Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

 

 

Հիշեցնենք, որ 2019 թվականին «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության նախաձեռնությամբ և անհավանական ջանքերով ու իրականացմամբ սեպտեմբերի 7-ից մինչև նոյեմբերի 7-ը Երևանի քաղաքապետարանի «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում կայացավ «Գեղարվեստական տպագրության Երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019» լայնածավալ նախագիծը։ Այն ընթացավ Հայաստանի Հանրապետության Նախագահի և տիկին Նունե Սարգսյանի բարձր հովանու ներքո և Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, ինչպես նաև Հայաստանում Եվրամիության պատվիրակության, Հայաստանում Գերմանիայի և Լեհաստանի դեսպանությունների, «Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի» և Եվրասիա համագորակցություն հիմնադրամի աջակցությամբ։

Սեպտեմբերի 7-ին «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում մեծ շուքով տեղի ունեցավ «Գեղարվեստական տպագրության Երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019»-ի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ինչպես վերը նշված դեսպանութունների, այնպես էլ Հայաստանում Շվեյցարիայի, Չինաստանի, Հնդկաստանի, Ռուսաստանի դեսպանատների ներկայացուցիչներ, «Գեղարվեստական տպագրության Երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019»-ի միջազգային ժյուրիի անդամները, հայ և օտարերկրյա արվեստագերտներ և հարյուրավոր այլ հյուրեր։ «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության հրավերով «Գեղարվեստական տպագրության Երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019»-ի բացման արարողությանը ելույթ ունեցավ նաև ավստրիացի երաժիշտ, հանգահար Քրիստիան Շրաթը։

Միջոցառմամբ և առհասարակ արվեստով հետաքրքրված բոլոր արվեստագետներին, հյուրերին ու այցելուներին «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում «Գեղարվեստական տպագրության Երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019»–ի մրցույթային ցուցադրությունում ներկայացված փորագրանկարչական աշխատանքներին ծանոթանալու հնարավորություն ընձեռվեց մինչև 2019թ. նոյեմբերի 7-ը։

Հարկ է շեշտել, որ «Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը ջանք չխնայեց այս Բիենալեն առավել դիտարժան և բովանդակալի դարձնելու համար, հիմնական՝ մրցութային ցուցադրությանը զուգահեռ իրականացնելով նաև երկու ամիս տևողությամբ փորագրանկարչական արվեստի բազմազանությունը բացահայտող, տեսական և կիրառական գիտելիքներ ապահովող մի շարք հավելյալ միջոցառումներ. դասախոսություններ, զեկուցումներ, շնորհանդեսներ, հայ և հյուր վարպետների մասնակցությամբ անհատական և խմբակային ցուցադրություններ, արտերկրից ժամանած արվեստագետների ղեկավարմամբ էստամպի ավանդական, ժամանակակից և հեղինակային զանազան տեխնիկաներին նվիրված վարպետության դասեր ու աշխատարաններ, ինչպես նաև օտարերկրյա արվեստագետ-վարպետների առանձին ցուցահանդեսներ:

Ըստ այդմ, նախագծի շրջանակում նախատեսված և չնախատեսված այդ բոլոր միջոցառումներն արվեստասեր հանրությանը, արվեստագետներին և արվեստագետ ուսանողներին հնարավորություն տվեցին գեղարվեստական տպագրության զարմանահրաշ աշխարհին առնչվել մինչև 2019թ.-ի դեկտեմբերի 10-ը։         

«Գեղարվեստական տպագրության Երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019»–ի միջազգային ժյուրիի կազմում ընդգրկված 5 մասնագետները (միջազգային ժյուրիի նախագահ՝ դոկտոր պրոֆ. Մաթեուշ Օտրեբա (Լեհաստան), ժյուրիի փոխնախագահ՝ Մարգրետ Լեհմանն (Շվեյցարիա), ժյուրիի անդամներ՝ Հերբերթ Մայեր (Գերմանիա), Լիան Էնջի (ԱՄՆ), Սոնա Հարությունյան (Հայաստան)), բացման հանդիսավոր արարողությանը հաջորդող երկու օրվա ընթացքում (սեպտեմբերի 8-ին և 9-ին) բուռն քննարկումների և բանավեճերի արդյունքում իրականացրին բարդ ընտրություն՝ առանձնացնելով հաղթող աշխատանքներն ու արվեստագետներին։

