատեղ ջանքերով այսօր էլ երկրորդ հնարավորություն տալ նրանց, ովքեր ամենաշատն ունեն դրա կարիքը: Վաշինգտոնում կայանալիք ցուցահանդեսը ներկայացնելու է հայերին, աշխարհին և ամբողջ մարդկությանը տրված երկրորդ հնարավորության խորհուրդը: