Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

Դեկտեմբերի 19-ին Վիլնյուսում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Լիտվայի ազգային հանձնաժողովի գրասենյակում, Լիտվայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ տեղի ունեցավ Հովհաննես Թումանյանի հեքիաթների ժողովածուի լիտվերեն թարգմանության շնորհանդեսը։ Այս մասին տեղեկանում ենք Լիտվայում Հայաստանի դեսպանությունից։ 

Շնորհանդեսին ներկա էին Լիտվայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, մշակույթի գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։

Շնորհանդեսին բացման խոսքով հանդես եկան Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի Լիտվայի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Աստա Յունյեվիչիենեն և Odilė հրատարակչության տնօրեն Նիյոլե Կուոլիենեն։

Իր խոսքում դեսպան Մկրտչյանը նշեց, որ Հովհաննես Թումանյանը կամ ամենայն Հայոց բանաստեղծը հայկական մշակույթի մարմնացումն է ու հենասյուներից մեկը։ Դեսպանը նշեց, որ Հովհաննես Թումանյանի հանճարեղությունն իր պարզության մեջ է, նա բազմաժանր գրող է և նրա ստեղծագործություններում ընթերցողը կարողանում է գտնել առօրյա կյանքում հանդիպող այնպիսի երևույթներ, որոնք արտահայտում են մարդու կյանքի բոլոր բնագավառները։

Դեսպան Մկրտչյանը հավելեց նաև, որ Հովհաննես Թումանյանի 150-ամյակի ընդգրկումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարվա հոբելյանական իրադարձությունների օրացույցում զուտ Հայաստանի նախաձեռնությունը չի եղել, այդ նախաձեռնությանը միացել են նաև Ռուսաստանն ու Վրաստանը, այսինքն այդ երկրներում նույնպես Հովհաննես Թումանյանը համարվում է մշակույթային մեծ հետք թողած անհատականություն։

Եզրափակելով իր խոսքը դեսպան Մկրտչյանը շնորհակալություն հայտնեց լիտվական Odilė հրատարակչությանը ժողովածուի հրատարակությունն իրականացնելու համար, ՀՀ ԿԳՄՍ նախարարությամը և հայ համայմքի ղեկավար Արայիկ Թունյանին գրքի տպագրությանն աջակցություն ցուցաբերելու, ինչպես նաև Քրիստինե Ալբերտյանին՝ ժողովածուն թարգմանելու համար։ Դեսպանն ընդգծեց նաև գրքի նկարազարդող Նաիրա Մուրադյանի աշխատանքի գեղարվեստական մեծ արժեքը, որը կիրառվել է նաև գրքի լատիշական հրատարակության համար։

Իր հերթին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Լիտվայի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Աստա Յունյեվիչիենեն նշեց, որ Հովհաննես Թումանյանը մեծ ներդրում ունի հայկական և համաշխարհային մշակույթում և պատահական չէ, որ նրա 150-ամյակն ընդգրկել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարվա հոբելյանական իրադարձությունների օրացույցում։ Նա նշեց, որ Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունները առանձնահատուկ մթնոլորտ են պարունակում իրենց մեջ, որոնց հետ առնչվելիս ընթերցողը մի պահ ընկղմվում է իր մանկության ամենաջերմ հիշողություններ մեջ։

Odilė հրատարակչության տնօրեն Նիյոլե Կուոլիենեն իր հերթին շնորհակալություն հայտնեց Լիտվայում ՀՀ դեսպանությանը Ժողովածուի տպագրությունն իրենց վստահելու համար և նշեց, որ այն միանգամայն արդարացված էր, քանի որ լիտվական հասարակության շրջանում արդեն մեծ հետաքրքրություն կա Հ. Թումանյանի հեքիաթների ժողովածուի լիտվերեն տարբերակի նկատմամբ և այդ իսկ պատճառով հրատարակությունը քննարկում է հավելյալ հրատարակության հարցը։

Միջոցառման ընթացքում մշակութային ծրագրով հանդես եկավ Կլայպեդայի հայ համայնքի «Վան» պարային խմբակը, ինչպես նաև կազմակերպվեց Հովհաննես Թումանյանի հեքիաթների ժողովածուից «Անխելք մարդը» և «Սուտլիկ որսկանը» հեքիաթների ընթերցանություն՝ հայերենով և լիտվերենով։

Միջոցառման ավարտին Լիտվայում ՀՀ դեսպանության անունից կազմակերպվեց ընդունելություն ի նշանավորումն Հովհաննես Թումանյանի հեքիաթների ժողովածուի լիտվերեն թարգմանության։

 

orer.eu