Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

2019թ. դեկտեմբերի 15-ին ԲՀ-ում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ Սոֆիայի
«Հայ ազգային տանը» տեղի ունեցավ մեծանուն հայ երգահան Կոմիտասի և Ամենայն
հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյաններին նվիրված
ամփոփիչ գալա-համերգը:


Ողջույնի խոսքով հանդես եկավ դեսպան Ա. Սարգսյանը, ով ներկայացրեց
միջոցառման խորհուրդը, նշելով, որ Կոմիտասի և Թումանյանի
ստեղծագործությունները հայտնի են ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի
տարբեր երկրներում: «ՅՈՒՆԵՍԿՕ-ն, ի նշանավորումն մեր մեծերի ստեղծած
մշակութային ժառանգության, Կոմիտասի և Թումանյանի 150-ամյակները ներառել է
«Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների  ցանկում»,- նշեց դեսպան
Ա. Սարգսյանը:

Նա ընդգծեց Կոմիտասի ժառանգության կարևորությունը Հայաստանի
պետականության և մշակույթի պահպանման գործում: «Առանց Կոմիտասի և
Թումանյանի հայկական մշակույթը չէր ունենա այն բովանդակությունն ու
զարգացման ընթացք, ինչ մենք ունենք այսօր» - նշեց դեսպանը:


Թումանյանի և Կոմիտասի կյանքի և ստեղծագործության հակիրճ նկարագիրը
ներկայացրեց Սոֆիայի հայկական կազմակերպությունների համադրիչ խորհրդի անդամ
Վ. Թոփակբաշյանը: ՀԲԸՄ կիրակնօրյա դպրոցի ուսուցչուհիները ընթերցեցին
հատվածներ Թումանյանի չափածո գործերից։


Համերգի երաժշտական մասում հնչեցին Կոմիտասի լավագույն և սիրված մեղեդիները
հատուկ այս նպատակով դեսպան Սարգսյանի նախաձեռնությամբ և անմիջական
մասնակցությամբ ստեղծված լարային քառյակի կատարմամբ:


Համերգն ունեցավ մեծ հաջողություն՝ արժանանալով հանդիսատեսի ջերմ
ընդունելությանը: Միջոցառման ավարտին դեսպան Սարգսյանը դեսպանության շնորհակալագրերով

պարգևատրեց դեկտեմբերի 1-ին Սոֆիայի ամենամյա բարեգործական տոնավաճառին
անմիջական և ակտիվ մասնակցություն ցուցաբերած հայ համայնքի շուրջ մեկ
տասնյակ ներկայացուցիչների:


Տոնական երեկոն, որի մասնակիցները դարձան Սոֆիայի հայ համայնքի բազմաթիվ
ներկայացուցիչներ, մշակույթի հայ և բուլղար գործիչներ, ՀՀ դեսպանության
անձնակազմը, եզրափակվեց ամանորյա հյուրասիրությամբ:

 

orer.eu