Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

Փետրվարի 4-ին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Սլովենիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Տոմաժ Մենցինը (նստավայրը՝ Կիև):

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու առթիվ, հաջողություններ մաղթել և համոզմունք հայտնել, որ նա իր ակտիվ գործունեությամբ կնպաստի հայ-սլովենական հարաբերությունների առավել ամրապնդմանը:

Դեսպան Մենցինն իր հերթին նշել է, որ առավելագույն ջանքերը կներդնի երկու երկրների միջև համագործակցության առավել խորացման և ամրապնդման համար:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանն ու Սլովենիան՝ որպես փոքր, բայց հաջողակ երկրներ, ունեն լավ հարաբերություններ և դրանք ընդլայնելու ամուր հիմք:

Կարևորելով տնտեսական համագործակցության ակտիվացումը՝ նախագահն ասել է, որ երկկողմ առևտրատնտեսական կապերը դեռևս այդքան լավ զարգացած չեն, դրանք չեն համապատասխանում առկա ներուժին, մինչդեռ դրանք առաջ մղելու շատ հնարավորություններ կան:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ երկու երկրները կարող են հաջող համագործակցություն ծավալել կրթության, գիտության, նորագույն տեխնոլոգիաների, մասնավորապես՝ թվայնացման, արհեստական բանականության ոլորտներում: