|
2020 թվականի Օգոստոսի 1-ին Գեղարքունիք մարզի Ծաղկունք գյուղում կմեկնարկի «Լավաշի օր»-ը միջոցառումը: Միջոցառումը նվիրված է լինելու հայկական լավաշին, որը 2014 թվականին ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում և հանդիսանում է հայերի արժեհամակարգի կարևորագույն տարր: Միջոցառման օրը գյուղը կերպարանափոխվելու է, բաժանվելու գոտիների ըստ հետաքրքրությունների:
Գլխատների գոտի - Գյուղում առկա գլխատներում հյուրեը կարող են ականատես լինել լավաշի թխման ավանդական ձևին, ինչպես նաև հնարավորություն կունենան համտեսել թարմ թխված լավաշը գյուղական արտադրության մթերքներով: Յուրաքանչյուր գլխատանը կից կլինի նաև բրդուճի գոտի, որտեղ մասնակիցները հնարավորություն կունենան թարմ թխած լավաշով և բանջարեղենով պատրաստել բրդուճներ:
Գաստրո գոտի - Գաստրո գոտում ներկայացված են լինելու տարածաշրջանի տեղական և Երևանի մի շարք ռեստորանային համալիրներ, որտեղ հյուրերը կարող են գտնել ոչ միայն հայկական խոհանոցի համեղ ուտեստներ, լավաշով պատրաստվող զանազան կերակուրներ, այլ նաև ըմպելիքների լայն տեսականի՝ կոմպոտներ, թան և այլն։ Բացի ներկայացված սնունդից մասնակիցները կարող են համտեսել գյուղական առողջ սնունդ այցելելով տեղաաբնակներին:
Գյուղմթերքի գոտի (Էկո գոտի)– Հաշվի առնելով, որ այսօր ամբողջ աշխարհում էկո սնունդը բարձր է գնահատվում, այն մեր և մեր սերունդների առողջության գրավականն է: Միջոցառմանը առանձին հատվածում ներկայացվելու է էկո սնունդ:
Համայնքների գոտի - Այս հատվածում հնարավորություն կունենաք ձեռք բերել տեղացիների կողմից պատրաստված տնական, գյուղական համեղ ուտելիքներ, պահածոներ, մուրաբաներ և այլ արտադրանքներ: Միջոցառմանը կներկայանան Զովաբեր, Դդմաշեն, Ծաղկունք, Վարսեր և Գեղամավան համայնքները:
Մրցույթների գոտի Այս գոտում կմեկնարկեն մրցույթները: Մրցույթը կանցկացվի տարբեր անվանակարգերում՝ «Թխած ամենագեղեցիկ լավաշը», «Լավաշը ամենաարագ ուտողը» և այլն: Յուրաքանչյուր անվանակարգում կլինի մեկական հաղթող, ով միջոցառման ժամանակ կստանան նաև մրցանակներ:
Սերբական հացի գոտի – Միջոցառման այս տարվա հյուր-երկիրը Սերբիան է, ով կներկայացնի իր ազգային խոհանոցը և տեղում կթխի իրենց պոգաչա ազգային հացը։ Ներկաները հնարավորություն կունենան տեսնել հացի թխման ընթացքն ու համտեսել ներկայացված սնունդը:
Երաժշտական կատարումների և թատերական ներկայացումների գոտի - Դե էլ ինչ տոն՝ առանց երգ ու պար։ Օրվա ընթացքում ելույթ կունենան ազգային և ժամանակակից երաժշտական խմբեր օրը ավելի ուրախ դարձնելու համար։ Բացի երաժշտական կատարումներից կցուցադրվի տիկնիկային ներկայացումներ հայկական մշակույթի և լավաշի ուրախ ավանդույթները գունավոր և պատկերավոր ներկայացնելու համար։
Օղու թորման գոտի - Միջոցառման հետաքրքիր առանձնահատկություններից մեկն էլ օղի թորելու գործընթացն է լինելու: Տեղում թարմ մրգերից օղի կթորեն, այնպես, որ մասնակիցները ականատես լինեն գործընթացին։ Թորած օղին նաև կվաճառվի, սակայն սահմանափակ քանակությամբ։
Ալկո գոտի – Հայաստանը աշխարհին հայտնի է իր գինու և կոնյակի տեսականիով: «Լավաշի օր» միջոցառումը հնարավորություն է հանդիպել խմիչքի արտադրողներին և ծանոթանալ հայկական խմիչքների լավագույն տեսականուն:
