Սերբիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Հովակիմյանը /նստավայրը՝ Պրահա/ սերբական «Դանաս» օրաթերթում հոդված է հրապարակել: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն, հոդվածը կրում է «Հակահայկական քարոզչության ամենագռեհիկ մի տեսակ» խորագիրը:
Ներկայացնում ենք հոդվածի թարգմանությունը.
«2019թ․ նոյեմբերի 8-ին «Դանաս» օրաթերթում հրատարակված «Հակաթուրքական և հակաադրբեջանական քայլ» խորագրով հոդվածի կապակցությամբ, որի հեղինակը ներկայացել է որպես «իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Էլդար Հասանով».
- Պարոն Հասանովը, որն ի դեպ Սերբիայի Հանրապետությունում (և համատեղությամբ նաև Բոսնիայում և Հերցեգովինայում և Չեռնոգորիայում) Ադրբեջանի դեսպանն է, անհայտ պատճառներով որոշեց ներկայանալ որպես գիտնական: Գուցե այս քայլով նա ցանկանում էր իրեն ցուցադրել որպես օբյեկտիվ և անկողմնակալ հետազոտող, թեև դա նրան միանշանակ չի հաջողվել: Նրա ամբողջ հոդվածը ադրբեջանական պաշտոնական հակահայկական քարոզչության ցայտուն օրինակներից մեկն է՝ լի ստով, հնարանքներով և աբսուրդ հայտարարություններով: Ենթադրում եմ, որ պարոն Հասանովին ավելի հարմար էր ներկայանալ որպես «իրավագիտության դոկտոր», քան գործող դեսպան, որպեսզի ավելի հավաստիորեն ներկայացնի ոչ միայն ադրբեջանական քարոզչության դրույթները, այլև ստանձնի այլ երկրի՝ Թուրքիայի շահերի պաշտպանի դերը: Կարիք չուներ դա անելու, քանի որ առանց այդ էլ լավ հայտնի է, որ երկու երկրները վարում են ընդհանուր արտաքին և ռազմական քաղաքականություն, հատկապես, եթե խոսքը գնում է Հայաստանի, Արցախի, Հայոց ցեղասպանության ժխտման, նորաստեղծ պատմության կերտման, ատելության և, պարզապես, անիմաստ թեզերի տարածման մասին:
«Դոկտոր պրոֆեսորը» հստակորեն գերազանցեց «դեսպանին»:
- Պարոն Հասանովի հոդվածը լի է պրիմիտիվ ստերով, և ժամանակի կորուստ կարելի է համարել ամեն մի ստի առանձին-առանձին պատասխանելը: Սակայն իր զայրույթի և ատելության մեջ «դոկտորը» գերազանցում է ինքն իրեն: Մնում էր միայն, որ գրեր, թե մեծ Հայկական կայսրությունը դարերով ճնշում էր թուրքերին և ադրբեջանցիներին, մտել էր Առաջին համաշխարհային պատերազմի մեջ, պարտվել էր այդ պատերազմում և ցեղասպանություն և սպանդ էր իրագորեծել խեղճ և անզոր թուրքական բնակչության նկատմամբ՝ Սիրիայի անապատներ վտարելով ողջ մնացած թուրքերին և ադրբեջանցիներին:
Եվ այդ գործում, հատկապես 19-րդ դարում, հայերին էին աջակցում սերբերը, չեռնոգորցիները, հույները, բուլղարացիները, ասորիները, իսկ ավելի ուշ՝ կիպրոսցի հույները, քրդերը, եզդիները և այլն: Հասկանալի է, որ մի հրեշտակային էակ, որն «Աստծո օգնությամբ պայքարում է ճշմարտության համար» և որը անցյալ դարի 80-ականների վերջին և 90-ականների սկզբին՝ մինչև պրոֆեսոր/դեսպան դառնալը, բարձրագույն դիրքեր էր զբաղեցնում Ադրբեջանի ոստիկանությունում և գլխավոր դատախազությունում, և որն անձամբ էր պատասխանատու այն ամենի համար, ինչ իրականացվում էր հայերի նկատմամբ Ադրբեջանում և Արցախում, իր հիշողությունից ջնջել է Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, Մարաղայում հայերի կոտորածները:
Ավելին, նա վստահորեն ողջունում է «փառավոր» ադրբեջանցի զինվոր Ռամիլ Սաֆարովի հերոսացումը, որը ռազմադաշտ էր գտել Բուդապեշտում ՆԱՏՕ-ի հանրակացարանում, որտեղ ոչ պակաս «փառավոր» «Իսլամական պետության» ոճով կացնահարեց քնած հայ սպային, հետո ցմահ դատապարտվեց, սակայն պրոֆեսոր/դեսպանի գործընկերների մութ գործարքների շնորհիվ, այդ «խեղճ» տղան ոչ միայն հայտնվեց Ադրբեջանում ազատության մեջ, այլևս վայելում է ազգային հերոսի կարգավիճակ: Հանուն ճշմարտության համար պայքարող մեր մարտիկին վստահորեն հաճո էր 2016թ. ապրիլը, երբ Թալիշ գյուղում ադրբեջանական հատուկ ջոկատայինները ոճրագործություն էին իրականացնում անզեն հայ տարեց մարդկանց նկատմամբ:
Երկու եղբայրական ժողովուրդների անունից պրոֆեսոր/դեսպանը ծանր մատով է թափ տալիս. «դուք, հայերդ, մեզանից, թուրքերից, պահաջում եք ցեղասպանության ճանաչո՞ւմ: Ոչ միայն չենք ճանաչի այն իրական ցեղասպանությունը, որն իրականացրել ենք, այլևս մենք էլ ձեզ կհրամցնենք 2 միլիոն թուրքերի և 2,5 միլիոն ադրբեջանցիների ցեղասպանություններ»: Որքան մեղք են Դանաս թերթի ընթերցողները:
- Եվ վերջինը: Նման հոդվածները ոչ մի կերպ չեն նպաստում մեր տարածաշրջանում խաղաղության հաստատմանը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ քաղաքական կարգավորմանը:
Ատելության քարոզչության և հայտնի պատմական փաստերի ժխտման փոխարեն, ադրբեջանական և թուրքական բարձրաստիճան պաշտոնյաների այն պնդումների փոխարեն, թե Հայաստանը խանգարում է թյուրքական ժողովուրդների միասնությանը և թե Հայաստանի Հանրապետությունը, ներառյալ նրա մայրաքաղաք Երևանը պետք է գոյություն չունենան, քանի որ հանդիսանում են «պատմական Ադրբեջանի մաս», ավելի լավ կլիներ, որպեսզի պաշտոնական Բաքուն և նրա հետ միասին նաև պաշտոնական Անկարան, և բոլոր պրոֆեսորներ/դեսպանները և դեսպաններ/պրոֆեսորները ընդունեն Հայաստանի վարչապետի առաջարկը՝ գտնելու խաղաղ փոխզիջումային հանգուցալուծում, որը լավագույնս կհասցեագրեր Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների շահերը:
Աշոտ Հովակիմյան
Հայաստանի Հանրապետության դեսպան Չեխիայի Հանրապետությունում, Սերբիայի Հանրապետությունում, Սլովենիայի Հանրապետությունում, Չեռնոգորիայում (նստավայրը՝ Պրահա)
Սլավոնագիտության դոկտոր (որպեսզի հարցեր չառաջանան)»: