Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

Կյանքից հեռացավ եզդի ժողովրդի արժանավոր զավակը

 Ինձ համար դժվար է հավատալ հաղորդագրությանը,որը տարածվում է Գերմանիայի քաղաքներից  մեկից: Հիվանդանոցներից մեկում բարդ վիրահատության էր ենթարկվել և բոլորս էինք հավատում,որ բարձրյալը կփրկի նրան: Սակայն ստացված լուրը ավելի քան դաժան է... Հիվանդությունը գլուխ էր բարձրացրել դեռ ամռանը: Գնալով Գերմանիա  բժշկական ստուգման, ասել էր՝ կվերադառնամ,երբ Ակնալճի եզդիական սրբատեղիում բացված կլինի Տաուսե Մալակի տաճարը։ Սեպտեմբերի 29-ին տասնյակ հազարավոր մարդկանց ներկայությամբ կայացավ աշխարհի ամենամեծ՝ 29 մետր թռիչք ունեցող,մարմարակերտ,մեկ մեծ և յոթ գմբեթներ ունեցող   տաճարի օծման արարողությունը։ Ուրախ ու երջանիկ էր նա, չնայած անզեն աչքով նկատվում էր, որ առողջական անհանգստություն ունի։ Ուժերը հավաքելով՝ ելույթ ունեցավ՝կարևորելով հայ-եզդիական անխախտ բարեկամությունը։ Ավելացրեց,որ կուզենար,որ այս սրբատեղին  դառնար երկրորդ Լալըշ և դեպի իրեն ձգեր համայն աշխարհի եզդիներին։ Այդ օրը սիրով դիմավորեց Հայաստանի Ազգային ժողովի նախագահին,նրա հետ միասին մասնակցեց ազգային հերոս Դավրիշե Ավդիի և Շանգալի եզդիների ցեղասպանության(2014թ.) հուշարձանի բացմանը,տաճարի օծմանը։ «Հիմա կարծես թե արդեն հանգիստ եմ,-ասաց նա,-քանի որ հիմնական երազանքս ու նպատակս իրականություն են։ Այստեղ դեռ նոր արձաններ են դրվելու,հանգստի գոտիներ են ստեղծվելու,գործելու է կրթամշակութային կենտրոնը»։

Իր ողջ էությամբ նվիրված  էր Ակնալճի եզդիական սրբատեղիին,որը հենց ինքն էր հիմնադրել 2012 թվականին՝Սըլթանե էզդիի տաճարով։Նա անընդհատ այստեղ զարգացում էր տեսնում, փոփոխություններ։Կարծես մոռացել էր,որ Մոսկվայում էր ապրում ու այնտեղ էլ գործեր ուներ։Ակնալճի սրբատեղին իր գործունեության հիմնական վայրն էր դարձել։ Օդանավից իջնում էր ու շտապում այնտեղ, քանի պետք է տեղյակ լիներ ու տեսներ,թե ինչպես է քարը քարի վրա դրվում կամ ինչպիսին պետք է լինեն ծաղկանոցները, ծառերը և կանաչ տարածքները։ Նրա համար մանրուք ու երկրորդական որևէ բան չկար։ Եվ պատահական չէր, որ նա ելույթում ներողամտություն հայցեց շինարարներից չափից ավելի պահանջկոտ ու բծախնդիր լինելու համար։Բայց նա գիտեր,թե ինչու էր այդպես վարվում,քանի որ  նա կառուցում էր ապագայի համար։Միրզան սրբատեղիում և նախագծող էր,և ճարտարագետ,և շինարար,և խորհրդատու։ Ցանկանում էր,որ սրբատեղին ավելի արագ կայանար և դառնար իսկական հոգևոր ու կրթամշակութային կենտրոն։Իր ազգի նվիրյալն էր.հայ ժողովրդի  հետ եղբայրության և բարեկամության ամենացայտուն կրողը,այդ ամենի իրական արտահայտողը։Եվ պատահական չէր,որ նա սրբատեղիի հուշարձանային  համալիրը անվանեց «Հայ և եզդի ժողովուրդների բարեկամության»՝տեղադրելով դրա խորհրդանիշ հուշարձանը,եզդիների արժանավոր զավակների՝ Ջհագիր աղայի և Ուսուբ Բեգի կողքին՝նրանց լավագույն բարեկամների՝ Անդրանիկ զորավարի և Կոմիտաս վարդապետի արձանները։ Հայոց ցեղասպանության 100-ամյակի առթիվ սրբատեղիում տեղադրվեց Մեծ Եղեռնի  նահատակների հիշատակի հուշարձանը։ Նրա աչքից ոչինչ չէր վրիպում,դեռ ավելին անընդհատ մտքեր էր հուշում.նա չմոռացավ եզդի  ժողովրդի արժանավոր դստերը՝Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Նադյա Մուրադին և նրա կերպարով կերտվեց Շանգալի ցեղասպանության  զոհերի հուշարձանը։ Մարդկային լավագույն հատկանիշներն ուներ՝ հասնում էր կարիքի,դժվարության մեջ գտնվողին,ոչինչ չէր մոռանում,խոստացածը՝գործ էր,մեծ էր սերը և երախտագիտությունը Հայաստան աշխարհի նկատմամբ։ Նա այս աշխարհից  հեռացավ բազում ծրագրեր ու նպատակներ կիսատ թողած,որը  փոխանցվելու է իր զավակներին ու թոռներին։ Եվ պատահական չէ,որ նա առաջին հերթին  հենց նրանց  էր սերմանում այն արժեքային  համակարգը,որին դավանում էր ինքը և վստահ էր,դրա  միջոցով է  հնարավոր պահպանել ազգային լինելությունը և ինքնությունը։ Միրզա Սլոյանի  մասին կարելի է և պետք է շատ խոսել ու գրել, բայց հիմա ,երբ դեռ չենք հանձնել նրան մայր հողին,կուզենայի խոր վշտակցությունս ու ցավակցությունս  փոխանցել եզդի ժողովրդին, իմ մտերիմ ու հարազատ ընկերոջ՝Միրզա Սլոյանի,մերձավորներին ու բարեկամներին,նրա հայ և այլազգի ընկերներին ու բոլոր նրանց,ովքեր  այսօր սգում  են բոլորիս մեծ կորուստը ։ Վստահ եմ , որ բոլորս ենք զգալու նրա կարիքը։  

Եղբարական վշտակցությամբ ու սիրով՝

Սերգո Երիցյան,

Բան. Գիտ. դոկտոր,պրոֆեսոր