Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Փորձագետ Սերոբ  Խաչատրյանի խոսքը «Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած  «Հանրակրթություն. խնդիրներ, հիմնահարցեր» թեմայով հանդիպում-քննարկման ժամանակ

Հայաստանում կրթության կառավարումը եղել է կուսակցական, իսկ բոլոր նախարարները՝ կուսակցական առաջնորդներ: Այսինքն, կրթության ոլորտի կառավարումը 21-րդ դարում ոչ մի նախագահ ու վարչապետ չի վստահում պրոֆեսիոնալների, նույնիսկ շարքային կուսակցականների: Կրթության  համակարգը  շարունակում է մնալ քաղաքական թոհուբոհի մեջ, իսկ դա ազդում է կրթության վրա:

Սրան գումարած նաև այն, որ  սխալմամբ 3 նախարարություն միացրեցինք, այսինքն հսկայական հանրային խմբի հետ աշխատող նախարարությանը կցեցինք մշակույթի և սպորտի  «ռումբային» ոլորտները, և, ըստ էության, նախարարին, ինչ-որ իմաստով, դրեցինք հանրային «գնդացրի» տակ, որովհետև այս պայթյունավտանգ համակարգերը շատ դժվար է կառավարել: Եվ տեսակետը, որ ոլորտները մոտ են կամ  նման, համոզիչ չէ, քանի որ Հայաստանում խնդիրները շատ են և նախարարությունը չի կարող միաժամանակ մի քանի ոլորտ կառավարել: Գալով հանրակրթությանը. մենք չգիտենք էլ, թե հիմա  ինչ հանրակրթություն ենք կառուցում, այն դեպքում, երբ 2010 թվականից մինչ օրս կրթության ոլորտում ռազմավարական ոչ մի կարևոր փաստաթուղթ չենք ընդունել և, ցավոք, 2019-ն  էլ կավարտվի նույն տրամաբանությամբ:

Հիմա էլ նախարարությունը բերել է բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքը, բայց նախագիծը դեռ պաշտոնապես չընդունված՝ «ռմբահարումը» սկսվել է, չնայած, որ ամենամեծ ռումբը, որը գիտության և կրթության միավորման հարցն է, դեռ ավելի մեծ խնդիր է առաջացնելու, քան հայոց լեզվինը: Եվ, ձախողման թիվ մեկ պատճառը, իմ կարծիքով այն է, որ ոչ մի նախարար մինչև հիմա չի կարողացել հիմնավորել, որ այն, ինչ արվում է, հեռանկարային է: Մեզ պետք է մի փաստաթուղթ, որը կարող է լինել ընդամենը հինգ էջ, բայց որտեղ մենք կկարողանանք հստակ տեսնել էդ փոփոխությունների ճանապարհային քարտեզը:

Նախարարությունը պետք է կարողանա մարդկանց համոզել, որ նախանշված փոփոխությունների հաջորդականությունն իր հետ իրավիճակի փոփոխություն կբերի և մենք պետք է համոզվենք, որ այդ գաղափարների համադրումը դրական փոփոխությունների կբերի և ուսուցիչները, դասախոսներն ու վարչական կազմը կհավատա և կհամաձայնի դաշտում փոփոխությունների գնալ: Այժմ նախարարությունը  նախատեսում է ավագ դպրոցում 6 քննություն ներդնել, որպեսզի աշակերտն ամեն կիսամյակ ընդունելության քննությունները կտոր-կտոր հանձնելով՝  միասնական քննություն չտա: Նախարարը ցանկանում է իրեն կից աշակերտական խորհուրդ ստեղծել, ուզում է մաթեմատիկայի և հայոց լեզվի ուսուցիչներին քննությունով ընդունել:

Շատ լավ ցանկ է, բայց, քանի որ կրթական փոփոխությունները դժվար է հաշվարկել, ուզում եմ հասկանալ, այս ամենից հետո  կրթական համակարգը կփոխվի՞, թե որոշակի փոփոխություններ կլինեն, բայց կընկնենք «կոբրայի էֆեկտի» տակ, երբ ինչ- որ բան փոխում ես, սակայն արդյունքն  ավելի վատ է լինում:

«Երեւակ» լրատվավերլուծական խումբ