Թանգարանում տեղադրվել են հայ գրողների կիսանդրիները՝ բուլղարհայ Հակոբ Մելքոնյանի եւ արցախցի Լեոնիդ Հուրունցի
Պլիսկա, Բուլղարիա – Նոյեմբերին Բուլղարիա կատարած ճանաչողական այցի շրջանակներում, նախապատրաստելով ,,Հայերը Բուլղարիայում,, հոդվածաշարը, այցելեցի նաեւ Պլիսկա հայտնի քաղաք, որը գտնվում է Վառնայից մեկ ժամ հեռավորության վրա։
212 թվականին Պլիսկան դարձել է Բուլղարիայի առաջին մայրաքաղաքը։ Այսօր այդ գրեթե մոռացված քաղաքին նոր շունչ է տվել մեր հայրենակից, 1993 թվականից Բուլղարիայում ապրող գործարար Կարեն Ալեքսանյանը, ում ջանքերով 2015 թվականի մայիսի 2-ին տեղի է ունեցել Բուլղարիայի պատմությանն ու քրիստոնեությանը, կիրիլիցային նվիրված աշխարհում առաջին թանգարանային համալիրի բացումը, որին կից գործում է նաեւ ,, Հին Պլիսկա,, հյուրանոցային համալիրը։
Թանգարանի տարածքում գործում են Բուլղարիայի պատմության կարեւոր թագավորների սիլիկոնից պատրաստված յոթ արձանիկները, տարբեր պատմական շրջաններին նվիրված գեղանկարչական աշխատանքների սրահը, ինչպես նաեւ կիրիլիցային նվիրված տառ-խաչքարերի բացօթյա ցուցահանդես, որի հեղինակը հայ քանդակագործ Ռուբեն Նալբանդյանն է։ Նա Հայաստանում՝ Օշականում Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեցեղու պուրակում տեղադրված հայտնի խաչտառերի հեղինակն է: Ամեն տառ իր խորհրդանիշն ունի, եւ շատ հաճախ կիրիլյան տառատեսակների մեջ կհայտնաբերեք ոչ միայն սլավոնական, այլեւ հայկական խորհրդանիշներ։ Այս տարածքում է տեղադրված նաեւ Ռուբեն Նալբանդյանի հեղինակած հայկական խաչքարը։
Կարեն Ալեքսանյան
Մեզ հետ զրույցում Կարեն Ալեքսանյանն ասաց, որ թանգարանը հիմնադրելիս ոգեշնչվել է Հայաստանում Ապարանի շրջանում գտնվող Հայոց այբուբենին նվիրված հուշահամալիրով, եւ նախաձեռնել է կիրիլյան այբուբենի հուշարձանային համալիրի ստեղծումը։ Նրա ասելով, հայկական խաչքարերի ոճով քանդակված կիրիլյան այբուբենի տառերն այցելուներին մեկ անգամ եւս հիշեցնում են, որ Հայաստանը առաջինը քրիստոնեությունը պետական կրոն հռչակած պետությունն է եւ խաչքարերի քանդակագործության արվեստը տարածված է միայն հայ ժողովրդի մոտ:
Կարեն Ալեքսանյանի ասելով , թանգարանը մեծ նշանակություն ունի բուլղարական մշակույթի համար։ Այստեղ պատմությունը ներկայացվում է ոչ միայն բոլորի համար մատչելի ձեւով, այլեւ սլավոնական աշխարհի երկրների համար վերածվել է մշակութային կենտրոնի։ Այստեղ շատ են գալիս դպրոցականների խմբեր, անցկացվում են տարբեր սեմինարներ ու գիտաժողովներ, անցկացվում է միջազգային սլավոնական փառատոն։ ,, Մենք շատ ուրախ ենք, որ մատաղ սերունդը հաճախում է այս թանգարանը։ Երբ բուլղարները դուրս են գալիս թանգարանից, հպարտության զգացում են ապրում,,- ասում է նա։
