Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

«Նրանց արյունը այս հողում պիտի պտղաբերի ու գեղեցիկ ծիլեր պիտի պարգևի»

Երեքշաբթի` 2019-ի նոյեմբերի 12-ին, Գամիշլիի Սուրբ Հովսեփ  Հայ Կաթողիկէ առաջնորդանիստ եկեղեցում, Հայ Կաթողիկէ համայնքի եպիսկոպոսական փոխանորդ առաջնորդ Գերհ. Անդրանիկ Ծ. Վ. Այվազյանի  գլխավորությամբ տեղի ունեցավ Հայ Կաթողիկէ համայնքի հովիվ, երկուշաբթի՝ նոյեմբերի 11-ին վայրագորեն սպանված նահատակ Տեր Հովսեփ Պետոյանին ու նրա հոր հուղարկավորության արարողությունը, որին իրենց մասնակցությունը բերեցին Հայ Առաքելական քոյր Եկեղեցու կաթողիկոսական տեղապահը և մյուս քույր եկեղեցիների հոգևոր ներկայացուցիչներ, հայ համայնքի հավատացյալները, ինչպես նաև իսլամական հասարակության անդամներ, ի նշան զորակցության և միության։

 

Այս տխուր առիթով արտասանած իր քարոզի մեջ Գերհ. Այվազյանը ընդգծելով հանգուցյալ քահանայի նվիրական ծառայության հոգին՝ շեշտեց, թե Տ. Հովսեփը նահատակն է համայն քրիստոնեության, նաև սիրիական հայրենիքի։

 

Գերհ. Այվազյան մեկ հայտարարությամբ հանդես գալով՝ նշել էր, թէ Սիրիայում հայերը լիիրաւ մասն են հասարակության ու երկրի, և թէ Տեր Յովսէփը նահատակվեց կատարէր իր հովվական պարտականությունը, այն է մոտիկ լինել իրեն հանձնված հոտին, հոգ տանել նրանց հոգևոր և նյութական կարիքներին, հատկապես  Սիրիայի  պես երկրում, ուր տարիների պատերազմն առաջացրել է ավեր ու կործանում, իսկ բնակչությանը մատնել է հուսահատության։

 

Գերհարգելի Այվազյանը Տեր Հովսեփին նկարագրած է որպես վեհանձն առաքյալի, միշտ պատրաստ՝ օգնելու ուրիշին, ժպտերես և հպարտ իր կոչմամբ։

 

«Ես մեծ վստահություն ունեի իր վրա և նրա մահը ինձ համար մեծ կորուստ է». ասել է Գերհարգելի Այվազյանը, որ շեշտել է թէ Հայր Հովսեփն ու նրա հայրը նահատակներ են, որոնք իրենց կյանքը տվեցին երկրի ազատության համար։ Նրանց արյունը այս հողում պիտի պտղաբերի ու գեղեցիկ ծիլեր պիտի պարգևի». ավելացրել է Այվազյան գերապայծառը։

 

Ռոբեր Ադդարյան

Vatican News, հայկական բաժին 

 

Հիշեցնենք, որ   2019թ. նոյեմբերի 11-ի առաւօտեան ահաբեկիչների ձեռքով վայրագօրեն սպաննուել է Սիրիայի Գամիշլի բնակավայրի հայ կաթողիկէ համայնքի ժողովրդապետ, հոգևոր հովիւ Արժ. Տ. Յովսէփ Քհն. Պետոյանը:

Տ. Յովսէփը սպաննուել է Հասաքիե-Դեր Զոր ճանապարհին, ըստ երևոյթին, ահաբեկիչների կողմից արձակուած կրակոցներից: Տէր Հօր մեքենայում եղել են նաև նրա հայրը և Ֆադի Սանո Սարկաւագը: Հայրը մահացել է տեղում, քահանան մահացել է հիւանդանոց տեղափոխուելու ճանապարհին, իսկ սարկաւագը գտնւում է հիւանդանոցում՝ ծանր վիճակում: Յայտնի է, որ Տ. Յովսէփ Պետոյանը գնում էր Դեր Զորի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցին: Ցաւագին զուգադիպութեամբ, ողբերգական դէպքը պատահել է Շիդդադե կոչուող մի վայրում, որտեղ տեղի ունեցել 1915-ի հայկական ցեղասպանութեան վերջին կոտորածը:

