Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

Բալկանյան երկրների հայ համայնքներին ծանոթանալու նպատակով, այս տարի առաջին անգամ ժամանեցի Հյուսիսային Մակեդոնիա՝ մայրաքաղաք Սկոպյե, ուր հանդիպեցի փոքրաթիվ հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։

Մակեդոնահայերի մասին հոդվածը լույս կտեսնի ՕՐԵՐ ամսագրում, իսկ մինչ այդ կցանկանայի անդրադառնալ մի բացառիկ միջոցառման, որ տեղի ունեցավ նոյեմբերի 1-ին Սկոպյեում ՄԱԿ-ի գրասենայկում։ /Խիստ զբաղվածության եւ այլ ճամփորդությունների պատճառով, ժամանակին չկարողացա անդրադառնալ այս ձեռնարկին)։ Ինչու ՄԱԿ-ում, որովհետեւ այժմ գրասենյակի ղեկավարը մեր հայրենակցուհին է՝ միջազգային կառույցներում աշխատանքի մեծ փորձառությամբ Նարինե Սահակյանը։

Միջոցառման նախաձեռնողն ու հայերեն Այբբենարանի հեղինակը թարգմանչուհի Արմինե Փիլոյան Վրտեսկան է, ով ամուսնու՝ Յանե Վրտեսկու հետ միասին վարեցին հայկական ձեռնարկը, որին ներկա էր նաեւ Հ. Մակեդոնիայի տեղական ինքնակառավարման փոխնախարար Դեյան Պավլեւսկին։

Յանե Վրտեսկու ներածական խոսքին հաջորդեց Հայաստանի մասին պատմող փաստավավերագրական ֆիլմի ցուցադրությունը։ Արմինե Փիլոյանը պատմեց Այբբենարանի տպագրության աշխատանքային ընթացքի մասին։ Գրքերը ֆինանսավորել է Մակեդոնիայի մշակույթի նախարարությունը։ Հրատարակվել է Հ. Մակեդոնիայում, իսկ այս տարվա հոկտեմբերի 14-ին՝ Հայաստանի Ազգային գրադարանում տեղի է ունեցել գրքերի առաջին շնորհանդեսը։ Ինչու գրքերի, որովհետեւ բացի Այբբենարանից Արմինեն հրատարակել է նաեւ Հայերենի աշխատանքային տետր, որն ըստ էության կօգնի փոքրիկներին տառաճանաչ դառնալ հայերեն գրքույկ-տետրի միջոցով։

Այբբենարանում տրված է հայերեն 156 բառերի ոչ միայն մակեդոներեն թարգմանությունը, այլեւ կիրիլիցայով դրանց հայերեն տառադարձումը։

Հուզիչ էր հատկապես 12-ամյա Յովան Վելկովսկու հայերեն ասմունքը։ Նա դեռ չի խոսում հայերեն, բայց ձգտում էր ամեն կերպ ճիշտ արտաբերել Համո Սահյանի հայոց լեզվին նվիրված բանստեղծության խոսքերը։ Ի դեպ, Յովանն ընդամենը մորական կողմից է հայ, եւ այն էլ ¼-ով։ Ձեռնարկի ընթացքում առաջին անգամ վկայականներ ստացան ուսումնական տարվա ընթացքում հայերենի տառերն սերտած աշակերտները եւ մեծահասակները։

Միջոցառման ընթացքում հյուրերին ողջունեցին նաեւ Հ. Մակեդոնիայում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցչության ղեկավար Նարինե Սահակյանը, Մակեդոնիայի հայ համայնքի փոխնախագահ Վորտիք Քնալյանը, գործարար Արթուր Ավանյանը, ով շեշտեց օրվա հայկական միջավայրի խորհուրդը, որը ձեռնարկին ներկա փոքրիկները երբեք չեն մոռանա։  

ՕՐԵՐ ամսագրի կողմից շնորհավորելով ներկաներին եւ հատկապես Արմինեին ու Յանեին նման հայրենանվեր գործունեության համար, մաղթեցի, որ իրոք հայերեն լեզուն դառնա շփման միջոց բոլոր մակեդոնահայերի համար։ Զարմանալի չէ, որ Արմինե Փիլոյանի կազմակերպած հայկական դասընթացներին մասնակցում են նաեւ մեծահասակ մակեդոնահայերը, ովքեր այդպիսով փորձում են վերադառնալ իրենց արմատներին։

Ձեռնարկն ավարտվեց ջերմ ընդունելությամբ եւ հայկական ուտեստների հյուրասիրությամբ։

Հակոբ Ասատրյան

Սկոպյե-Պրահա