Իսկ սեպտեմբերի 10-ին, կրկին «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում, տեղի ունեցավ «Գեղարվեստական տպագրության Երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019»-ի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը։ Միջազգային ժյուրիի սահմանած Գլխավոր (մեդալ), Առաջին (մեդալ), Երկրորդ (մեդալ) և Երրորդ (մեդալ), ինչպես նաև «Հայաստան համահայկական հիմնադրամի» և «Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի» սահմանած Հատուկ մրցանակներին և հատուկ ուշադրությանն արժանացած աշխատանքների Դիպլոմներին արժանացան.

 

Գլխավոր մրցանակ - Հուի Ժանգ (Hui Zhang - Չինաստան-«Հայացք լույսի միջով-2», 2017թ.)

Առաջին մրցանակ - Ռաթանա Սուջարիտ (Rattana Sudjarit - Թայլանդ - «2 a.m.», 2017թ.)

Երկրորդ մրցանակ - Քշիշտոֆ Տոմալսկի (Kzysztof Tomalski - Լեհաստան - «Genesis VI աստրոֆիզիկոսների համար», 2018թ.)

Երրորդ մրցանակ - Մուանտա Սուպատանավադի (Muanta Supattanawadee - Թայլանդ - «Գենդերային կորություն», 2018թ.)

«Գեղարվեստական տպագրության Երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019»–ի չորս մրցանակակիր արվեստագետներին շնորհվեցին հայ քանդակագործ Էդգար Գրիգորյանի հեղինակային հուշամեդալները։

 

Պատվոգրեր (այբբենական կարգով)

Տինգտինգ Չեն (Tingting Chen  - Չինաստան)

Թրեյսի Թեմփլթոն (Tracy Templeton  - ԱՄՆ)

Սաեդեհ Գոլրիզ (Saeedeh Golriz - Իրան)

Ջիանգ Սիվեյ (Jiang Siwei - Չինաստան)

Թոոմաս Կուուսինգ (Toomas Kuusing - Էստոնիա)

Օլիվեր Պիլիչ (Oliver Pilić - Սլովենիա)

Վեյ Վոնգ (Wai Wong - Հոնգ Կոնգ)

Ակավատ Դիտո (Akawat Deeto - Թայլանդ)

Բրանդի Գրոգան (Brandie Grogan - ԱՄՆ)

Մերի Անդրեասյան (Meri Andreasyan  - Հայաստան)

 

«Հայաստան համահայկական հիմնադրամի» Հատուկ մրցանակ

Արման Վահանյան (Arman Vahanyan - Հայաստան)

 

«Ռուսաստանի գիտական և մշակութային կենտրոնի» Հատուկ մրցանակ

Սվետլանա Ռյաբովա (Svetlana Ryabova - Ռուսաստան)

 

Գեղարվեստական տպագրության բազմատեսակ աշխատանքների միջազգային լայնածավալ ցուցադրության շրջանակում իրականացված բազմատեսակ ու հարուստ այս ծրագրերն ու միջոցառումները, սկսած դեռևս Առաջին բիենալեից, միտված էին փորագրանկարչությամբ զբաղվող հայ երիտասարդ արվեստագետներին խրախուսելու և ստեղծագործելու անընդմեջ ազդակներ ապահովելու գործընթացի շարունակականության պահպանմանը։ Եվ ակնառու է, որ «Գեղարվեստական տպագրության Երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019»-ին հայտագրված հայ նկարիչների մեջ արդեն մեծ թիվ էին կազմում երիտասարդ արվեստագետներն ու ուսանողները:

 

«Մշակույթների երկխոսություն» կազմակերպություն

Գեղարվեստական տպագրության Երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019

Կազմկոմիտե