Փետրվարի 19-ին Ամստերդամի հանրային գրադարանում տեղի ունեցավ Հովհաննես Թումանյանի հեքիաթների նիդերլանդերեն թարգմանության շնորհանդեսը, որին ներկա էին նիդերլանդացի գրողներ և մշակութային գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։
Միջոցառումը վարում էր նիդերլանդացի անվանի հաղորդավար Դիյվետյե Բլոկը։
Իր խոսքում Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը շնորհակալություն հայտնեց նախագծի նախաձեռնող և թարգմանիչ Աննա-Մարիա Մատառին( Anna Maria Mattaar ) ՝ հայկական մշակույթը Նիդերլանդներում հասանելի դարձնելու շարունակական ջանքերի համար, բարձր գնահատեց հրատարակությունը նկարազարդած Հարմեն ֆան Ստրատենի իրականացրած աշխատանքը։ Դեսպան Բալայանը երախտագիտություն հայտնեց Rubinstein հրատարակչությանը գիրքը լույս ընծայելու և նախագծի հովանավոր Ամստերդամում ՀՀ պատվավոր հյուպատոս Ռոբերտ Զիկին։
«Շուրջ մեկ տասնամյակ ամենայն հայոց բանաստեղծի տարեդարձը Հայաստանում նաև գիրք նվիրելու օրն է, ուստի մենք մի քանի նվեր ունենք հանձնելու։ Հայաստանի ազգային գրադարանի կողմից Ամստերդամի հանրային գրադարանին հայ ժամանակակից գրողների գրքերը, որոնք կհանձնի Աննա-Մարիա Մատառը, և Ալմելոյի հայկական կիրակնօրյա դպրոցի կողմից 100 հատոր հայկական դասականների ստեղծագործություններ և հանրագիտարաններ, որոնք կհանձնի տնօրեն Սվետլանա Անդրեասյանը։ Համոզված եմ, որ այս գրքերն իրենց արժանի տեղը կզբաղեցնեն Ամստերդամի հանրային գրադարանի «Բոլոր լեզուների տանը,» - ասաց դեսպան Բալայանը։
Ամստերդամի հանրային գրադարանի տնօրինությունն՝ իր հերթին Հայաստանի հանրային գրադարանին փոխանցելու նպատակով նվիրաբերեց շուրջ 30 հատոր անգլերեն և նիդերլանդերեն գրքեր։
Միջոցառմանը` Թումանյանի հեքիաթների, իրենց կատարած աշխատանքի, և ստացած տպավորությունների մասին խոսեցին թարգմանչուհի Աննա-Մարիա Մատառը և նկարիրչ Հարմեն ֆան Ստրատենը, Դիյվետյե Բլոկը ընթերցեց «Անհաթղ աքլորը», «Շունն ու կատուն» և «Անխելք մարդը» հեքիաթները։
Շնորհանդեսը ուղեկցվում էր հայկական երաժշտությամբ, իսկ եզրափակիչ մասում հանդիսատեսը դիտեց «Կիկոսի մահը» մուլտֆիլմը, ապա Թումանյանի տարեդարձը նշվեց հայկական գինիով։
Աղբյուր՝ Նիդերլանդական օրագիր