Մանկական գոտի - Մինչ մեծահասակները կշրջեն գյուղի տարածքում, լավաշ կթխեն և օղի կթորեն, երեխաները դաստիարակ-մասնագետների հետ միասին հատուկ տաղավարում կխաղան ազգային բարի ու մոռացված խաղեր: Այս գոտին նախատեսված է 3 և ավելի տարիքի երեխաների համար։
Վինիլ գոտի – Այս գոտին նախատեսված է ալտերնատիվ երաժշտության սիրահարների համար։ Օրվա ընթացքում կնվագեն DJ-ներ և կհնչեն կենդանի կատարումներ։
Համերգային գոտի- Ամենաակտիվ գոտիներից մեկը համերգային գոտին է։ Օրվա ընթացքում ելույթ կունենան տարբեր խմբեր կկատարեն ազգային և ժամանակակից երաժշտական ստեղծագործություններ։ Օրվա ավարտին մասնակիցներին սպասվում է անակնկալ՝ ելույթ կունենա Էմիր Կուստուրիցան «No smoking archestra» Խմբի հետ:
Միջոցառման կոնցեպտը: Տոնական տրամադրություն, ընտանեկան միջավայր, գուրմանների փառատոն, բնական և գյուղական արտադրանքի տոնավաճառներ: Օրը նախատեսված է հայկական մշակույթով հետաքրքրվողների, ժամանակակից երգերի սիրահարների համար, ովքեր ուզում են կտրվել քաղաքային առօրյայից և օրն անցկացնեն հոյակապ միջավայրում:
Միջոցառման նպատակը: Միջոցառման նպատակն է ոչ միայն կարևորել լավաշի դերը հայ ժողովրդի կյանքում և մշակույթում, այլև աշխարհին ներկայացնել լավաշը՝ որպես հայկական մշակույթի անբաժան և անժխտելի մաս։ Հայկական լեռնաշխարհում լավաշ թխելու մշակույթը ծնունդ է առել անհիշելի ժամանակներից: Այն հայերի համար հանդիսացել է ոչ միայն սնունդ, այլև ընտանիքի, բարեկեցության և առատության խորհրդանիշ։ Թոնիրների առկայությունը խոսում է հայերի նստակյաց և այս տարածքների գենետիկ պատկանելիության մասին: Լավաշը բազում դարեր հանդիսացել է հայերի համար միակ հացատեսակը, և նույնիսկ այն չորացվել և պահպանվել է հատուկ պահարաններում ձմռանն օգտագործելու նպատակով: Հայերը բացառիկ ազգերից են, որոնք ունեցել են հացի պատրաստման 7 փուլերի ծիսակատարությունները՝ ժամանցային ուրախ խաղերը, երգերը, ավանդազրույցները, պարերը և նույնիսկ կատակները:
Հացի սպառման քաղաքային պահանջը օրեցօր հեռվացնում է լավաշի պատրաստման ավանդական տեսակներից, և այս տենդենցը նկատվում է նաև գյուղերում, որտեղ թոնիրները և գլխատները պարբերաբար մատնվում են անուշադրության լավաշի թխման տեսանկյունից: Լավաշի թխման գիտելիքի փոխանցումը նոր սերնդին մերթ ընդ մերթ կորցնում է իր կենսական կարևորությունը: Միջոցառումը նպատակ ունի հանրության ուշադրությունը սևեռել դեպի գյուղական համայնք և գյուղերում առկա գլխատների և թոնիրների կարևորությանը՝ գյուղական և քաղաքային համանայնքներին ցուցադրելով ավանդական լավաշի թոնիրում թխելու կարևորությունը և դրա պատմամշակութային արժեքը: Հիմնական նպատակներից է նաև հայկական լավաշի թխման ծեսերն ու ավանդույթները վեր հանելը:
Միջոցառման նպատակներից է նաև հայ և օտարերկրյա զբոսաշրջիկների ուշադրությունը սևեռել դեպի տարածաշրջանի գյուղական համայնքներ՝ կարևորելով համայնքների համաչափ և իրադարձային զբոսաշրջության զարգացումը: Միջոցառումը նախատեսվում է ամեն տարի անց կացնել այս տարածաշրջանում և դրանով իսկ զարկ տալ տարածաշրջանի տնտեսական զարգացմանը: Կազմակերպիչներն ակնարկում են, որ ամեն տարի «Լավաշի օր»-ը հյուրընկալելու է մի երկիր, ով կներկայացնի իր ազգային հացն ու խոհանոցը: