Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

 Մարտի 19-27-ը Պրահայում կանցկացվի հերթական 27-րդ »Ֆեբիոֆեստ» միջազգային կինոփառատոնը, որն այս տարի հանրությանը ներկայացավ գեղարվեստական տնօրենների փոփոխությամբ։ Նոր տնօրեններ են նշանակվել Նիկոլայ Նիկիտինը եւ Մարտա Շվեցովան։ Այդ մասին ասվեց նաեւ վերջերս անցկացված մամուլի ասուլիսում։ 

 Նիկոլայ Նիկիտինը արդեն 25 տարի  աշխատում է  կինոաշխարհում։ 15 տարեկանից ընկերոջ՝ Օլիվերի հետ վարել է կինոծրագիր, կազմակերպել է կինոփառատոն՝ նվիրված կինոմոնտաժին, այնուհետեւ տեղափոխվել է Բեռլինի կինոփառատոն, ուր աշխատել է վերջին 17 տարիներին։ Ծնվել է Մոսկվայում, 7 տարեկանից ապրել է Գերմանիայյում, ուսանել է Գերմանիայում՝ ստանալով կինոքննադատի եւ արվեստագետի մասնագիտություն։ Նա նաեւ 1/4-ով հայ է՝ մորական տատիկի կողմից։ Նա նաեւ քանիցս եղել է ,,Ոսկե Ծիրան,, երեւանյան կինոփառատոնում։ 

Նիկոլայ Նիկիտինը սիրով պատասխանեց ՕՐԵՐ ամսագրի հարցերին։

 

  • Որո՞նք են լինելու 27-րդ ,,Ֆեբիոֆեստի,, հիմնական նորությունները։
  • Ամենամեծ փոփոխությունն այն է, որ մենք ծրագրում մտցրել ենք կատակերգական ֆիլմերի բաժինը եւ դա կլինի որ մրցութային ծրագիր։ Մեր ժամանակակից աշխարհն այնքան է լցվել սարսափելի լուրերով, սարսափ ֆիլմերով, որ ցանկություն կա մարդկանց մի քիչ լիցքաթափելու։ Մանավանդ, ինչպես գիտենք, կինոն սերում է կրկեսից, եւ ունեցել է միշտ այնպիսի առաքելություն, որ մարդիկ հաճախել են զվարճանալու եւ հանգստանալու համար։ Իհարկե, նաեւ գիտենք, թե որքան դժվար է կատակերգություն նկարահանելը, քան ասենք, դրամա։ Հուզելու թեմաները շատ են, իսկ ասենք ինչպես հանդիսատեսին երկու ժամ հումորի կամ անեկդոտի շրջանակում պահելը շատ դժվար է։ Իհարկե, ընդունված միտք կա, թե հումորը չի ճամփորդում։ Ամեն մեկն իր ազգին բնորոշ է ծիծաղում։ Բայց կա համաշխարհային կինո, որը բոլորի համար ծիծաղելի է։ Դա կարող է լինել թե ֆիզիկական հումոր, թե խելացի կամ ,,լուրջ,, հումոր։ Եվ մենք տարբեր երկրները ներկայացնող 7 ֆիլմ ենք ընտրել, որոնք կցուցադրվեն փառատոնի շրջանակներում։

Կրճատել ենք նաեւ հիմնական միջազգային մրցույթը, ֆիլմերի թիվը հասցնելով 7-ի եւ ներկայացնելու ենք սկսնակ կինոռեժիսորների առաջին կամ երկրորդ ֆիլմերը։ Երեկոյան ժամերին կցուցադրվեն մեկ կատակերգություն եւ մեկ լուրջ ֆիլմ, որպեսզի հանդիսատեսը նաեւ կարողանա համեմատել այդ տարբեր ֆիլմերը եւ հասկանա, թե ինչ վիճակում է հիմա գտնվում համաշխարհային կինոն։

 

Լուսանկարում՝ Նիկոլայ Նիկիտինը եւ Մարտա Շվեցովան

 

  • Իսկ ո՞վ է գնահատելու, կրկին հանդիսատեսից կազմված ժյուրին։
  • Կատակերգությունները կգնահատի հանդիսատեսը, իսկ գլխավոր մրցույթին մասնակցող ֆիլմերը կգնահատի երեք ռեժիսորներից կազմված ժյուրին։ Մենք ուրախ ենք, որ Պրահա կգա հունգարացի կին բեմադրիչ Իլդիկո Էնյեդին, ով Բեռլինում ստացավ գլխավոր մրցանակը, կանադացի հայտնի կինոբեմադրիչ Դենիս Կոտեն եւ չեխ հայտնի դերասան եւ բեմադրիչ Յիրժի Մադլը։

