Փետրվարի 26-ին Ռիգայի «ՎԵՖ» մշակույթի պալատում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և աջակցությամբ տեղի ունեցավ բալթյան երկրներում «Խաչատրյան Տրիո»-ի շրջագայության չորրորդ համերգը։
Միջոցառմանը ներկա էր Լատվիայի նախկին նախագահ Գունտիս Ուլմանիսը, Բալթյան երկրներում Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը, դեսպաններ, Լատվիայի օրենսդիր և գործադիր իշխանության մարմինների բարձրաստիճան պաշտոնյաներ, Սաեյմայի պատգամավորներ, քաղաքական և մշակութային գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։
Միջոցառման սկզբում ՀՀ դեսպանության երրորդ քարտուղար Միսակ Բալայանը ներկաներին փոխանցեց Լատվիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանի ուղերձը, որտեղ մասնավորապես նշված էր․
«Նշանավոր «Խաչատրյան Տրիո»-ի յուրաքանչյուր երաժիշտ իր անհատական կարիերայում մեծ հաջողությունների է հասել: Որպես եռյակ` նրանք շրջել են աշխարհով մեկ`համերգներ տալով գրեթե բոլոր խոշոր քաղաքներում:
Այսօր երեկոյան «Խաչատրյան Տրիո»-n ներկայացնում է հատուկ ծրագրով, որում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում հայ և բալթյան կոմպոզիտորների կողմից գրված երաժշտությունը: Լատվիացի կոմպոզիտոր Գեորգի Պելեցիսի՝ հատուկ «Տրիո»-ի համար գրված ստեղծագործությունը առաջին անգամ կատարվում է այս համերգային շրջագայության ընթացքում։ Սա ևս մեկ պատմական պահ է, և պարոն Պելեցիսը մեզ պատվել է այստեղ իր ներկայությամբ:
Այսօրվա համերգը մենք կցանկանայինք նվիրել 1988-1990 թվականներին Բաքվում և Սումգայիթում տեղի ունեցած ջարդերի զոհերի հիշատակին: Այս տարի Բաքվի ջարդերի 30-ամյակն է, որը հիշատակվեց աշխարհասփյուռ հայության կողմից: Այն ժամանակ համաշխարհային մտավորականությունը շատ քննադատաբար արձագանքեց այդ կոտորածներին, նրանց իրականացնողներին: Նման քննադատներից մեկն էլ ծնունդով Ռիգայից, փիլիսոփա Իսայա Բեռլինն էր: Կեղծված պատմությունները, ինչպես կեղծ լուրերը, չեն կարող բերել որևէ լավ նպատակի: Այն պատմությունը, որից անհրաժեշտ դասեր չի քաղվում, մի օր անպայման կրկնվելու է»։
Նշանավոր Տրիոյի համերգային կատարումն արժանացավ ներկաների ջերմ ընդունելությանը։»