Այս տարի նշվում է սիրված հայ պոետ ու մտավորական Վահան Տերյանի ծննդյան 135 ու մահվան 100-րդ տարելիցները:
՝Հայաստանի Ազգային գրադարանում էին հավաքվել տարբեր սերունդների ներկայացուցիչներ,գրաքննադատներ, գրողներ, մշակութային ու հասարակական գործիչներ, գրականագետներ, պատմաբաններ՝մասնակցելու գրական գեղարվեստական ցերեկույթի, որը կազմակերպել էին փետրվարի 12-ին, Հայաստանի Ազգային գրադարանը՝ «Տերյան մշակութային կենտրոն» հասարակական կազմակերպության հետ համատեղ:
Այն կրում էր «ՏԵՐՅԱՆԻ ՀԵՏ» խորագիրը։ Միջոցառումից առաջ գրադարանի մեծ ցուցասրահում բացվեց գրականության, ամսագրերի եւ ալբոմային հրատարակությունների ցուցադրություն՝ «Տերյանի բանաստեղծական արվեստը» խորագրով:
Միջոցառման ժամանակ բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ Տերյան Մշակութային հասարակական կենտրոնի նախագահ Առուշան Հակոբյանը: Իր ելույթի ընթացքում նա շնորհակալություն հայտնեց բոլոր կազմակերպիչներին, ի դեմս սիրված գրքօջախի տնօրեն Հրաչ Սարիբեկյանի ու Տերյան Մշակութային հասարակական կենտրոնի տնօրեն Լիլիթ Մելքոնյանի, ովքեր առանց ջանքեր խնայելու կազմակերպեցին այս գեղեցիկ ու գրական ցերեկույթը:
Հայ մեծանուն բանաստեղծի ստեղծագործությունները ներկայացրեցին սիրված մտավորականներ ու արվեստագետներ Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Արթուր Ութմազյանը,արտիստուհի Գրետա Մեջլումյանը, վաստակավոր արտիստ Սիլվա Յուզբաշյանը, Հանրապետական մրցույթների դափնեկիր ասմունքող Նարեկ Մարգարյանն,ինչպես նաև Վահան Տերյանի անվան դպրոցի սաները:
Այս գեղեցիկ միջոցառումը վարում էր սիրված հեռուստահաղորդավարուհի Կարինե Սարգսյանը։ Նա ժամանակ առ ժամանակ ընթերցում էր Տերյան Մշակութային հասարակական կենտրոնի նախագահ Առուշան Հակոբյանի վերջերս հրատարակած <<Տերյանի հետ>> ժողովածուից հատվածներ:
Միջոցառման ավարտին Առուշան Հակոբյանը կրկին շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին ու մասնակիցներին նշեց,որ հուլիսի 25-ից Տերյան Մշակութային հասարակական կենտրոնի կողմից տրվելու է սիրված պոետին նվիրված միջոցառումների մեկնարկն, որը կրելու է <<Տերյանական օրեր>> խորագիրը:
Գարիկ Ավետիսյան
Լուսանկարները Սիրարփի Կարապետյանի