Ինչպես միշտ կլինի »Պանորամա» բաժինը, որտեղ ինձ թվում է հիմնական հայտնությունը կլինի Պոլանսկու նոր ֆիլմը, որը մի քանի տասնյակ ֆրանսիական Ցեզարների է հավակնում, նաեւ լեհ կինոռեժիսոր Յան Կոմասայի նոր ֆիլմը։ Կցուցադրենք ռուսական Խոլոպ/Ծառա/ֆիլմը,  որը գլխավորում է  ռուսական կինովարձույթի շուկան եւ հավաքել է 3 միլիարդ ռուբլի Ռուսաստանում ցուցադրությունների արդյունքում։ Հետաքրքիր կլինի տեսնել, թե Չեխիայի ռուսական համայնքն ինչպես է արձագանքում նման ֆիլմին։ Նաեւ թողել ենք ,,Քվուիր նաու,, բաժինը, ուր ցուցադրվում են ոչ ավանդական կողմնորոշում ունեցողներին նվիրված ֆիլմեր, նաեւ կլինի ,,Սերունդ,, բաժինը, որը նվիրված կլինի երիտասարդությանը։ Այս տարի մի քիչ ձեւափոխված կգործի ,,Սեւ մոլորակ,, բաժինը, որի շրջանակներում սարսափ  ֆիլմեր  կցուցադրվեն Ասիայից, Լատինական Ամերիկայից։ Կլինի դասականներ բաժինը, որն այս տարի կնվիրենք գերմանացի կինոբեմադրիչ Մաքս Օրհուլսի ֆիլմերի հետահայաց ցուցադրությանը։ Կորեական ,,Մակաբույծը/Պարազիտ/ ֆիլմն այլեւս չենք ցուցադրի, քանի որ ցանկացողները հիմա էլ կարող են նայել կինոթատրոններում եւ կարծում եմ այդ ֆիլմը կշահի մի քանի Օսկար։ / Ի դեպ, Նիկիոլայ Նիկիտինի կանխագուշակումն իրականացավ, եւ ,,Մակաբույծը,, ֆիլմն ստացավ 4 Օսկար/։

  • Սովորաբար Ֆեբիոֆեստում հազվադեպ են ցուցադրում նախկին Խորհրդային Միության երկրների ֆիլմերը։ Չե՞ք կարծում, որ այդ բացը պետք է լրացնել։
  • Այո, այդ իմաստով նույնպես շատ բան կփոխվի։ Մենք նոր բաժին ենք բացել, որը կոչվում է Արեւելքի դելիկատես/նրբախորտիկ/, որտեղ կցուցադրվեն ոչ միայն Բալկանների, այլեւ Արեւելյան Եվրոպայի երկրների ֆիլմերը, որի մեջ կմտնեն նաեւ ԱՊՀ երկրների ֆիլմերը։ Դրանք կլինեն շատ հետաքրքիր ու թարմ ֆիլմեր, եւ ի դեպ, չի բացառվում, որ արդեն այս տարի մենք ունենանք պատվավոր հայազգի հյուր, որի մասին տեղյակ կպահենք մարտ ամսին։

Ավելացնենք նաեւ, որ այս տարի պատվավոր ,,Քրիստիան,, մրցանակին կարժանանա չեխական կինոյի ու թատրոնի հայտնի դերասանուհի Իվա Յանզուրովան։

  • ,,Ֆեբիոֆեստ,,ում սովորաբար չեք ցուցադրում վավերագրական կինո։ Չե՞ք կարծում, որ այն նույնպես պետք է տեղ գտնի մրցութային ծրագրում։
  • ,,Ֆեբիոֆեստ,,ից մեկ շաբաթ առաջ Պրահայում ավարտվում է ,,Մեկ աշխարհ,, վավերագրական ֆիլմերի միջազգային կինոփառատոնը։ Հետեւաբար մենք չենք ցանկանում կենտրոնանալ դրա վրա, բայց վավերագրական կինոյի բաժին կլինի, եւ մենք կհամագործակցենք թե՛ ,,Մեկ աշխարհ,, թե՛ Յիհլավայի միջազգային կինոփառատոնների հետ։ Բայց կլինեն այն ֆիլմերը, որոնք ավելի հեղինակային են , ինչ որ չափով ե՛ւ գեղարվեստական են, ե՛ւ վավերագրական, որոնք ավելի գլոբալ թեմաների են անդրադառնում։ Մենք կցուցադրենք նոր վավերագրական ֆիլմեր, որոնք խորհուրդ կտամ նայել մեծ էկրանին, այլ ոչ թե միայն համացանցում։

 

 

Հ.Ասատրյան

Պրահա