Հայ ժողովրդի արժանավոր զավակի ծննդյան օրը մարտի 3-ն է
Հայ ժողովրդի արժանավոր զավակի ծննդյան օրը մարտի 3-ն է
Ալեքսանդր Մանթաշյանցը իր կյանքի ու գործունեության ընթացքում ոչ միայն նվաճեց գործարարության բարձրունքները, այլև ցույց տվեց, թե ինչ է իսկական բարեգործությունը՝ համազգաին հիմնախնդիրների լուծումներից մինչև առօրյա դժվարություների մեջ գտնվող մարդու կողքին կանգնելը։ Այս ամենի մասին նա նախընտրում էր լռել, քան թե բարձրաձայնել։ Ձգտում էր հեռու մնալ իր բարեգործության հասցեներից։ Նա անգամ չմասնակցեց Փարիզի կենտրոնում՝ Ժանգուժոն փողոցի վրա իր հովանավորությամբ կառուցած եկեղեցու բացմանը. չմասնակցեց, երկու օր առաջ գնացքով հեռացավ դեպի Ժնև՝ բարեմաղթանքի խոսքեր թողնելով մասնակիցների համար։ Այսպիսի օրինակները բազմաթիվ են։ Նա համազգային դրամահավաքի համար պատրաստ էր օրերով շրջել Թիֆլիսի փողոցներով՝ այցելել հայ առևտրականներին ու գործարարներին՝ հանուն հայության խնդիրների լուծման հայցել նրանց աջակցությունն ու օգնությունը։ Որպես կանոն հավաքված գումարը նա կրկնապատկում էր իր սեփական միջոցներից։
Այս և նման խոհերով ու մտորումներուվ ես ամեն տարի՝ սկսած 2012 թվականից այցելում եմ Երևանի կետրոնում գտնվող մեր մեծ հայրենակցի՝ Ալեքսանդր Մանթաշյանցի արձանին, գարնանային ծաղիկներ խոնարհում։ Բացառություն չէր այս մարտի 3-ը։ Աբովյան փողոցով քայլողները կանգ էին առնում արձանի մոտ, որովհետև այնտեղ Հայաստանի գործարարների և արդյունաբերողների միության կողմից դրված ծաղկեպսակը հուշում էին նրա ծննդյան օրվա մասին, իսկ ծաղիկները վկայում էին, որ այսօր առանձնահատուկ օր է։ Այս էլ ութ տարի միության անդամները ամեն մարտի 3-ին միության նախագահ Արսեն Ղազարյանի գլխավորությամբ այցելում են մեծ գործարարի արձանին՝ այդպես սկսելով գործարարի օրվա տոնակատարությունը։ Ընդհանրապես Հայաստանի գործարարների և արդյունաբերողների միության նախագահ Արսեն Ղազարյանը նախանձախնդիր է Ալեքսանդր Մանթաշյանցի կյանքի և գործունեության հանրայնացման գործում։ Գրքեր են տպագրվել, տեսաֆիլմեր նկարահանվել, ամեն տարի տարբեր ասելիք ունեցող միջոցառումներ կազմակերպել։ Մի առիթով Արսեն Ղազարյանը ասաց, որ շատ ուսանելի դասեր է թողել Ալեքսանդր Մանթաշյանցը։ Նրա և նրա նման մարդկանց մասին պետք շարունակել անընդհատ պատմել։
Հենց այսօր «Էդիթ Պրինտ» հրատարակչության ղեկավար Մկրտիչ Կարապետյանը ինձ տեղեկացրեց, որ հրատարակչությունը տպագրության է պատրաստում գրող Արմեն Գասպարյանի «Կովկասի արքան» կենսագրական վեպը՝ նվիրված մեծ գործարարին ու բարերարին։ «Մենք ուզում ենք, որ այսօրվա երիտասարդությանը ժամանակակից ասելիքով ու լեզվով կարողանանք ներկայացնել մեր ժողովրդի արժանավոր զավակներին ու նրանց թողած ժառանգությունը,- ասում է Մկրտիչ Կարապետյանը,- Ալեքսանդր Մանթաշյանցի և սերնդակիցների գործարարության, և մեկենասության թողած դասերը այսօր էլ կարող են օգտակար լինել, չնայած մեր գործարարները, օրինակ, աջակից են լինում գրքերի տպագրության գործին։ Կոնկրետ Թումանյանական «Հոբելյանական հատընտիրը» հրատարակվեց «Ապավեն» ընկերության (համահիմնադիրներ՝ Արսեն Ղազարյան, Գագիկ Աղաջանյան) աջակցությամբ»։ Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահ Գագիկ Աղաջանյանը իրենց ապագա ծրագրերում, մասնավորապես՝ Ալեքսադր Մանթաշյանցի 180-ամյակի առթիվ տեսնում է հետաքրքիր մի ավտոարշավի կազմակերպման անհրաժեշտություն:
Օրեր առաջ առիթ ունեցա Փարիզում ապրող Մանթաշյանցի ծոռան՝ Միշելի (Միքայելի) հետ հեռախոսացրուց ունենալու։ Տեղյակ պահեցի հրատարակությունում պատրաստվող գրքի մասին։ Ուրախացավ, ասաց հորը՝ կրտսեր Ալեքսանդր Մանթաշյանցին տեղակ կպահի այդ մասին։ Ավելացրեց, որ հոր հետ հիշում են 2012 թվականի այցելությունը Հայաստան ու Վրաստան, իրենց այցելությունները իրենց մեծ պապի ոտնահետքերով էին։ Շատ ուրախ են, որ այսօր էլ մեծ բարերարին իրենց հայրենիքում չեն մոռանում։
Այս պահին ես էլ մտովի ետ գնացի դեպի 2012 թվականի այն օրերը, երբ Մանթաշյանցի ժառանգները Հայաստանում էին։ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին 2-ին Վեհափառ Հայրապետի. չափազանց ջերմ ընդունելությունից հետո պատվավոր հյուրերին առաջնորդում էր Վեհարանում, որը կառուցվել էր Ալեքսանդր Մանթաշյանցի միջոցներով։ Թոռն ասաց, որ շատ էր լսել, բայց չէր պատկերացնում, որ այսպիսի հրաշալի կառույց է։ Վեհափառն ասաց, որ Ձեր տուն եք եկել։ Մանթաշյանցի անվանակից թոռը հուզվեց՝ Ալեքսանդր կրտսերը՝ Սանդրիկը արցունքներն աչքերին լսում էր Ամենայն Հայոց կաթողիկոսի խոսքերն ու աղոթքները։ Հրաժեշտին Վեհափառն ասաց՝ «Ամեն տարի եկեք»...
Այսպես հերթագայում են հիշողությունները, մղելով երկար մնալ մեր ժողովրդի արժանավոր զավակի կերպարի հետ։ Մեզ մնում ասել. «Շնորհավոր, ծնունդդ, մեծ ազգասեր...»:
Սերգո Երիցյան
«Լոռվա ձոր» հայրենակցակցական միության նախագահ,
բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր