Մարտի 8-ին մի շատ գեղեցիկ ցուցահանդես- ֆլեշ մոբ իրականացվեց Երևանում՝Հյուսիսային պողոտայում:
Այն կրում էր ,,20-րդ դարի ականավոր հայ կանայք` ճանաչիր քո պատմությունը,, խորագիրը եւ իրականացվեց <<Կանայք քաղաքականության մեջ>> ծրագրի շրջանակներում: Նախաձեռնել էին ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Օքսեջեն հիմնադրամի հետ համագործակցությամբ, Միացյալ Թագավորության <<Լավ կառավարման հիմնադրամի>> աջակցությամբ: Այն նվիրված էր կանանց միջազգային օրվան՝մարտի 8-ին:
Նշենք,որ սա մեր երկրում նմանատիպ միջոցառում կազմակերպում էին առաջին անգամ: Նպատակն էր իրազեկել հասարակությանը 20-րդ դարում հասարակական-քաղաքական կյանքում մեծ դերակատարություն ունեցած կանանց մասին, հանրային քննարկում ծավալել կանանց հզորացման և ազգային արժեքների մասին՝հաղթահարելով հանրության շրջանում առկա կանանց քաղաքական մասնակցության վերաբերյալ կարծրատիպային ընկալումները: Միջոցառումը կազմակերպվել էր Մուղդուսյան արվեստի կենտրոնի հետ համագործակցությամբ: Ցուցադրությանը ներկայացված էին 20-րդ դարասկզբին մեծ դերակատարություն ունեցած 9 ականավոր հայ կանանց ֆոտո-մանեկեններ:
Ցուցահանդեսին ներկայացված կանայք էին՝ Մարո Նազարբեկը (Մարիամ Վարդանյան)՝Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցության համահիմնադիր, Զապել Եսայանը՝հրապարակախոս, գրող, հասարակական գործիչ, Կատարինե Զալյան-Մանուկյանը՝Առաջին Հանրապետության խորհրդարանի (1919-1920) կին պատգամավոր,բժշկուհի, Պերճուհի Պարտիզպանյան-Բարսեղյանը՝ Առաջին Հանրապետության խորհրդարանի (1919-1920) կին պատգամավոր, հասարակական գործիչ, մանկավարժ, գրող, Վարվառա (Վարյա) Սահակյանը՝ Առաջին Հանրապետության խորհրդարանի (1919-1920) կին պատգամավոր, Դիանա Աբգարը (Անահիտ Աղաբեկյան)՝ աշխարհում առաջին կին դիվանագետ, հայ գրող ու հրապարակախոս, հասարակական գործիչ, բարերար,Կովկասի հայոց բարեգործական ընկերության Խուդադյան որբանոցի աղջիկների կազմակերպիչն ու պատասխանատուն, Հայկանուշ Մառքը (Հայկանուշ Թոփուզյան),արձակագիր, լրագրող, հասարակական գործիչ, Սրբուհի Տյուսաբը հայ առաջին կին վիպասան,արևմտահայ գրող, բանաստեղծ,հրապարակախոս և հասարակական մանկավարժական գործիչ,Մարիամ Թումանյանը՝հասարակական ու մշակութային գործիչ, բարերար,Կովկասի հայոց բարեգործական ընկերության Խուդադյան որբանոցի աղջիկների կազմակերպիչն ու պատասխանատուն:
Ցուցադրությունը շարունակվեց Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի Երիտասարդական կանգառում: Կանանց կերպարները պատրաստվել են Մուղդուսյան արվեստի կենտրոնի կողմից:
Ցուցահանդեսը ներկայացնում ու այցելուներին ծանոթացնում էր Օքսեջեն հիմնադրամի հանրային կապերի պատասխանատու Լիլիթ Քոչինյանը:
Գարիկ Ավետիսյան
Լուսանկարները Սիրարփի Կարապետյանի