Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

2019 թ., նոյեմբերի 9… երեկոն բացված է: Կրկին Քենսինգթոնի Սուրբ Քաթբերդ եկեղեցու կամարների ներքո  մեզ  միավորել  էր գեղեցիկ արվեստն ու հիանալի երաժշտությունը, որը  պարզ էր ու բազմաբարդ  իր ելևէջներով, հարազատ էր և զարմանալի՝  յուրօրինակ հնչողության բերումով, ազգային էր և համամարդկային, ինչպես որ համամարդկային են սերը, բարությունը, բնության  և գեղեցիկի ընկալումը:

Ահա և անմահության բանալին. լինել այնպիսի մարդ և ստեղծագործող, ազգի ու մշակույթի նվիրյալ, որ ֆիզիկական բացակայությունիցդ  տասնյակ տարիներ անց աշխարհի մեծագույն քաղաքներից մեկում՝ Լոնդոնում հավաքվեն ռուսը, մալթացին, բուլղարացին, կիպրոսցին, հույնը, վրացին, բրիտանացին և իհարկե հայը և տոնեն  քո ծննդյան հոբելյանը: Աստվածային երաժշտությունը հնչեց, Լորդ Գորդոն Բայրոնը կասեր «աստվածների լեզվով» բրիտանական հոգևոր տաճարի սրահներում՝ վեհաշուք սրբապատկերների ֆոնի վրա:

Լոնդոնահայ համայնքն ու միջազգային երաժշտասեր հանրությունը, հանրահայտ տենոր և դիրիժոր Սիփան Օլահի նախաձեռնությամբ և ջանքերով տոնում էր Կոմիտասի ծննդյան հարյուր հիսուն տարին:

Միջոցառումն այս անգամ աննախադեպ  ծավալներ ուներ ո’չ միայն այն առումով, որ հավաքվել էր  հայ դասական երաժշտությամբ հետաքրքրված ավելի քան 300 հոգուց բաղկացած հանդիսատես, այլև  ելույթ ունեցող երաժիշտներն էլ Լոնդոն էին ժամանել աշխարհի տարբեր ծեգերից. ներկա էին նաև այդ երկրների դեսպանության ներկայացուցիչները: Միջոցառման կազմակերպիչներին իրենց ողջույնի խոսքն  էին հղել մի շարք պատկառելի բարձրաստիճան անձինք, մասնավորապես Բարոնուհի Քերոլայն  Քոքսը, Քենսինգթոնի քաղաքապետ Ուիլ Պակալը, Հայաստանի Հանրապետության՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար  Նարինե Խաչատուրյանը, անգլիկան եկեղեցու բարձրաստիճան հոգևորական Փոլ Բեգոթը:

Երեկոն  վարում էին հայտնի դերասանուհի և հեռուստատեսության ու ռադիոյի հաղորդավար Վասուլա Քրիստոդուլուն և պոետ, լեզվաբան Կարեն Եղիկյանը, որոնք միջոցառման ողջ ընթացքում  լուսաբանեցին  Կոմիտասի  երաժշտական ժառանգության հետ կապված հետաքրքիր մանրամասներ,  մեջբերեցին հայ և համաշխարհային մշակույթի մեծերի խոսքերը նրա գործերի մասին, անդրադարձան  նրա առեղծվածներով լեցուն կյանքի դրվագներին և, անշուշտ,  մենք բոլորս ունկնդրեցինք  այն հիանալի երաժշտությունը, որը նրան անմահացրել է և ինչպես հայ հանճարեղ պոետ Պարույր Սևակը կասեր «հավիտյան բույն է դրել մեր հոգու մեջ»…

Ծրագիրը՝ համառոտ.

Բեմահարթակում է լարային քառյակը՝ Մարիամ Սարգսյան - առաջին ջութակ, Հայաստան, ՄԲ, Լյուդմիլա Լուգովսկայա -  երկրորդ ջութակ, Ռուսաստան, ՄԲ, Փոլ Լիվինգթոն - ալտ, Մեծ Բրիտանիա,  Սոֆիկո Տվաուրի – թավջութակ, Վրաստան, ՄԲ: Յուրաքանչյուր ստեղծագործություն առանձնահատուկ է իր մելոդիկ լադերով, գունային գամմայով և ռիթմիկ  պատկերով- «Էջմիածնի պար», «Շողեր ջան», «Չինար ես», «Կաքավիկ»:

Մենք ունկնդրեցինք նաև դաշնամուրային ստեղծագործություն՝ չափազանց  լիրիկական, թրթիռային, մի քիչ մելամաղձոտ և անչափ եթերային… «Շուշիկի» - դաշնամուր՝ Եվգենիա Տերենտիևա, Ռուսաստան, ՄԲ:

Հայի ինքնությունն ապրում է լեռնային գեղատեսիլ բնաշխարհում՝ բուրումնավետ  ծաղիկներով պատված սարերի լանջերին, վճիտ գետակների ձայնը լսելով, սիրելով և երգեր ձոնելով իր սիրեցյալին: «Էս առուն, «Ես սարեն կուգայի», «Զինչ ու զինչ», Կատարինա Մինա – սոպրանո, Կիպրոս,ՄԲ:

