Բեռլինի կինոշուկայում բացվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի տաղավարը։ Ինչպես նշում են կենտրոնի ֆեյսբուքյան էջում փետրվարի 22-ին աննախադեպ մարդաշատ է եղել հայկական տաղավարը։
Բեռլին մեկնած հայաստանյան և սփյուռքի կինոգործիչները հավաքվել են հայկական տաղավարում, որոնց միացել են նաև Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը և ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը։ Տաղավար են այցելել նաեւ արտասահմանցի կինոգործիչներ։
Հայաստանն այս տարի առաջին անգամ է առանձին տաղավարով ներկայացել փետրվարի 20-27-ը անցկացվող Եվրոպական ֆիլմերի կինոշուկայում (EFM )։ Բեռլինալեի շրջանակներում արդեն 30 տարի կազմակերպվող ամենամյա կինոշուկան իր մեծությամբ և հնարավորություններով աշխարհում երրորդն է։
Հայաստանի ազգային կինոկենտրոնի գեղարվեստական ղեկավար Մելիք Կարապետյանը, որը նաև Բեռլինալեի կինոշուկայի հայկական տաղավարի համակարգողն է, երեկ մանրամասներ է ներկայացրել կինոշուկայում հայկական տաղավարի կողմից կազմակերպվելիք աշխատանքների մասին, որին հրավիրված էին այն պրոդյուսերներն ու ռեժիսորները, որոնք մասնակցելու են կինոշուկային իրենց արտադրանքով և կինոնախագծերով։
Հայկական տաղավարը հնարավորություն կընձեռի հայ պրոդյուսերներին և ռեժիսորներին ավելի արդյունավետ կազմակերպելու իրենց աշխատանքները կինոշուկայում (հանդիպումներ, պրեզենտացիաներ, միջոցառումներ և այլն )։
Հատուկ Բեռլիալեի կինոշուկայի համար Ազգային կինոկենտրոնը հրատարակել է կատալոգ, որտեղ ներառված են բոլոր այն կինոգործիչները, որոնք նախապես տեղեկացրել են կինոշուկային իրենց մասնակցության մասին, ինչպես նաև տրամադրել համապատասխան նյութեր ներկայցվելիք արտադրանքի և կինոնախագծերի վերաբերյալ։
orer.eu