865 թվականին Բորիս 1-ին թագավորը ընդունել է քրիստոնեությունը, այդպիսով բուլղար ժողովուրդը քրիստոնեությունն ընդունած առաջին սլավոններից են։ Իսկ կիրիլյան այբուբենի՝ կիրիլիցայի ստեղծողներ Կիրլը եւ Մեֆոդին՝ Կյուրեղը(826-869) եւ Մեթոդիոսը ( 815-885) հայտնի բյուզանդացի աստածաբան եղբայրներ էին, որոնք մեծապես նպաստել են սլավոնական ազգերի զարգացմանը։ 863 թվականին բյուզանդական կայսրը Կյուրեղին և Մեթոդիոսին ուղարկել է Մորավիա/Չեխիա/՝ սլավոներեն լեզվով քրիստոնեություն քարոզելու։ Մեկնելուց առաջ Կյուրեղը ստեղծել է սլավոներեն այբուբենը և Մեթոդիոսի օգնությամբ հունարենից սլավոներենի թարգմանել մի քանի ժամագրքեր։ Այս առաքյալներին նվիրված արձանը տեղադրված է կիրիլյան այբուբենի խաչքարերի թանգարանային համալիրի մեջտեղում։
,,Կիրիլիցայի նստավայր,, կոչվող տարածքն ըստ Կ. Ալեքսանյանի, վերածվել է բուլղարական ազգային ոգու վերածննդի սրբավայրի։
2019-ի նոյեմբերի 1-ին Կիրիլյան այբուբենին նվիրված թանգարանի պուրակում տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն, որի ընթացքում ի թիվս 44 այլ հայտնի գրողների կիսանդրիների, բացվել են նաեւ բուլղարահայ գրող եւ հրապարակախոս, Սոֆիայի համալսարանի հայագիտության ամբիոնի հիմնադիր Հակոբ Մելքոնյանի և արցախցի գրող, արձակագիր Լեոնիդ Հուրունցի/1913-1982/ կիսանդրիները։ Նույն օրը բացվել են նաեւ բելառուս գրող Յ. Կուպալայի և բուլղարացի գրող Թեոդոր Պալանայի կիսանդրիները: Հակոբ Մելքոնյանի կիսանդրու հեղինակը Գագիկ Ստեփանյանն է, իսկ Հուրունցինը՝ արցախցի Յուրի Հովհաննիսյանը։ Այստեղ է գտնվում նաեւ բուլղարահայ հայտնի գրող, Բուլղարիայում Հայաստանի առաջին դեսպան Սեւդա Սեւանի հուշաքարը, որի հեղինակն է քանդակագործ Արշակ Տժիկյանը։
Այս պուրակում տեղադրվել են 22 ազգերի այն հայտնի գրողների կիսանդրիները, որոնք ստեղծագործել են կիրիլիցայով։ Այսպիսով այս տարածքը վերածվել է սլավոնական գրի ու գրականության տարածման կենտրոնի, որի միջոցով շատ այցելուներ ծանոթանում են, թե տարբեր ազգությամբ գրողները ինչպես են ստեղծագործել կիրիլիցայով։
Լեոնիդ Հուրունցի կիսանդրին
Հակոբ Մելքոնյանի կիսանդրին
Ի դեպ, նոյեմբերի 1-ին, կիսանդրիների հանդիսավոր բացման արարողության ժամանակ ներկա է եղել եւ իր օրհնության խոսքն է ասել Հայ Առաքելական եկեղեցու Ռումինիայի թեմի առաջնորդ եւ Բուլղարիայի թեմի առաջնորդական տեղապահ Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, ով նաեւ իր խոսքում ողջունել է Արցախի Հանրապետության ներկայացուցչին։ Նշենք, որ միջոցառմանը ելույթ է ունեցել Արցախի Հանրապետության մշակույթի նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, ով Լեոնիդ Հուրունցի ծննդավայրից՝ Նորշեն գյուղից հող է բերել եւ լցրել վերջինիս կիսանդրու պատվանդանի տակ։ Ողջույնի խոսք է ասել նաեւ քանդակագործ Յուրի Հովհաննիսյանը: Ձեռնարկը վարել է դիջեյ Գրիգոր Փանոսյանը, երգել են հայերեն երգեր, հնչել է նաեւ հայկական երաժշտություն, ծածանել են Հայաստանի ու Արցախի պետական դրոշները։ Ձեռնարկին ներկա են եղել նաեւ հասարակական ու քաղաքական, մշակութային ու համայնքային գործիչներ։
Նախագծի հեղինակի ասելով, մինչ այս համալիրի ստեղծումը Պլիսկա քաղաք այցելող զբոսաշրջիկների թիվն ընդամենը հասնում էր 30 հազարի, իսկ այսօր այն աճել է մինչեւ 60 հազարի՝ շնորհիվ այս թանգարանային համալիրի։
Հակոբ Ասատրյան
Վառնա-Պրահա
Սեւդա Սեւանի հուշաքարը