«Հայաստա՜ն, երկիր դրախտավայր» - բեմահարթակում այս նախաձեռության կազմակերպիչ, երաժշտական ղեկավար և դիրիժոր, սիրված տենոր Սիփան Օլահն է –Հայաստան, ՄԲ:

«Կռունկ»- օտար ափերում դեգերող հայորդին հայրենիքի մասին լուր է ակնկալում կռունկից և այդ ամենն արտահայտվում է ջութակի կատարմամբ:    Մարիամ Սարգսյան – ջութակ-  ՄԲ, Հայաստան:

Սիրո թեմայով բազմաթիվ երգեր է գրել Կոմիտասը, որոնցում լավագույնս արտացոլված են հայ երիտասարդ աղջկա կամ տղայի ջերմ զգացմունքներն ու գեղեցիկի ընկալումը: «Քելե- քելե», «Ախ մարալ ջան», «Էրվում եմ» -Հելեն Ռոթշել - Մեծ Բրիտանիա:

Բեմահարթակում ծիրանենին է՝ հայ աղջկա կերպարում մարմին առած… «Ծիրանի ծառ» Հայարփի Եղիկյան, սոպրանո – Հայաստան,ՄԲ:

Եվս մեկ երկխոսություն մարդու և բնության, սարերի, ծառերի, միջև: «Ալագյազ», «Խնկի ծառ» - Անջելո Մուսկատ – Մալթա:

Ազատ երկնքում ճախրող այս թռչնակը՝ ծիծեռնակը, հաղորդակցության մեջ է կարոտից տառապող մարդու հետ, լսում է նրա հոգու ձայնը և փորձում այն հասցնել հայրենիքում ապրող հարազատներին. Հիանալի գեղարվեստական պատկեր, տպավորիչ մեղեդային թրթռումներ: «Ծիծեռնակ»- Անդրիանա Յորդանովա – Բուլղարիա, Մալթա:

Ծրագիրը չափազանց բազմազան էր, որպեսզի չընդգրկեր այս սիրերգային կատակ երգը «Հաբրբան» - Սիփան Օլահ – տենոր, Հայարփի Եղիկյան – սոպրանո, Մարիամ Սարգսյան – ջութակ, Եվգենիա Տերենտևա – դաշնամուր:

Համերգի երկրորդ հատվածում հանդիսականները վայելեցին Կոմիտասի մի շարք խմբերգային ստեղծագործություններ՝ երգիչների պրոֆեսիոնալ անսամբլի, ապա  Քլինգեն երգչախմբի կատարմամբ` դիրիժոր Սիփան Օլահի ղեկավարությամբ: Անսամբլը ներկայացրեց հոգևոր երգերի՝ «Հայր մեր», «Սուրբ-սուրբ», «Հայրապետական մաղթանք» հիանալի շարան, ապա նաև՝ «Պուճուր աղջիկ», «Առավոտ լուսաբեր», «Յար ջան արի», «Գարուն ա» կոմիտասյան երգերի  մարգարտահատիկները: Քլինգեն երգչախումբը  ելույթը սկսեց «Անձրևն եկավ-ով, շարունակեց կոմիտասյան պայծառ երգերի շարքով և իր ելույթն ավարտեց «Գութաներգ»-ով, որին միացավ նաև պրոֆեսիոնալ երգիչների կազմը:

Արդեն ավանդույթ է դարձել. ակնդրեցինք նաև լիբանանահայ նկարչուհի Լիոնի Փիլարդի՝ այս անգամ արդեն կոմիտասյան թեմաներով ստեղծագործությունները: Ցուցահանդեսով հանդես եկավ նաև ազգային տարազներով հանդերձավորված տիկնիկների վարպետ՝ Ալիս Մարտիրոսյանը:

Շնորհակալություն այն բոլոր մարդկանց, ում ջանքերի և կամեցողության շնորհիվ հնարավոր եղավ այս միջոցառման իրականացումը, այն մարդկանց, ովքեր չլինելով հայ՝ հիանում են մեր երաժշտությամբ այնքան, որ իրենց երաժշտական կրթական հաստատություններում հնչեցնում են կոմիտասյան անմահ երգերը, համերգների երգացանկը հարստացնում են այդ ստեղծագործություններով. այո՛, խոսքս բուլղարացի  սոպրանո Անդրիանա Յորդանովայի մասին է, որը Կոմիտասի «Ծիծեռնակի» անզուգական կատարողներից մեկն է աշխարհում… Շնորհակալություն այն մարդկանց, ովքեր վայելում էին համերգն արցունքոտ աչքերով և ում հոգին թրթռում  էր հիանալի մեղեդիներից: Եվ խորին շնորհակալություն այն տաղանդավոր երիտասարդին՝ Սիփան Օլահին, ով հսկայական ջանքերի, քանքարի ուժով կարողացավ  իրականացնել այս հիանալի միջոցառումը: Ծափողջույններ…

Նաիրուհի Պետրոսյան