Գաբրիել Սունդուկյանի անվան Ազգային Ակադեմիական Թատրոնում առաջին անգամ բեմադրվել է << Թռիչք կկվի բնի վրայով>> դրաման, որի առաջնախաղը կկայանա նոյեմբերի 29-ին:
Սա պատմություն է այն մասին, թե ինչպես է մարդ արարածը ընդվզում հիվանդ իրականության դեմ։ Զոհաբերելով ինքն իրեն, փորձում է հույս ներշնչել ապրելու բոլոր նրանց, ովքեր մոլորվել են և փորձում են փախուստի դիմել իրականությունից։ Բանտից խուսափելու համար Ռենդլ Պատրիկ Մաքմերֆին ձևացնում է իրեն խելագար և հայտնվում է հոգեբուժարանում:Նրան զարմացնում է այն, թե ինչու են հիվանդները համակերպվում այստեղ տիրող կարգերի հետ, ավելին շատերը իրենց կամքով են եկել հիվանդանոց՝արտաքին աշխարհից փախչելու համար: Մաքմերֆին սկսում է ապստամբել՝ ընդվզում է հոգեբուժարանի գլխավոր բուժքրոջ՝ Ռեթչեդի սահմանած կանոնների դեմ և որոշում է հեղափոխություն անել հիվանդների կյանքում:
Բեմադրության և վարկածի հեղինակն է՝ ՀՀ Ժողովրդական արտիստ Արմեն Էլբակյանը, բեմանկարիչը՝ Գարեգին Եվանգուլյանը, զգեստների նկարիչը՝ Մերի Սարգսյանը,կոմպոզիտորը՝ Գարի Քյոսայանը, երաժշտական ձևաորումը և պլաստիկան Հայկ Իսրայելյանի: Դերերը կատարում են՝ Արմեն Մարգարյանը, Դավիթ Գասպարյանը, Անի Պետրոսյանը, Լուսինե Կոստանյանը, Ռոման Բաբայանը, Սամվել Բաղինյանը, Մեսրոպ Աբտոյանը, Անդրանիկ Զաքարյանը, Արթուր Հարությունյանը, Արմեն Քուշկյանը, Ռոբերտ Հարությունյանը, Արա Կարագյանը, Հովհաննես Գասպարյանը, Անահիտ Մութաֆյանը, Տաթևիկ Միրզոյանը,Գագիկ Ադիլխանովը,Ստեփան Շահինյանը:
Ներկայացման մեջ հանդես է եկել 22 դերասան, կան մասսայական տեսարաններ, պլաստիկ լուծումներ: Բեմադրիչ Արմեն Էլբակյանի խոսքերով աշխատանքը բավականին ծանր էր, ֆինանսական առումով՝ իրենց ուժերով են արել:Այս մասին նա հայտնեց նոյեմբերի 27-ին թատրոնում անցկացված մամուլի ասուլիսում:
Մամլո ասուլիսին մասնակցում էին տնօրեն Վարդան Մկրտչյանը, գեղարվեստական ղեկավար ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Էլբակյանը, կոմպոզիտոր Գարի Քյոսայանը և գլխավոր դերակատար Արմեն Մարգարյանը:
Թատրոնի տնօրենի խոսքերով յուրաքանչյուր նոր բեմադրություն ու թատերաշրջան տոն ու հարստություն է բոլորի համար: Իսկ ինչ վերաբերվում է ներկայացմանն, ապա կարող եմ ասել,որ այն փայլուն, մայրաքաղաքային ու օրինակելի է, իր հմուտ ու արհեստավարժ անձնակազմի հետ:Իր խոսքի վերջում նա շնորհակալություն հայտնեց ամբողջ անձնակազմին գեղեցիկ բեմադրության ու այն պատշաճ կազմակերպելու համար: Իր խոսքն ամփոփեց հումորային արձագանքով. «Խնդրում եմ չքաղաքականացնել, սա մշակութային օջախ է»:
Թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը բացատրեց, թե ինչու է բեմադրել այդ գործը հատկապես հրաշալի ֆիլմից հետո. «Ես շատ հավանում եմ ֆիլմը, հրաշալի ֆիլմ է։ Ֆիլմն իր ժամանակի մեջ շատ մեծ գործ արեց, բայց ամենամեծ գործն արել է Քեն Քիզին՝ գրելով այս հրաշալի ստեղծագործությունը, որն, ըստ իս, 20-րդ դարի լավագույն գրական ստեղծագործություններից է։ Այդ պարագայում հարց է ծագում, թե ինչու թատրոնները չպետք է անդրադառնան դրան և ինչու պետք է այսօր մենք նորից ու նորից չփորձենք հասկանալ, թե ինչ բան է տոտալիտար ռեժիմը, թե ինչ բան է մարդ արարածին հասցնել այնպիսի վիճակի, որպեսզի նա փախուստ գործի իրականությունից: Այս վեպը շատ լավ առիթ էր այդ հարցերը բարձրացնելու համար»: Նրա խոսքով, գրական ստեղծագործությունները յուրաքանչյուր արվեստագետ, մարդ, որը հարթակ կամ էկրան է բարձրացնում, մեկնաբանում է յուրովի, իր ժամանակին համապատասխան։
«Այս ստեղծագործությունը խիստ ժամանակակից հնչեղություն ունի, շատ աղերսներ ունի մեր ժամանակի հետ: Իհարկե, որոշ հարցեր ունենք կապված այն բանի հետ, թե ինչպես ենք պատկերացնում ժամանակը: Մենք փորձել ենք խախտել ժամանակը, քանի որ այս ամեն ինչը, ինչ կատարվում է այս գործի մեջ, ժամանակ չունի, ժամանակից դուրս է: Ինքը և ժամանակ ունի, և չունի: Ժամանակաշրջանը չի կարևոր, այլ այն, թե որն է ապրելու նպատակը, ինչպես պետք է փորձի մարդ արարածն ազատագրվել մեր շուրջ տիրող քաոսից»,- ընդգծեց Ա. Էլբակյանը:
Հարցին, թե արդյո՞ք շատ եք հեռացել սցենարից, Արմեն Էլբակյանը պատասխանեց, որ ֆիլմի սցենարն է շատ հեռացել վեպից, իրենք փորձել են հարազատ մնալ վեպին. «Եթե ֆիլմում այս պատմությունը պատմվում է ռեժիսորի աչքերով, այս պարագայում պատմվում է հնդկացու աչքերով, ինչպես և գրել է Քեն Քիզին: Մենք օգտվել ենք բնօրինակից, փորձել ենք նայել Քիզիի դիրքից՝ նրա գրած վեպի ֆաբուլայի ընթացքը պահպանելով»: Ներկայացման գլխավոր դերակատար, ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Մարգարյանն (Մաք Մըրֆի) ասաց, որ կերպարը ստեղծելիս չի փորձել համեմատություն անցկացնել ֆիլմի գլխավոր դերակատար Ջեք Նիկոլսոնի հետ:
«Համեմատություններ չեմ արել, նույնիսկ ամեն կերպ փորձում էի ֆիլմը նորից չնայել, որովհետև վաղուց եմ նայել: Հանդես եմ գալիս իմ հնարավորությունների սահմաններում և ըստ ռեժիսորի պահանջների»,- ասաց դերասանը: Կոմպոզիտոր Գարի Քյոսայանը, խոսելով բեմադրության երաժշտության մասին ասաց, որ Արմեն Էլբակյանի ձեռագիրը համապատասխանում է իր մտածելակերպի հետ: «Կերպարների ստեղծման, ամեն ինչի մեջ շատ կարևոր հոգեբանական նուրբ պահեր կան, որ երաժշտությունն արդեն բխում է սցենարից, մտածելակերպից: Իր իդեաները շատ երաժշտական են: Ինձ համար շատ հեշտ է երաժշտություն գրել ու աշխատել Արմեն Էլբակյանի հետ: Ստեղծագործության մեջ կա գլխավոր թեմա, երկու լրացուցիչ թեմա, դասականի և ջազի խառնուրդն է»,- նշեց Գ. Քյոսայանը:
Իսկ Արմեն Էլբակյանը շարունակելով երաժշտության մասին միտքն, ասաց որ երաժշտությունը դրամատուրգիական կառուցվածք ունի:Այսպիսով՝ ներկայացումն այս տարի թատրոնի բեմում կլինի նաև նոյեմբերի 30-ին, դեկտեմբերի 6-ին և 13-ին, այնուհետև՝ արդեն հունվարի վերջին:
Հուսանք,որ ներկայացումը կգտնի իր հանդիսատեսին ու կբավարարի խստապահանջ թատերասեր հասարակության ու թատերագետների սպասելիքները
Գարիկ Ավետիսյան
Լուսանկարները Սիրարփի Կարապետյանի