Տ. Յովսէփ Քհն. Պետոյանը ունի մէկ որդի և երկու դուստր: Քահանայական ձեռնադրութիւնն ընդունել է 2014թ.՝ ձեռամբ Արհ. Տ. Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանի, Հայաստանի Արևիկ համայնքում: 2014-ից ծառայում էր Գամիշլիում, որտեղ և ապրում էր ընտանիքով: Հիմնել է Գամիշլիի Սուրբ Յովսէփի երիտասարդական միութիւնը, կազմակերպում էր նաև տեղում գործող այլ միութիւնների՝ Սրբուհի Ռիտայի, Սրբուհի Թերեզայի միութիւնների աշխատանքը:

Տ. Յովսէփը մի քանի ամիս ծառայել է նաև Հայաստանի կաթողիկէ համայնքներում, 2017-2018թթ. մասնակցել է Աղաջանյան կենտրոնում տեղի ունեցող Երիտասարդական համայնքային օրերին: Սիրում էր աշխատել երեխաների և երիտասարդների հետ և իր կենսուրախ, աշխոյժ բնաւորութեամբ սիրելի էր բոլորի համար:

Տ. Յովսէփ Քհն. Պետոյանը ունի մէկ որդի և երկու դուստր: Քահանայական ձեռնադրութիւնն ընդունել է 2014թ.՝ ձեռամբ Արհ. Տ. Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանի

Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի:

Տ. Հովսեփ Գալստյան

 

Ֆրանցիսկոս Քահանայապետը իր սրտակցությունն է հայտնել՝ Տ. Հովսեփ Պետոյանի և նրա հոր մահվան կապակցությամբ

Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետն իր թվիթերյան էջում գրառում է կատարել Արժ. Տ. Հովսեփ Քհն. Պետոյանի սպանության կապակցությամբ: Նորին Սրբությունը գրել է.

«Ես մոտ եմ Սիրիայի Գամիշլիի հայ կաթողիկէներին, որ այսօր հավաքվում են՝ հուղարկավորելու իրենց համայնքի հոգևոր հովվին՝ Տ. Հովսեփ Պետոյանին, ով սպանվեց երեկ՝ իր հոր հետ միասին: Ես աղոթում եմ նրանց համար, նրանց ընտանիքների համար և Սիրիայի բոլոր քրիստոնյաների համար»: 

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Սիրիայի Դեր Զորի նահանգում կատարված ահաբեկչական գործողության կապակցությամբ

Խստորեն դատապարտում ենք Սիրիայի Դեր Զորի նահանգում կատարված ահաբեկչական գործողությունը, որի արդյունքում դաժանաբար սպանվել են Կամիշլիի Հայ Կաթողիկե եկեղեցու հոգևոր հովիվ Հովսեփ քահանա Պետոյանն ու նրա հայրը՝ Հանա Աբրահամ քահանա Պետոյանը, վիրավորվել է եկեղեցու սարկավագը:  

Հոգևորականների կյանքն ընդհատվեց այն պահին, երբ նրանք ծառայություն էին մատուցում պատերազմից հյուծված Դեր Զորի համայնքին։ Ըստ տարբեր աղբյուրների՝ հոգևորականների սպանության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը:

Վերջին ամսվա ընթացքում Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող ռազմական ներխուժումը և դրա արդյունքում ակտիվացած ահաբեկչական գործունեությունը հատկապես խոցելի են դարձնում քաղաքացիական բնակչությանը, այդ թվում ազգային և կրոնական փոքրամասնություններին։ Ինքնության հողի վրա շարունակվող հետապնդումներն ու սպանությունները վճռականորեն պետք է դատապարտվեն միջազգային հանրության կողմից։ 

Մեր խորին ցավակցություններն ու զորակցությունն ենք հայտնում զոհվածների հարազատներին, Սիրիայի Հայ կաթողիկե համայնքին և ողջ սիրիահայությանը՝ մաղթելով ուժ, տոկունություն և ոգու ամրություն:

Հայաստանը շարունակելու է մարդասիրական աջակցությամբ իր ներդրումը բերել Սիրիայում մարդասիրական իրավիճակի կայունացման գործին։